Մեղադրեալի աթոռին Արցախն է՝ ե՛ւ Բաքւում, ե՛ւ Երեւանում

Զուգահեռ դատական նիստեր են տեղի ունենում Երեւանում ու Բաքւում։
Ովքե՞ր են մեղադրեալի աթոռին հէնց այս պահին Բաքւում.
Արկադի Ղուկասեան – Արցախի Հանրապետութեան երկրորդ նախագահ:
Բակօ Սահակեան – Արցախի Հանրապետութեան երրորդ նախագահ:
Արայիկ Յարութիւնեան – Արցախի Հանրապետութեան չորրորդ նախագահ:
Դաւիթ Իշխանեան – Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ:
Ռուբէն Վարդանեան – Արցախի Հանրապետութեան նախկին պետական նախարար:
Լեւոն Մնացականեան – Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան նախկին նախարար, գեներալ-լէյտենանտ:
Դաւիթ Բաբայեան – Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախկին նախարար:
Դաւիթ Մանուկեան – Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր:
2025 թ․, փետրւարի 11, Երեւան։
Շարունակւում է սահմանադրական կարգի ենթադրեալ տապալման վերաբերեալ հակասահմանադրական ճանաչւած գործով վերաբացւած դատական նիստը։
Ովքե՞ր են մեղադրեալի աթոռին հէնց այս պահին Երեւանում.
Ռոբերտ Քոչարեան – Արցախի Հանրապետութեան առաջին, Հայաստանի Հանրապետութեան երկրորդ նախագահ:
Սէյրան Օհանեան – Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան նախկին նախարար, Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախկին նախարար, գեներալ-գնդապետ:
Իւրի Խաչատուրով – Հայաստանի Հանրապետութեան զինւած ուժերի գլխաւոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխաւոր քարտուղար, 1992-ից ակտիւօրէն մասնակցել է ՀՀ պետական սահմանի պաշտպանութեանը եւ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողութիւններին, գեներալ-գնդապետ:
Ովքե՞ր են դատաւորները
Բաքւում՝
Զէյնալ Աղաեւ – Յայտնի է որպէս լրագրողների դէմ դատական գործերով, նաեւ որպէս «Նարդարանի» գործով դատաւոր։ Այդ գործով մի շարք անձինք մեղադրւում էին Ալիեւի ռեժիմի դէմ յեղաշրջման ծրագրման մէջ։
Ջամալ Ռամազանով – Աչքի է ընկել 2020 թւականի պատերազմից յետոյ հայ գերիներին դատելով։
Երեւանում՝
Սարգիս Ռաֆիկի Պետրոսեան – Ծնւած՝ 1990 թւականին, 35 տարեկան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան նախկին անդամ։
2018 թւականի ՀՀ ԱԺ ընտրութիւնների ժամանակ եղել է Նիկոլ Փաշինեանի գլխաւորած «Իմ քայլը» դաշինքի պատգամաւորի թեկնածու։
Նոյն դատավարութեան տուժողների ներկայացուցիչ Սարգիս Քլոյեանի դուստր Անուշ Քլոյեանն էլ դատաւոր Սարգիս Պետրոսեանի նախկին կուսակցական ընկերն է, այժմ՝ Ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր։
Սարգիս Պետրոսեանը դատաւոր է նշանակւել 2024 թ. յուլիսին, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրեանի հրամանագրով:
Ովքե՞ր են դատախազները
Ադրբեջանում՝
Քիամրան Ալիեւ – Ադրբեջանի գլխաւոր դատախազն է 2020 թւականից։ Իլհամ Ալիեւի մերձաւոր շրջանակից է։
Երեւանում՝
Աննա Վարդապետեան – Ծնւած՝ 1986 թւականին, 39 տարեկան։ 2022 թւականի յունիսի 29-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան կողմից ընտրւել է Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր դատախազ։ Մինչ այդ եղել է Նիկոլ Փաշինեանի օգնականը։
Մեղադրանքը պաշտպանում է երեք դատախազ։ Նրանցից մէկը Հայկ Յովհաննիսեանն է։
Միւսը Արմէն Օսէյեանն է, որը պաշտօնի բարձրացում ունեցաւ 2023 թ. օգոստոսից՝ Գլխաւոր դատախազութեան պետական իշխանութեան դէմ ուղղւած յանցագործութիւնների գործերով վարչութեան աւագ դատախազի պաշտօնից փոխադրւելով Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի պաշտօնին։
Մեղադրանքը պաշտպանող երրորդ դատախազը՝ Արմէն Գէորգեանը, այս դատավարութեան ընթացքում՝ յունւարի 23-ին, Նիկոլ Փաշինեանի որոշմամբ ազատւեց աշխատանքից եւ նշանակւեց Քննչական կոմիտէի նախագահի տեղակալ։ Մինչ այդ Գլխաւոր դատախազութեան բնակչութեան առողջութեան դէմ ուղղւած յանցագործութիւնների գործերով վարչութեան պետն էր։
Yerevan.today