Սուրճի կանոնաւոր օգտագործումը կարող է նւազեցնել լեարդի ցիռոզի առաջացման ռիսկը

Չինացի գիտնականները պարզել են, որ սուրճի կանոնաւոր օգտագործումը կարող է նւազեցնել երիկամների եւ լեարդի հիւանդութիւնների ռիսկը։ Նման ազդեցութիւնը կապւած է ըմպելիքի կենսաբանօրէն ակտիւ միացութիւնների մետաբոլիտների հետ, այլ ոչ թէ բուն կոֆէինի կամ առանձին նիւթերի։ Աշխատանքի արդիւնքները հրապարակւել են Food & Function (F&F) ամսագրում։
Հեղինակները վերլուծել են նախկինում հրապարակւած ուսումնասիրութիւնները այն մասին, թէ ըմպելիքի որ բաղադրիչներն են իրականում անցնում արեան հոսք, ինչպէս են դրանք վերամշակւում աղիքային միկրոբիոտայի կողմից եւ որ վերամշակւած մոլեկուլներն ունեն արտայայտւած կենսաբանական ազդեցութիւն։ Արդիւնքները ցոյց են տւել, որ հէնց քլորոգենաթթուների, դիտերպենների եւ այլ միացութիւնների մետաբոլիտներն են օժտւած արտայայտւած հակաբորբոքային եւ հակաօքսիդանտային յատկութիւններով։
Խոշոր կոհորտային եւ կլինիկական ուսումնասիրութիւնների համակարգւած տւեալները ցոյց են տալիս, որ սուրճի կանոնաւոր օգտագործումը կապւած է ցիռոզի, հեպատոցելիւլիար քաղցկեղի, լեարդի ոչ ալկոհոլային ճարպային հիւանդութեան եւ երիկամների քրոնիկ հիւանդութիւնների աւելի ցածր ռիսկի հետ։ Ընդ որում, գիտնականների կարծիքով, առանցքային դեր են խաղում ոչ թէ ըմպելիքի ելակէտային մոլեկուլները, այլ դրանց փոխակերպման արգասիքները, որոնք շրջանառւում են արեան մէջ եւ ազդում հիւսւածքների վրայ։
Պաշտպանիչ ազդեցութեան ուժի վրայ ազդում է նաեւ պատրաստման եղանակը։ Զտումը, բովման աստիճանը եւ աղալու պրոցեսը փոխում են ակտիւ միացութիւնների կոնցենտրացիաները եւ դրանց կենսամատչելիութիւնը։ Հետազօտողները նաեւ ընդգծում են զգալի անհատական փոփոխականութիւնը։ Նիւթափոխանակութեան գենետիկական առանձնայատկութիւնները եւ աղիքի միկրոբիոտայի կազմը կարող են որոշել սուրճի թողած ազդեցութիւնը։
News.am



