Հայերին Լիբանանից տարհանելու պահանջ հայ համայնքը ՀՀ-ի առաջ չի դրել
Լիբանանահայութիւնը ՀՀ իշխանութեան առաջ հարց չի բարձրացրել` համայնքին տարհանելու վերաբերեալ: «Փաստինֆօ»-ին ասաց Միջին Արեւելքի Հայ Դատի գրասենեակի պատասխանատու Վերա Յակուբեանը` նշելով, որ եթէ անգամ հայեր մեկնում են, ապա դա իրենց անհատական որոշումն է:
Լիբանանի ռմբակոծութիւններն ու Լիբանանի հարաւային սահմաններին լարւած իրավիճակը, ինչպէս նշեց Վերա Յակուբեանը, շարունակւում է: Նրա փոխանցմամբ` օրերս ռմբակոծութիւններն ուժգնացել են, բայց ընդարձակւելու մասին լուր չկայ, ռմբակոծութիւնները թիրախային են, «կատաղի, բայց՝ թիրախային»:
«Օրինակի համար երեք օր առաջ Տրիպոլիում մի յարկաբաժին ռմբակոծեցին, որտեղ կրկին պաղեստինցի ղեկավարի տուն կար: Երբ պարզում են ղեկավարի բնակութեան վայրը, որին պէտք է սպանեն, ռմբակոծում են: Հայկական շրջաններում, բնականաբար, ոչ մի նման ղեկավար չի բնակւում, համեմատաբար ապահով է եղել, եւ այդպէս էլ պահպանւում է: Հայերին վտանգ չկայ, ինչպէս վտանգւած չեն դեռեւս այլ քրիստոնեայ համայնքները»,- ասաց Վ. Յակուբեանը:
Ինչ վերաբերում է հայութեանը տարհանելու հարցին, ապա նրա գնահատմամբ, դեռեւս իրօ՛ք չկայ նման անհրաժեշտութիւն:
«Ովքե՞ր պէտք է դուրս գան Լիբանանից»,- հարց հնչեցրեց մեր զրուցակիցը ու ինքն էլ պատասխանեց` ովքեր ունեն ՀՀ քաղաքացիութիւն:
«Մէկը ես, որ ունեմ երկքաղաքացիութիւն, բայց դեռ մտքովս չի անցնում մեկնել»,- ասաց նա` նշելով, որ թռիչքներ կան, մասնաւորապէս լիբանանեան աւիաուղիներն իրականացնում են, բայց օդանաւակայանի ճանապարհն անվտանգ չէ, այդ ճանապահին լինում են ռմբակոծութիւններ:
«Այնպէս չէ, որ Լիբանանն այլ ճանապարհներ չունի, ծով էլ ունի, միւս կողմերից բաց է, Լիբանանի իշխանութիւնները վստահեցնում են, որ մի քանի ամսւայ սնունդ կայ երկրում, սննդի պակասի խնդիր դեռ չենք զգացել, քրիստոնէական թաղամասերի, շրջանների հետ կապւած խնդիր դեռ չենք զգացել, եթէ արեւմտեան երկրներն իրենց քաղաքացիներին անգամ տարհանում են, դա իրենց ծայրայեղ զգուշաւորութիւնն է, միակ վտանգը, որ կայ` օդանաւակայանի ճանապարհն է, որը ռմբակոծւում է: Հարաւի սահմանների իրավիճակը հետեւեալն է՝ Իսրայէլը յայտարարում է ցամաքային սահմանով գալու որոշման մասին, բայց մարտերը թէժ են, դժւար է մտնելը, եթէ մտնեն, շատ զոհերի գնով կը լինի: Լիբանանի հարաւի 20 գիւղերի բնակիչներին յորդորել են լքել գիւղերը: Հարաւի շիա համայնքի գիւղերից դուրս են եկել բնակիչները:Կան մի քանի քրիստոնեայ գիւղեր, որոնց ժողովուրդն էլ սկսել են դէպի Բէյրութ, լեռնային Լիբանան, նաեւ մեր կողմերը տեղափոխել»,- ասաց հայկական համայնքի ներկայացուցիչը` աւելացնելով, որ փախստականների համար առաջին անհրաժեշտութեան սնունդ, տաք ծածկոցներ, հագուստ ապահովում են ՀԿ-ները, անհատները, կրօնական համայնքները: