Շաքարաւազով եւ քաղցրացուցիչներով սուրճն աւելի ուժեղ է փոխում կենսաբանական ժամացոյցը
Հիրոսիմայի համալսարանի Կենսաբժշկական գիտութիւնների եւ առողջութեան բարձրագոյն դպրոցի գիտնականները պարզել են, որ կոֆէինը շաքարով կամ արհեստական քաղցրացուցիչներով աւելի շատ է խախտում մկների ցիրկադային ռիթմերը, քան նոյն խթանիչը՝ զուգորդւած պարզ ջրի հետ: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Science of Food (SF) ամսագրում:
Նախկին համաճարակաբանական հետազօտութիւնները ցոյց են տւել, որ գիշերային ապրելակերպի սիրահարները յաճախ աւելի շատ կոֆէին են օգտագործում, քան վաղ արթնացողները: Նոր փորձը ցոյց է տւել, որ կոֆէին պարունակող ըմպելիքներին բնական կամ արհեստական քաղցրութիւն աւելացնելը բիոռիթմի տեղաշարժ է առաջացնում։
Թիմը մկներին տւել է խմելու երկու տարբերակ՝ 0,1% կոֆէին պարունակող քաղցրացւած ջուր՝ 1% սախարոզայով կամ 0,1% սախարինով։ Քաղցր համը չի ազդել մկների խմած կոֆէին պարունակող ջրի քանակի վրայ։ Սակայն, կենդանիները, որոնք օգտագործում էին կոֆէինի եւ քաղցրաւենիքի խառնուրդ, զգօնութեան եւ քնի շատ երկար ժամանակաշրջան են ունեցել՝ 26-30 ժամ: Որոշ կրծողներ, նման ըմպելիքի ազդեցութեան տակ, նոյնիսկ գիշերային գործունէութիւնից անցել են ցերեկային գործունէութեան։
Էֆեկտի առանձնայատկութիւնն այն էր, որ այն պահպանւում էր նոյնիսկ մշտական մթութեան մէջ։ Գիտնականների կարծիքով՝ դա վկայում է այն մասին, որ կոֆէինի եւ քաղցրացուցիչների ազդեցութիւնը տեղի է ունենում անկախ կենսաբանական ժամացոյցի հիմնական կենտրոնի՝ ուղեղի սուպրախիազմատիկ միջուկի գործունէութիւնից։
Հետազօտողները կարծում են, որ կոֆէինի եւ շաքարի համադրութիւնը կարող է հակասական ազդանշաններ ուղարկել մարմնին՝ ակտիւացնելով պարգեւատրման համակարգը եւ ազատելով դոֆամինը, ինչը, հաւանաբար, առաջացնում է բիոռիթմի փոփոխութիւններ: Հետագայում գիտնականները նախատեսում են շարունակել ուսումնասիրել այս էֆեկտի կապը դոֆամինային պրոցեսների հետ եւ ստուգել, թէ ինչպէս է նման ըմպելիքն ազդում մարդու վրայ։
News.am