Դաշնակցական Բեմ

Քարոզչական ձեռնածութիւնը իշխանութեան ինքնապահպանման երաշխիք

(Մաս 2)

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

 

«Դրօշակ»-ի սոյն թւականի 10-րդ համարում հրապարակւել էր այս յօդւածի առաջին մասը, որտեղ անդրադարձել էի ստի ու կեղծիքի նիկոլփաշինեանական քարոզչական մանիպուլիացիաներին։ Խաբկանքի ծխածածկոյթի յետեւում նա մշտապէս փորձել է թաքցնել իր իրական քաղաքականութիւնը՝ այն հանրութեանը մատուցելով բոլորովին այլ լոյսի ներքոյ։ Այդ առումով թերեւս աւելի հեշտ է եղել խեղաթիւրւած ներկայացնելը արտաքին քաղաքականութեան ասպարէզում իրականացրած մարտավարական եւ ռազմավարական նշանակութեան քայլերը, քանի որ անկախ Հայաստանում երբեք արտաքին քաղաքականութիւնը չի եղել հասարակութեան համար այնքան փակ, որքան ժողովրդավարութեան եւ թափանցիկութեան կարգախօսերով իշխանութեան հասած ՔՊ-ական ուժի օրօք։

Դժւար է չյիշելը իշխանութեան վրայ հաստատւող Նիկոլ Փաշինեանի ելոյթը Հանրապետութեան հրապարակում 1918 թւականի օգոստոսի 17-ին, որի ժամանակ նա վստահեցնում էր, թէ երկրի ու ժողովրդի համար կարեւոր բոլոր որոշումներն այդուհետ կայացւելու են այդ հրապարակում, ժողովրդի կողմից եւ նրա համաձայնութեամբ։ Իհարկէ, դրանից յետոյ որեւէ անգամ Նիկոլ Փաշինեանը հաշւի չառաւ, թէ իր գործունէութեան վերաբերեալ ինչ կարծիք ունի ժողովուրդը, բայց դա չի խանգարում, որ Արցախի յանձնումից մինչեւ Մայր եկեղեցին քայքայելու թշնամական քաղաքականութիւնը նա իրականացնի որպէս ժողովրդի ցանկութիւն։ 1918 թւականին ԱՄՆ ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանում իշխանութեանը թելադրում էր թէ. «Հայաստանն իր միջազգային յարաբերութիւններում պէտք է հրաժարւի «պատմական կաղապարներից» ակնյայտօրէն նկատի ունենալով, որ դա նշանակում է արտաքին քաղաքականութեան մէջ արմատական շրջադարձ։

Այդ ժամանակ մարդիկ դեռեւս չէին նկատում, որ, ըստ էութեան, այդ քաղաքականութիւնն արդէն գործողութեան մէջ է։ Դեռեւս շօշափելի չէր, որ Անդրկովկասը նոյն այդ ուժերի գերիշխանութեան տակ դնելու համար զոհասեղանին պէտք է յայտնւէր Արցախը, Հայաստանը պէտք է կցւէր հակառուսականութեան սայլին եւ գլոբալ աշխարհաքաղաքական խաղի մէջ իր ինքնուրոյնութիւնն ու շահերը զիջեր տարածաշրջանում Արեւմուտքի գործիք ծառայող ադրբեջանաթուրքական տանդեմին։ Նոյն այդ նպատակով խամաճիկ իշխանութեան առջեւ խնդիր էր դրւել «պատմական կաղապարները» դուրս հանել ազգի գլխից, կտրելով նրա ներկան պատմական անցեալից, Սփիւռքից, մշակութային, կրթական ու հոգեւոր ինքնութիւնից։

Արտաքին քաղաքական շրջադարձն ապահովելու համար ՔՊ-ական իշխանութեան համար հիմնական խնդիր էր հայ հասարակութեանը տրամադրել Ռուսաստանի դէմ, որից յետոյ, Արեւմուտքի անւան տակ Հայաստանի իրական այլընտրանքը կը դառնային Ադրբեջանն ու Թուրքիան։ Նախ եւ առաջ կրկին թարմացւեց ՀՀՇ-ական ժամանակներում շրջանառւած այն թէզը, թէ ահա-ահա Ռուսաստանը փլուզւելու է ներքին հարցերի ու տնտեսական պատճառներով, պարտւելու է պատերազմում, բաժանւելու է մասերի, յայտնւելու է արեւմուտքի քաղաքական ու տնտեսական վասալութեան դերում։ Ինչպէս ասւեց, այս հեքիաթն անհրաժեշտ էր դէպի Ադրբեջան ու Թուրքիա Հայաստանի անբնական կողմնորոշումն հիմնաւորելու համար։

Հայ ժողովրդին հակառուսականութեան հիստերիայով վարակելու ինքնակործան ծրագիրը գլուխ բերելու համար Նիկոլ Փաշինեանի համար մերկապարանոց հակաքարոզչութիւնը բաւարար չէր։ Օգնութեան հասաւ Արցախի յանձնումը ռուսական դաւադրութեան հետեւանք ներկայացնելու առիթը։ Մեղադրելով ուրիշներին «դաւաճանութեան» մէջ՝ Հայաստանի իշխանութիւնը դրանով սկսեց պատճառաբանել աւանդական դաշնակցի հետ եղած յարաբերութիւնները թուլացնելու, բազմակողմ կապերը խզելու քայլերը եւ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղ ապագայ կառուցելու մահաբեր ստի ներարկումը հանրային գիտակցութեան մէջ։ Իհարկէ, միայն նիկոլական տրամաբանութեամբ կարելի է հիմնաւորել, թէ ինչպէս հեռանալով դաշնակցից, ով պատերազմում քեզ չի աջակցել, մերձենում ես նրանց հետ, ովքեր նոյն պատերազմում կոտորել են, ցեղասպանական գործողութիւններով բռնագաղթի են ենթարկել քո ժողովրդին։

Պետութիւնների անկախութեան ու ինքնուրոյնութեան չափը դիտարկելով որպէս յարաբերական երեւոյթ, անհնար է համեմատութեան եզրեր տեսնել նիկոլական իշխանութեան եւ դրան նախորդող շրջանների միջեւ։ Անշուշտ, անկախութեան առաջին տարիներից Հայաստանը գտնւել է որոշակի արտաքին ճնշումների ներքոյ՝ վարկեր տրամադրելու, միջազգային կազմակերպութիւնների առջեւ ստանձնած պարտականութիւնները կատարելու դիմաց, մարդու իրաւունքների, ժողովրդավրութեան եւ նման հարցեր առաջադրելու ձեւով։ Բայց այդ ամէնը ինչպէ՞ս համեմատել նիկոլական իշխանութեան հետ, որին Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարները ոչ միայն արգելել են Արցախի անունը տալ, այլեւ պարտադրել են իր երկրի ներսում պայքարելու Արցախի անունը տւողների դէմ։ Ինչպէ՞ս կարելի է համեմատել նախորդներին մի ղեկավարի հետ, որը թշնամիներին խոստանում է փոխել պետական սահմանադրական կարգը, անգամ հրաժարւել 35-ամեայ անկախ հանրապետութիւնից եւ, այսպէս ասած, զրոյական հիմքի վրայ հիմնել իր չորրորդ հանրապետութիւնը։ Ինչպէ՞ս աշխարհի որեւէ պետութեան ղեկավարութեան հետ համեմատես Հայաստանի այսօրւայ ղեկավարներին, երբ թշնամի հարեւանը յայտարարում է, թէ քո երկիրը արհեստական է, իրականում այն Արեւմտեան Ադրբեջանն է, եւ կրկին պէտք է այդպիսին դառնայ, ու այդ ղեկավարութիւնը լալկւածի պէս ոչ մի բողոք, ոչ մի պատասխան չի տալիս։

Այսքանից յետոյ Նիկոլ Փաշինեանն առանց ամաչելու յայտարարում է, թէ Հայաստանը երբեք այսպէս անկախ չի եղել։ Այն պարագայում, որ մի շարք տարածքներում հիմնաւորւել է ագրեսիւ թշնամին եւ դեռ նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանի տարածքով անվերահսկելի ճանապարհ ստանալու մտադրութեան մասին, երեք հարիւր հազար ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու վերաբերեալ, նախկին անկլաւներ եւ այլ Հայաստանին պատկանող տարածքներ Ադրբեջանին վերադարձնելու վերաբերեալ եւ այլն։ Հայաստանի իշխանութիւնը մէկ կողմից փորձում է ժողովրդին համոզել, թէ ինքը չէ պատերազմում պարտւելուց յետոյ Արցախը զիջել, այլ այն վաղուց զիջել էր ընդդիմութիւնը, միւս կողմից՝ ինքը եւ իրեն արբանեակ մի քանի քաղաքական խմբակներն են միայն, որ Արցախը համարում են բեռ, կտրականապէս դէմ են Արցախի վերադարձի հարցը բարձրացնելուն։ Եւ եթէ այսօրւայ ընդդիմադիրների համար Արցախի ցեղասպանութիւնն իրականացնողները թշնամիներ են, նիկոլական իշխանութեան համար նրանք բարեկամներ են, ում ագրեսիւ պահանջները չլսելու տալով՝ յայտարարում են, թէ վերջինների հետ խաղաղութիւն է հաստատւած։

Իշխանական մեծ կեղծիքներից մէկն է շրջանառւող այն սուտը, թէ Արցախը երբեք անկախ չի եղել եւ աւելին՝ այն թոկի պէս գցւած է եղել Հայաստանի վզին ու խոչընդոտել է երկրի անկախացմանը։ Որ սա լկտի ու դաւաճանական կեղծիք է, ակնյայտ է բոլոր նրանց համար, ովքեր ապրել են եւ յիշում են Հայաստանը 1994 թւականի զինադադարից յետոյ։ Եթէ սեփական իշխանութեամբ, սահմանների ամուր պաշտպանութեամբ եւ սեփական գրեթէ ինքնաբաւ տնտեսութեամբ կառուցւող ու հզօրացող Արցախը անկախ չէր, ապա որո՞նք են անկախութեան պայմանները։ Եթէ անկախ չէր Արցախը, ապա որպէս ովքե՞ր էին երկու գերտէրութիւն եւ փաստացի Եւրամիութիւնը ներկայացնող համանախագահները բանակցում Արցախի ղեկավարութեան հետ։ Որպէս ովքե՞ր էին Արցախի ղեկավարները մեկնում տարբեր երկրներ եւ ելոյթներ ունենում այդ երկրների ու միջազգային կազմակերպութիւնների բարձր ամբիոններից։

Ինչ վերաբերում է նրան որ Արցախի անկախութիւնը ճանաչւած չէր, եւ նրա կարգավիճակի շուրջ բանակցութիւնները շարունակւում էին, ապա պէտք է յիշեցնենք, որ աշխարհի մօտ 200 պետութիւնների միջեւ գոյութիւն ունեն 70-ից աւելի տարածքային, սահմանային խնդիրներ։ Այդ թւում՝ ԱՄՆ-ի ու Կանադայի, Ռուսաստանի ու Ճապոնիայի, Ռուսաստանի ու Ուկրաինայի, Չինաստանի ու Հնդկաստանի, Հնդկաստանի ու Պակիստանի եւ այլ խոշոր տէրութիւնների միջեւ։

Ակնյայտ իրողութիւն է, որ որեւէ պետութեան արտաքին քաղաքականութեան մէջ արտացոլւում են նրա շահերը։ Այսօրւայ Հայաստանի արտաքին քաղաքականութեան մէջ անիմաստ է նման տրամաբանութիւն փնտրելը։ Դրա պարզ բացատրութիւնն այն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականութիւնն անկախ չէ, այլ ամբողջովին թելադրւած է տարածաշրջանում մեծ յաւակնութիւններ ունեցող ուժերի կողմից։ Եթէ Անդրկովկասը դարեր շարունակ մեծ շահերի մրցակցութեան դաշտ է, ապա ի՞նչ տրամաբանութեամբ է Հայաստանի իշխանութիւնը դանդաղօրէն կտրում կապերը աշխարհի երկրորդ ռազմական բլոկի հետ, որի անդամ է։ Ակնյայտ չէ՞, որ այդ պարագայում Հայաստանը առանց մէկ կրակոցի յայտնւելու է ադրբեջանաթուրքական գերիշխանութեան տակ։ Եթէ ակնյայտ փաստ է, որ տնտեսութիւնն ու քաղաքականութիւնը սերտօրէն շաղկապւած են, ապա Ադրբեջանի տարածքով Ադրբեջանին ցեղակից ու դաշնակից Ղազախստանից հացահատիկի ներկրումը ինչ է նշանակում, եթէ ոչ կամովին գնալ լրջագոյն կախւածութեան քո երկրի նկատմամբ տարածքային յաւակնութիւն ունեցող թշնամուց։ Սրան կարելի է աւելացնել շատ աւելի տագնապայարոյց օրինակ, որպիսին է Ռուսական գազը ժամանակի ընթացքում ադրբեջանականով փոխարինելու յայտարարութիւնները։ Իսկ եթէ Ռուսաստանը որոշի խզել տնտեսական, էներգետիկ եւ միւս կապերը Հայաստանը քանի օր կը դիմանայ։

Վերջերս ռուսական անվտանգութեան մարմինները յայտարարեցին, թէ Հայաստանը պատրաստւում է հացահատիկ ներկրել Ուկրաինայից։ Սա իհարկէ ոչ միայն հակառուսականութեան ակնյայտ ժեստ է, այլեւ հակառուսական կոալիցիային միանալու կեցւածք։ Ինչո՞ւ է Հայաստանի ղեկավարութիւնը այսպիսի ծրագրերի տուրք տալիս, որոնք նախ վտանգաւոր են իր համար, այնուհետեւ հակասում են պարզ տրամաբանութեանը, երբ յաղթող կողմին առնւազն չհակադրւելու փոխարէն գնում ես 35 տարի ընդդէմ քեզ գործած ուժերի հետ գործակցած եւ այսօր փլուզւող պետութեան հետ գործակցութեան։ Կարծում եմ, այլ բացատրութիւն չկայ, քան արտաքին պարտադրանքը։ Այն ժամանակ երբ տեղի է ունենում կոշտ աշխարհաքաղաքական բախում, արտաքին յայտնի ուժերը Հայաստանի անսկզբունք իշխանութիւնների հնարաւոր խուսանաւումները կանխելու համար ստիպում են նրան՝ վերջնականապէս այրելու կամուրջները Ռուսաստանի հետ։

Պէտք է նկատի ունենալ, որ պարտւելով Ռուսաստանին Ուկրաինական ճակատում, Արեւմուտքը փորձում է նրա նկատմամբ ռեւանշի հասնել Անդրկովկասում եւ Միջին կամ Կենտրոնական Ասիայում։ Այս խորապատկերի վրայ Հայաստանին թելադրւում է անել այն, ինչ նա հլու կատարում է՝ դէմ գնալով ազգային շահերին։ Վերջինիս քայլերի տրամաբանութիւնը բխում է միանգամայն այլ մեկնակէտից. նա ձգտում է առեւտրի հանելով ազգային շահերը, որպէս վարձ առաջիկայ ընտրութիւններում ստանալ արտաքին ուժերի խիստ անհրաժեշտ աջակցութիւնը։

Այդ քաղաքականութեան ակնառու դրսեւորումներից մէկն էլ այն է, որ երբ թշնամի հարեւանը զբաղւած է արտաքին ակտիւ եւ բազմակողմ քաղաքականութեամբ, հզօրացնում է բանակն ու սպառազինութեան մակարդակը, աշխարհաքաղաքական փոթորկոտ անցուդարձից կտրւած իշխանութիւնը Հայաստանում պայքարում է հոգեւոր առաջնորդին գահընկեց անելու եւ Հայ Առաքելական Եկեղեցու կազմաքանդման արտաքին պատւէրի իրականացման ուղղութեամբ։ Նիկոլական քարոզչութիւնը բոլոր այս քայլերն անում է խօսելով ժողովրդի անունից, ծուռ հայելու մէջ ներկայացնելով իրականութիւնը՝ ներկայանալով որպէս տարածաշրջանում թւացեալ խաղաղութիւն ճարտարապետ։

Անշուշտ, ժամանակը բացայայտում է այդ ամէնի սնանկութիւնը։ Բացայայտում է նաեւ այն, որ երկրի ձեռքբերումները մսխած, ներկան ու ապագան խորտակող իշխանութիւնը շարունակում է նորանոր ձեռնածութիւններով ճանապարհ հարթել իր համար՝ յանուն նրա, որ կրկին ձեռք գցի իշխանական աթոռին մնալու մանդատը։

«Դրօշակ» թիւ 11, 2025 թ.

Related Articles

Back to top button