Երկրի մանթիայում գտնւող երկու հսկայական անոմալիաների գաղտնիքը. դրանք կարող են լինել հնագոյն մոլորակի մնացորդներ
«ԱԼԻՔ» – Nature-ում հրապարակւած միջազգային գիտնականների նոր հետազօտութիւնը բացայայտում է Երկրի մանթիայում գտնւող երկու հսկայական անոմալիայի գաղտնիքը։ Պարզւել է, որ այս առեղծւածային կառուցւածքները կարող են լինել հնագոյն մոլորակի մնացորդներ, որի բախումը Երկրի հետ 4.5 միլիարդ տարի առաջ յանգեցրել է Լուսնի ստեղծմանը։
Ի՞նչ անոմալիաներ են թաքնւած Երկրի խորքերում
Դեռ 1980-ականներին սէյսմոլոգները յայտնաբերեցին Երկրի խորքերում գտնւող երկու հսկայական կառուցւածք՝ Խաղաղ ովկիանոսի եւ Աֆրիկայի տակ։ Այս ձեւաւորումները, որոնք յայտնի են որպէս երկրակեղեւի ցածր արագութեան գօտիներ, գիտնականներին շփոթութեան մէջ էին գցել, քանի որ դրանք դանդաղեցնում էին սէյսմիկ ալիքները, ինչը վկայում էր դրանց բարձր ջերմաստիճանի մասին։
Մինչ վերջերս համարւում էր, որ այս գօտիները կազմւած են երկրակեղեւի հնագոյն տեկտոնական սալերից, որոնք միլիոնաւոր տարիներ առաջ սուզւել են մանթիայում։ Սակայն նոր հետազօտութիւնը հերքում է այս հիպոթեզը։
Ի՞նչ ցոյց տւեց նոր հետազօտութիւնը
104 երկրաշարժերի տւեալները օգտագործելով՝ գիտնականները վերլուծեցին, թէ ինչպէս են սէյսմիկ ալիքները կորցնում իրենց էներգիան՝ անցնելով այս կառոյցների միջով։ Պարզւեց, որ էներգիայի կորուստները դրանցում նւազագոյն են, ինչը խօսում է նրանց հանքային կազմի առանձնայատուկ կառուցւածքի մասին։
«Որքան մանրահատիկ է ապարների կառուցւածքը, այնքան արագ են մարում ալիքները։ Սակայն այս անոմալիաներում մենք տեսնում ենք հակառակը, ինչը նշանակում է, որ դրանց բաղադրութիւնը կտրուկ տարբերւում է շրջապատող մանթիայից»,- բացատրում է հետազօտութեան առաջատար հեղինակ Սուխանիա Տալաւերա-Սոսան Ուտրեխտի համալսարանից։
Ի տարբերութիւն տեկտոնական սալերի, որոնք ունեն մանրահատիկ կառուցւածք, այս անոմալիաները կազմւած են շատ աւելի մեծ հանքային հատիկներից։ Սա վկայում է այն մասին, որ դրանք երկրակեղեւի մաս չեն, այլ ներկայացնում են հնագոյն երկնային մարմնի մնացորդներ, որը հարւածել է Երկրին նրա գոյութեան սկզբնական փուլում։
Ինչպէ՞ս դա կը փոխի մեր պատկերացումները Երկրի մասին
«Այս բացայայտումը փոխում է մեր պատկերացումները Երկրի պատմութեան եւ ներքին կառուցւածքի վերաբերեալ»,- նշում է սէյսմոլոգ Առւէն Դէսը։
Բացի այդ, հետազօտութիւնը ցոյց է տալիս, որ Երկրի մանթիան շատ աւելի կայուն է, քան կարծում էինք։ Եթէ այս կառուցւածքները միլիարդաւոր տարիներ մնացել են անփոփոխ, ապա դա նշանակում է, որ Երկրի խորքերում նիւթերի խառնման գործընթացներն ընթանում են աւելի դանդաղ, քան մինչ այժմ ենթադրւում էր։
Այժմ գիտնականները նախատեսում են պարզել, թէ ինչպէս են այս առեղծւածային ձեւաւորումները ազդել Երկրի էւոլիւցիայի վրայ եւ արդեօք դրանց կազմում իսկապէս թաքնւած են այն հնագոյն մոլորակի մնացորդները, որը դարձել է Լուսնի ձեւաւորման պատճառը։