ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

«Օկուպացւած Արցախի տարածքներում Ադրբեջանական օդանաւակայանները՝ պլացդարմ Իրանի դէմ»

Կարող են իրականացւել հետախուզական թռիչքներ կամ նոյնիսկ օդային յարձակումներ

Բաքւում կայացած ռազմական արդիւնաբերութեան ADEX 2024 հինգերորդ ցուցահանդէսի շրջանակում Ադրբեջանը եւ Իսրայէլը ռազմական համագործակցութեան նոր պայմանագրեր էին ստորագրել, մասնաւորապէս ռազմական արդիւնաբերութեան ոլորտում: Բացի այս, Ադրբեջանն իր զինանոցում եղած առկայ խորհրդային տանկերն արդիականացնում է իսրայէլական ընկերութեան միջոցով:

Այս եւ այլ ռազմական հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագէտ Վիտալի Մանգասարեանի հետ:

«Ադրբեջանը հանդիսանում է Իսրայէլի կարեւոր գործընկերը ե՛ւ սպառազինութեան ձեռքբերման, ե՛ւ տեխնոլոգիաների փոխանակման ուղղութիւններում, յատկապէս նկատելի է Ադրբեջանի կողմից իսրայէլական արտադրութեան նորագոյն ռազմական տեխնիկայի եւ զէնքերի ձեռքբերումը։ Առհասարակ, Ադրբեջան-Իսրայէլ ռազմական համագործակցութիւնը վերջին տարիներին ակտիւօրէն զարգացել է, եւ ինչպէս նշեցինք, ունի մի շարք առանցքային ուղղութիւններ, դրանից բխող նոր պայմանագրեր, որոնք վերաբերում են ռազմական տեխնոլոգիաների փոխանմանը եւ ադրբեջանական տեխնիկայի արդիականացումը: Ադրբեջանը ստանում է Իսրայէլի տեխնոլոգիական աջակցութիւնը տանկերի եւ այլ ծանր տեխնիկայի արդիականացման համար, օրինակ, T-72 տանկերն արդիականացւում է իսրայէլական Elbit Systems ընկերութեան հետ համագործակցութեամբ, ինչը ենթադրում է նորագոյն զրահապատ համակարգեր, թիրախաւորման եւ կրակի կառավարման ժամանակակից համակարգեր, ինչպէս նաեւ՝ կամիկաձէ դրոններից պաշտպանող կոնստրուկցիա եւ այլն: Տանկի, այսպէս ասած, ներքին փոփոխութիւնները շատ չեն գաղտնազերծւում: Ինչ վերաբերում է Ադրբեջանի զինանոցում առկայ Տ-90 տանկերին, ապա քանի որ այս դէպքում գործ ունենք ռուսական առաւել ժամանակակից տեխնոլոգիաների հետ, ադրբեջանական աղբիւրների փոխանցմամբ, Ադրբեջանը դրանք արդիականացնելու յստակ պլաններ դեռ չունի:

Իսկ Իսրայէլի եւ Ադրբեջանի համագործակցութիւնն իր ազդեցութիւնն ունի տարածաշրջանում, հաշւի առնելով Իրանի եւ Իսրայէլի միջեւ լարւած յարաբերութիւնները, Իսրայէլի կողմից տրամադրւող ռազմական աջակցութիւնն Ադրբեջանին կարող է դիտարկւել որպէս իրանական ռազմավարական շահերին սպառնացող գործօն։ Եւ դա աւելացնում է լարւածութիւնը տարածաշրջանում, յատկապէս եթէ Ադրբեջանը օգտագործի այս տեխնոլոգիաներն Իրանի սահմանամերձ գօտիներում»,- ասել է Մանգասարեանը:

– Ի դէպ, ադրբեջանական միջազգային օդանաւակայանները օկուպացւած Արցախի տարածքում ի՞նչ ռիսկ են ներկայացնում, կարո՞ղ են պլացդարմ լինել յանուն Իսրայելի կամ ընդդէմ Իրանի:

– Ադրբեջանի օդանաւակայանները, յատկապէս նրանք, որոնք մօտ են Իրանի սահմանին, կարող են դիտարկւել որպէս պոտենցիալ հարթակ Իսրայէլի հետախուզական կամ ռազմական գործողութիւնների համար՝ ընդդէմ Իրանի։ Այս օրերին Իսրայէլն ու Իրանն ունեն չափազանց լարւած յարաբերութիւններ, եւ Իսրայէլը յաճախ դիմում է հեռահար յարձակումների՝ նպատակ ունենալով վնասել Իրանի միջուկային կամ ռազմական օբիեկտները։

Այդ օդանաւակայաններից Ադրբեջանի դիրքը ռազմավարական է Մերձաւոր Արեւելքում եւ Կովկասում, ինչն Իսրայէլի համար կարող է որպէս հարթակ ծառայել՝ հնարաւորութիւն տալով իրականացնել հսկողութիւն եւ մոնիտորինգ Իրանի գործողութիւնների նկատմամբ, եւ եթէ Իրանը դա դիտարկի իր ազգային անվտանգութեան սպառնալիք, դրան կը հետեւեն համարժէք գործողութիւններ։

Տարբեր առիթներով բազմիցս նշել եմ, որ Ադրբեջանը 44-օրեայ պատերազմում իր ունեցած յաջողութիւնների համար պարտք է Իսրայէլին եւ այդ պարտքը վաղ թէ ուշ պէտք է վերադարձնել, իսկ Իսրայէլի համար պարտքը հետ ստանալու լաւագոյն սցենարն այն է, որ Ադրբեջանը շարունակի տարածք տրամադրել Իրանի դէմ գործողութիւնների համար։ Բնականաբար, Ալիեւը փորձելու է հնարաւորինս խուսափել Իրանի դէմ ուղիղ առճակատումից, լաւ հասկանալով, թէ դա ինչպիսի հետեւանքներ կարող է ունենալ։ Դիտարկելով Իսրայէլի հետ օրէցօր աճող փոխվստահութեան մթնոլորտը, կարող ենք եզրակացնել, որ Ադրբեջանը ինչ-որ փուլում գնալու է Իսրայէլի հետ համաձայնութեան, այդպիսով վերադարձնելով պարտքը։

– Ադրբեջանը, իհարկէ, ռազմական համագործակցութիւններ է ամրապնդում նաեւ 44-օրեայում իրեն աջակցած Պակիստանի հետ: Մասնաւորապէս, Ադրբեջանը Պակիստանից գնել է JF-17C Block-3 կործանիչներ: Խօսքը 5 էսկադրիլի մասին է՝ բաղկացած 60 կործանիչներից, պայմանագրի արժողութիւնը մօտ 1,6 մլրդ. դոլար է:

– Այդ կործանիչներն արդէն համալրել են Ադրբեջանի զինանոցը: JF-17C Block-3-ը համարւում է այս կործանիչի վերջին եւ ամենաարդիականացւած տարբերակը, որը մշակւել է Պակիստանի եւ Չինաստանի համատեղ նախագծով: Ադրբեջանը շարունակում է մեծ ուշադրութիւն դարձնել իր ռազմաօդային ուժերի արդիականացմանը։ Այս գործարքը նաեւ աւելի է խորացնում Պակիստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցութիւնը։

Կործանիչների հիմնական առանձնայատկութիւնն են.

Ալեհաւաքային համակարգեր՝ AESA ռադար, որը թոյլ է տալիս յայտնաբերել թիրախներն աւելի մեծ հեռաւորութիւնների վրայ։

Մարտավարական բազմակողմանիութիւն՝ ի վիճակի է կրակել ինչպէս օդ-օդ, այնպէս էլ օդ-ցամաք հրթիռներով։

Ռազմական ինքնավարութիւն՝ նորացւած էլեկտրոնային պատերազմի միջոցներ, ինչպիսիք են ակտիւ պաշտպանական համակարգերը եւ թիրախների յայտնաբերման բարձր հզօրութեամբ համակարգերը։

Block-3 տարբերակը ներառում է 4+ սերնդի կործանիչների հնարաւորութիւններ, ինչպիսիք են աւելի հզոր շարժիչները, տւեալների մշակումն ու ինքնավարութիւնը։

Այս կործանիչները կարող են օգտագործւել ինչպէս օդային գերակայութիւն ստանալու, այնպէս էլ թիրախների դիպուկ հարւածներ հասցնելու համար։

– Այս համատեքստում անդրադառնանք ՀՀ ռազմական խնդիրներին, այդ թւում՝ տեխնիկայի արդիականացման հետ կապւած: Մամուլում տեղեկութիւններ եղան, որ Հայաստանը Հնդկաստանի հետ բանակցում է իր SU-30-ներն արդիականացելու շուրջ: Թէ որքանո՞վ է սա համապատասխանում իրականութեանը, կամ ի՞նչ արդիւնք կը տան բանակցութիւնները, ժամանակը ցոյց կը տայ: Իսկ, ըստ Ձեզ՝ ՀՀ զինանոցում առկայ ո՞ր ռազմական տեխնիկան պիտի արդիականացւի այսօր:

– Հնդկաստանի միջոցով Հայաստանի կողմից SU-30 կործանիչների արդիականացման մասին տեղեկութիւնները կարող են հիմնւած լինել հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցութեան ծրագրերի վրայ, սակայն պաշտօնական կամ հաստատւած տւեալներ այս պահին չկան։ Կարեւոր է արձանագրել, որ Հնդկաստանն ունի մեծ փորձ ռուսական SU-30MKI կործանիչների արդիականացման ոլորտում։

Ինչ վերաբերում է ՀՀ զինանոցում առկայ ռազմական տեխնիկայի արդիականացման անհրաժեշտութեանը, իմ կարծիքով, մի քանի ուղղութիւններ առանձնապէս կարեւոր են.

Առաջին. ՀՀ-ն պէտք է աշխատի SU-30 կործանիչների արդիականացման վրայ՝ օգտագործելով նոր ռադարային եւ էլեկտրոնային համակարգեր։ Սա հնարաւորութիւն կը տայ աւելի արդիւնաւէտ կիրառել այս կործանիչները հակաօդային պաշտպանութեան եւ յարձակողական գործողութիւնների համար։ Արդիականացումը նաեւ պէտք է ներառի ժամանակակից հրթիռների եւ այլ օդ-օդ կամ օդ-ցամաք զինատեսակների համալրում, որոնք թոյլ կը տան բարձրացնել SU-30-ի մարտական ունակութիւնները։

Երկրորդ. ՀՀ-ում հակաօդային պաշտպանութեան համակարգերը պահանջում են արդիականացում՝ հաշւի առնելով անօդաչու թռչող սարքերի եւ ժամանակակից օդային սպառնալիքների տարածումը։ Հնարաւոր է նոր համակարգերի գնում կամ արդէն առկայ տեխնոլոգիաների արդիականացում։

Երրորդ. T-72 եւ T-55 տանկերը պահանջում են տեխնոլոգիական արդիականացում՝ նոր զրահապատ պաշտպանութեամբ, շարժիչային համակարգերով եւ մարտավարական համակարգերով։ Նման արդիականացումը թոյլ կը տայ բարձրացնել նրանց մարտական արդիւնաւէտութիւնը ժամանակակից պայմաններում:

Չորրորդ. Հայաստանի հրետանային համակարգերը պէտք է անցնի արդիականացում, ներառեալ տեխնոլոգիական աւելացումները (դիտարկման համակարգեր, հեռահար նշանառութիւն եւ այլն):

Հինգերորդ. Անօդաչու թռչող սարքերը դարձել են ժամանակակից ռազմական գործողութիւնների անբաժան մասն ու մեծ դեր են խաղում յատկապէս հետախուզական եւ մարտավարական նպատակներով։ ՀՀ-ին անհրաժեշտ է ինչպէս ԱԹՍ-ների մեծ ծաւալի արտադրութիւն, այնպէս էլ գործող սարքերի արդիականացում։

Վեցերորդ. Չափազանց կարեւոր է նաեւ արդիականացնել ԶՈՒ կառավարման համակարգը, ինչը կը նպաստի իրական ժամանակում փոխանցել համապատասխան տեղեկատւութիւն հրամանատարական կէտեր՝ զօրքերի վիճակի, սպառազինութեան վերաբերեալ եւ այլ կարեւոր տւեալներ:

Այս ամէնը մեծապէս կը նպաստի ՀՀ զինւած ուժերի մարտունակութեան բարձրացմանը՝ հաշւի առնելով տարածաշրջանում օր-օրի աճող սպառնալիքները։

Զրոյցը՝ ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆԻ

Related Articles

Back to top button