Այլ

Ուղեղի կաթւածը մեծ տարիքում ճանաչողական գործառոյթների արագ անկման է հանգեցնում

Աւստրալիայի Ուղեղի առողջ ծերացման կենտրոնի (CHeBA) գիտնականները յայտնաբերել են, որ առաջին անգամ ուղեղի կաթւած ստացած տարեց մարդկանց շրջանում ճանաչողական գործառոյթների անմիջական անկում է նկատւում: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են JAMA Network Open հանդէսում:

Գիտնականներն իրականացրել են աւելի վաղ հրապարակւած 14 հետազօտութիւնների մետա-վերլուծութիւն (մէկ կամ մի քանի փոխկապակցւած գիտական հիպոթէզների ստուգման համար վիճակագրութեան եղանակներով մի քանի հետազօտութիւնների արդիւնքների միաւորում): Գիտափորձին մասնակցում էին 11 երկրներից ուղեղի կաթւած կամ դեմենցիայի հիւանդութեան պատմութիւն չունեցող տարեցներ: Մասնակիցների միջին տարիքը 73 տարեկան էր։ Տարիների ընթացքում գիտնականները հետեւել են հետազօտւողների առողջական եւ ճանաչողական կարողութիւնների փոփոխութիւններին:

20 հազար 860 մասնակիցների մէջ հետազօտողները յայտնաբերել են մարդկանց, որոնք առաջին անգամ ուղեղի կաթւած են ունեցել եւ այդ անախորժ իրադարձութիւնից յետոյ յայտնաբերել են նրանց մտածողութեան եւ յիշողութեան խանգարումներ: Պարզւել է, որ տարեց մարդկանց շրջանում ուղեղի կաթւածից յետոյ ճանաչողական հմտութիւնների արագ, երկարաժամկէտ եւ զգալի նւազում է գրանցւել: Աստիճանական անկումն ազդել է խօսքի, տեղեկութեան մշակման արագութեան եւ կատարողական գործառոյթների վրայ:

Միաժամանակ պարզւել է, որ շաքարային դիաբետից, հիպերտոնիայից, սիրտ-անօթային հիւանդութիւններից եւ դեպրեսիայից տառապող անհատների շրջանում արագ ճանաչողական խանգարումներ են առաջացել՝ առանց ուղեղի կաթւածի: Համանման սպառնալիքի առաջ են յայտնւել արեան բարձր խոլեստերինի մակարդակ ունեցող մարդիկ եւ ծխողները:

Related Articles

Back to top button