«Դրօշակ»-ի Առաջնորդող. Այդ ընդդիմադիրը եւ մեր առաջիկայ քննութիւնը

2025 թ. նոյեմբերի 16-ին Վաղարշապատում տեղի ունենալիք ընտրութիւններն ընկալւում էին որպէս վերջին եւ գլխաւոր փորձ յաջորդ տարւայ յունիսի խորհրդարանական ընտրութիւններից առաջ։
Նկատի ունենալով այս ընտրութիւնների հոգեբանական եւ ոչ միայն հոգեբանական նշանակութիւնը՝ մեծ էր վերջինիս նկատմամբ հետաքրքրութիւնը։ Սրանով էին բացատրւում նաեւ իշխանութեան ձեռնարկած քայլերը՝ իր գործելաոճով եւ պետական ռեսուրսի լայն կիրառմամբ։ Լաւ պատկերացնելով Վաղարշապատ քաղաքի բնակչութեան բորբոքւած հակաիշխանական տրամադրութիւնները, որոնք աւելի էին խորացել իշխանութեան ձեռնարկւած հակաեկեղեցական արշաւի պատճառով, իշխանութիւնը կանխաւ այս համայնքին էր կցել նաեւ Խոյ խոշորացւած համայնքը։ Իրադարձութիւնները փաստեցին կանխագուշակումների արդարացւածութիւնը՝ իշխանական թիմը պարտւեց Վաղարշապատ քաղաքում, փոխարէնը առաւելութեան հասնելով, մասնաւորապէս, Խոյում, որտեղ ունէր ձեւաւորւած եւ կանխատեսելի առաւելութիւն։ Իհարկէ միայն այս քայլով չէր բաւարարւել իշխանութիւնը՝ մինչեւ ընտրութիւնների օրը արդէն խօսակցութիւններ էին տարածւել ընտրատարածքի զանազան պաշտօնեաների, ազդեցիկ խմբերի ու անհատների հետ իրականացւած «յատուկ» աշխատանքի, բազմաթիւ անյայտ անուններ տարբեր հասցէների վրայ գաղտնաբար գրանցելու փաստերի բացայայտման եւ այլնի մասին։ Ակնյայտ ապօրինութիւններն իհարկէ դրսեւորւեցին բուն ընտրութեան օրը՝ տարբեր ընտրակեղծարարութիւնների կիրառմամբ, որոնց թւում հոսանքի անջատումներն ու այդ ընթացքում քւէաթերթիկների լցոնումներն էին։ Մի բան, որից Նիկոլ Փաշինեանի «ուսուցիչները» հրաժարւել էին դեռեւս անցած դարում։ Եւ այս խայտառակ երեւոյթը կրկնւում է արդէն մի քանի տեղական ընտրութիւնների ժամանակ։
Ի դէպ, կարելի է ենթադրել, որ ՀԵՑ-երը սեփականատիրոջից խլելու իշխանութեան ակնյայտ ապօրինութեան նպատակներից մէկն էլ ընտրութիւնների հետ կապւած հաշւարկն է, եթէ նկատի ունենանք, որ էլեկտրացանցը երկրով մէկ ամենատարածւած ենթակառուցւածքային համակարգերից է, որին առնչւում է իւրաքանչիւր տուն ու բնակիչ։
Խիստ կասկածելի է, որ եթէ իշխանութիւնները չդիմէին ակնառու ընտրակեղծարարութիւնների, կունենայի՞ն արդեօք այն ոչ մեծ առաւելութիւնը, որով ապահովեցին իրենց յաղթանակը։
Ամենավերից իջեցւած հրահանգով իշխանական քարոզչամեքենան անմիջապէս տարփողեց երկրի բոլոր առաջատար ազգային ուժերի նկատմամբ տարած փայլուն յաղթանակի մասին, թէեւ այդ հիմնական ուժերը տւեալ ընտրութիւններին չէին մասնակցում։ Բացառութեամբ իհարկէ ընդդիմադիր դաշինք կազմած Հ. Յ. Դաշնակցութեան տեղական կառոյցի, որը ողջ ընտրարշաւի ընթացքում գտնւեց երկրորդ պլանում՝ ասպարէզը տրամադրելով դաշինքից քաղաքապետի թեկնածուին։ Ընտրութիւններին մասնակից ազգային ուժերի թւում էր նաեւ անցողիկ շեմը հետագայում յաղթահարած «Մայր Հայաստան» Ազգային Դեմոկրատական կուսակցութիւնը, որը ներկայումս մարզերում կայանալու եւ թափ հաւաքելու գործընթացի մէջ է։
Յիշենք նաեւ, որ տւեալ ընտրութիւններից առաջ հիմնական ենթադրութիւնն այն էր, որ որեւէ ուժ միայնակ չի յաղթահարի իշխանութիւն ձեւաւորելու համար անհրաժեշտ շեմը, եւ ընտրութիւնների յաղթողը կորոշւի համախոհ ուժերի ձեռք բերած արդիւնքների գումարումով։ Այնպէս որ, ոչ մի ջախջախիչ պարտութիւն կամ յաղթանակ տեղի չունեցաւ՝ ընդդիմադիր «Յաղթանակ» դաշինքը հաւաքեց պատկառելի տոկոս, իսկ իրենց հնարաւորութիւնները փորձարկող տեղական ընդդիմադիր ուժերը չկարողացան յաղթահարել անցողիկ շեմը։
Ուշագրաւ է, որ այս ընտրութիւնների ժամանակ տեղի ՔՊ-ականները նպատակայարմար էին, գտել, որ Նիկոլ Փաշինեանը ընտրատարածքում չերեւայ, ինչպէս եւ քիչ աչքի զարնի իրենց թեկնածուի պատկանելութիւնը ՔՊ-ին։
Պատահական չէ, որ գերագնահատւած յաղթանակը տօնելու օրն իսկ Նիկոլ Փաշինեանի նեարդերը չդիմացան, եւ հրահանգեց խուզարկել առաջատար ընդդիմադիր ուժի ներկայացուցիչների տները եւ յարուցել քրէական գործեր։
Ուշադրութեան արժանի է նաեւ այն հանգամանքը, որ ընտրութիւններից յետոյ դիմելով համայնքի բնակիչներին՝ Նիկոլ Փաշինեանը մասնաւորապէս ասել է. «Ձեր ընտրութեամբ կարեւոր լիցք տւեցիք մեր սրբութեան սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Կտրիճ Ներսիսեանից ազատելու գործընթացին»։
Ինչո՞ւ է Փաշինեանը բարոյական եւ քաղաքական ծանր գնով ձեռք բերած յաղթանակից անմիջապէս յետոյ հարկ համարում անդրադառնալու նաեւ այս թեմային։ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինեանը գործունէութեան հիմնական ուղղութիւններից մէկը դարձրել հակաեկեղեցական պառակտչական պայքարը՝ իր համար ճակատագրական նշանակութեան ընտրութիւններից առաջ, երբ ակնյայտ է, որ գրեթէ ողջ հայ ժողովրդուրդն աւանդական մայր եկեղեցու հետեւորդ է եւ այս քայլով վարչապետը կորցնում է նաեւ իր ոչ ստւար համակիր զանգւածներին։
Տրամաբանական բացատրութիւնն այն է, որ Նիկոլի հիմնական յոյսը ոչ թէ ընտրողներն են, այլ արտաքին պատւիրատուները։ Որքան աւելի ակնառու է դառնում խորհրդարանական գալիք ընտրութիւններում ՔՊ-ի յաղթելու անհնարինութիւնը, Փաշինեանն աւելի մեծ եռանդով է փորձում Հայաստանում առաջ մղել արտաքին ուժերի ծրագրերը։ Բնականաբար, ամէն թելադրող արտաքին ուժ ձգտում է իշխանութեան բերել այնպիսի դրածոների, որոնք տւեալ երկրում կունենան որոշակի հեղինակութիւն եւ իշխանութեան վրայ գոյատեւելու կայունութեան որոշակի ռեսուրս։ Այլ պարագաներում նրանք փորձում են բարոյապէս սպառւած գործիչներին փոխարինել քիչ վարկաբեկւած այնպիսի անձանցով, որոնց քաղաքական շարժումները կարճ ժամանակ անց չեն հեռացնի՝ փոխարինելով սեփական անկախ առաջնորդներով։
Նիկոլ Փաշինեանն այժմ կաշւից դուրս է գալիս ապացուցելու, որ գալիք ընտրութիւններում ինքն անփոխարինելի է։ Նախեւառաջ նա ազգային ընդդիմութեանը ներկայացնում է որպէս ռուսական ազդեցութեան գործակալների, իսկ իրեն, Զելենսկու օրինակով, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու եւ վերջինիս Արեւմուտքի տարածաշրջանային գործակիցներով փոխարինելու միակ ունակ գործիչը երկրում։ Փաշինեանը երկիրը մտցրել է մշտական հետապնդումներով եւ բանտարկութիւններով ուղեկցւող անկայունութեան դաշտ՝ փորձելով ապացուցել, որ իր իշխանութիւնը մնում է կենտրոնաձիգ, ամբողջովին իր կողմից վերահսկելի, մասնաւորապէս՝ խորհրդարանի, կառավարութեան, ուժային եւ իրաւապահ համակարգերի պարագայում։
Փաշինեանը պատերազմ է յայտարարել 1700-ամեայ մայր եկեղեցուն. եօթնամեայ կառավարման շրջանում նա դպրոցական ծրագրերից դուրս բերեց Հայոց եկեղեցու պատմութեան ուսուցումը, խզեց իշխանութիւն-եկեղեցի գործակցութիւնը, թելադրեց փակելու տասնամեակների ազգանպաստ գործունէութիւն իրականացրած Մայր եկեղեցուն պատկանող «Շողակաթ» հեռուստաընկերութիւնը, զրպարտեց, հալածեց ու բանտարկեց բարձրաստիճան հոգեւորականների եւ այսօր հետեւողականօրէն փորձում է ներսից պառակտել եկեղեցին՝ եկեղեցական իշխանութեան բերելով իր հակազգային ու թուրքահպատակ իշխանութեան համար խօսափող ծառայող պիղծ խամաճիկների։ Ժողովրդին սեփական ինքնութիւնից կտրելու եւ գլոբալիզմի քայքայիչ յորձանքին յանձնելու համար իշխանութիւնն ոչնչացնում է ակադեմիական գիտութիւնը, նոր չափորոշիչների ներդրման անւան տակ ոչնչացնում է կրթութեան ազգային ռազմավարութիւնը։ Թւարկւած, ինչպէս եւ այս քաղաքականութեան շատ այլ դրսեւորումներ ակնառու են ազգային ապագայի մտահոգութիւն ունեցող զանգւածների համար, որոնց մօտ փաշինեանական ազգակործան քաղաքականութիւնն ամրապնդում է ազգային ինքնութիւնը փրկելու, հակազգային քաղաքականութիւնը մերժելու կամքը։ Փաշինեանը հասկանում է, որ իրադարձութիւնների բնականոն ընթացքով հասնելու է իր թշւառ կառավարման վախճանին եւ ճիգ է անում փոխելու այդ ընթացքը։
Մայր եկեղեցու դէմ ձեռնարկւած արշաւանքը եւ Ամենայն հայոց հոգեւոր առաջնորդին հեռացնելու սադրիչ յայտարարութիւնները հետապնդում են նաեւ ներազգային բախում հրահրելու նպատակը։ Այդ պարագայում բախտախնդիր ղեկավարն առիթ կունենայ գալիք ընտրութիւններն առաջաձգելու կամ հետաձգելու, քրէական հետապնդման ենթարկելու հեղինակութիւն վայելող գործիչների, ընտրապայքարից դուրս մղելու առաւել աչքի ընկնող քաղաքական ուժերի եւ այլն։ Պատահական չէ, որ Նիկոլը մի քանի անգամ կրկնել է այն միտքը, թէ՝ եթէ ընդդիմութիւնը կարող է, թող յեղափոխութիւն անի։
Ազգային ու պետական շահերը, երկրի կայունութիւնը սեփական իշխանութեան պահպանմանը զոհաբերող անձը ճգնում է մրցակցութեան օրինական հունից դէպի անօրինականութեան ու քաոսի դաշտ հրել պետութիւնն ու ազգային ուժերին, որտեղ ինքը կը կարողանայ իշխանութեան ապօրինութիւններն ու բռնութիւնները «օրինականացնել»՝ գործի դնելով ձեռքին խամաճիկի դեր կատարող ուժային ու իրաւապահ համակարգերին։
Մեր յաջորդ միտքը ցանկանում ենք հիմնաւորել թերեւս քաղաքական էական գործօն չհանդիսացող մէկ երեւոյթի արձանագրմամբ։ Արդէն երկար ժամանակ Նիկոլ Փաշինեանը, ջղագրգռութեան նոպայի հասնելով, փորձում է համոզել իրեն նախորդող երեք ղեկավարներին իր հետ մտնելու հրապարակային բանավէճի մէջ։ Սովորաբար գործող թիւ մէկ ղեկավարները խուսափում են հոգեբանական հաւասարութեան մէջ յայտնւելուց իրենց կարգավիճակով զիջող ընդդիմադիր ղեկավարների հետ։ Նրանք հրաժարւում են կամ դժկամութեամբ գնում են նման բանավէճերի, եթէ դրանք երկրում հաստատւած աւանդոյթ են, ինչպէս օրինակ ԱՄՆ-ի պարագայում։ Ինչո՞ւ է ուրեմն Նիկոլ Փաշինեանը ցանկանում վար իջնել իր իշխանական բարձունքից։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինեանը հասկանում է, որ ինքն այդպէս էլ չդարձաւ երկրի ղեկավար։ Նախորդ երեք նախագահներին, անկախ նրանց նկատմամբ ունեցած վերաբերմունքից, ժողովրդի բոլոր հատւածներն ընկալում են որպէս պետութեան ղեկավարների, նրանց ելոյթները դառնում են քննարկման եւ բանավէճերի թեմա, իսկ Նիկոլ Փաշինեանի շատախօսութիւնը եթէ ուշադրութեան էլ արժանանում է, ապա զարմանալու կամ ծիծաղելու համար։ Այլեւս բոլորը հասկացել են, որ երկրի չորրորդ ղեկավարի ասածները կամ անլուրջ են, կամ խաբէութիւն, նախկին ասածներին հակասող հերթական անհեթեթութիւններ։
Այլ խօսքով, եթէ պէտք է համեմատենք ներկայ ղեկավարին նախկինների հետ, ապա բոլորի համար ակնյայտ է, որ նախկինները երկրի ղեկավար են, իսկ գործողն այդպէս էլ մնաց անհանդուրժող, անպատասխանատու եւ պառակտիչ ընդդիմադիր։ Նիկոլ Փաշինեանը, հասնելով փառքի գագաթնակէտին, կարող էր իր թեւերի տակ հաւաքել ողջ ժողովրդին՝ յայտարարելով, որ բոլորի առաջնորդն է, բայց կեղծ խոնարհումներից, սրտիկներ ցուցադրելուց եւ զանազան շոուներից այն կողմ նա մնաց հասարակութիւնը սեւ ու սպիտակի բաժանող, իր առաքելութիւնը չգիտակցող, անկարողութեամբ ամէն մի գործ տապալած եւ ամէն օր երկրում ներհասարակական նոր ցնցումներ ու սադրանքներ հրահրող ընդդիմադիրի տեսակ։ Իր առաքելութեան բարձրութեան վրայ չգտնւելը ոչ միայն երկիրը տարաւ ահաւոր կորուստների, այլեւ հեղինակազրկեց պետութիւնը, նսեմացրեց հայ ժողովրդին։ Արտաքին աշխարհն ուղղակիօրէն ցոյց է տալիս, որ դժւար է ակնածանք տածել մի ժողովրդի նկատմամբ, որը Նիկոլի նման ձախողակ, անպատասխանատու եւ հակազգային մէկին կարող է վերընտրել եւ 7 տարի ապրել նրա ներոնական թատրոնի պայմաններում։
Ծանր է, անշուշտ, նման բան մտածելն անգամ քո երկրի իմաստնութեան դարաւոր ժառանգութիւն ունեցող ժողովրդի մասին, սակայն փաստն այն է, որ մենք ապրում ենք այս իրականութեան պայմաններում։ Իշխանութեան վրայ գտնւող անձեռնհաս ուժն ինքնապահպանման համար ունակ չլինելով արմատական բարեփոխումների, որոնք կը հեղաշրջէին հասարակական տրամադրութիւնները, փորձում է վերջինին հասնել կեղծիքի, դժգոհող բոլոր ձայները լռեցնելու եւ վախի մթնոլորտ սերմանելու ճանապարհով։ Բազմաթիւ ձերբակալութիւնների, բիրտ ուժի կիրառման գործելակերպով Նիկոլ Փաշինեանն ուզում է վերականգնել 2018-2019 թւականների վախի այն մթնոլորտը, որը հասարակութեանը մղում էր անյուսութեան ու կրաւորականութեան եւ այդ պայմաններում համակիր փոքր զանգւածի ուժերով, հեշտութեամբ ու առանց աղմուկի կրկին հասնի վերարտադրութեան ցանկալի նպատակին։ Կը հասկանա՞յ արդեօք երկրի գլխաւոր ընդդիմադիրը, որ ժողովուրդն իր վախը յաղթահարել է, սթափւել է խաբէութեան թմբիրից, եւ հարւածներն աւելի կարծր են դարձնում պայքարունակ զանգւածներին։
Տպաւորութիւնն այն է, որ վաղուց հատելով բոլոր կարմիր գծերը՝ երկրի թիւ մէկ պաշտօնին գտնւող ընդդիմադիրը հոգեբանական այն վիճակի մէջ է, թէ այլեւս կորցնելու բան չունի եւ գնում է վա բանկ, ոտնահարելով օրէնքը, օրինականութիւնը հասարակութեան ու պետութեան շահերը։ Նրան կատաղեցնում է աճող ու ոտքի կանգնող ազգային ուժերի՝ պետութեան ու երկրի բեռը ստանձնելու տիրոջ պահւածքը, բայց դրա դէմ նրա այլընտրանքը ոչ թէ շինիչ, նախաձեռնողական ու առաջանցիկ գործունէութիւնն է, այլ վարկաբեկումները, ազգային ուժերին գզվռտոցի, հայհոյախօսութեան ու ցեխարձակումների դաշտ ներքաշելու եւ այստեղ իրեն հաւասարեցնելով վերջիններիս կեղտոտելու գործելակերպը։ Իսկ բախտի քմահաճոյքին յանձնւած երկիրը ճօճւում է անդունդի եւ փրկութեան սահմանագծին։ Կը կարողանա՞յ ժողովուրդը, համախմբւելով ընդհանուր նպատակի շուրջ, միասնական ուժերով պետութեան նաւը դուրս բերել փրկութեան հորիզոններ։ Հեշտ գործ չէ, եթէ նկատի ունենանք, որ այս պայքարում ազգի եւ պետութեան դէմ կանգնած են ադրբեջանաթուրքական միջնորդ ուժն ու Անդրկովկասը վերջիններիս ենթարկեցնել փորձող արտաքին խոշոր ու դարաւոր խաղացողները։ Սրանց եւ սրանց հինգերորդ շարասեան դիմաց հայ ժողովրդի յաղթանակը կը նմանւի սեփական մազերից բռնած սեփական մարմինն ու սեփական ձիուն ճահճից դուրս բերելու գրքային հերոս Բարոն Միւնհաուզէնի սխրանքին։ Ճակատագրական քննութեան շեմին ենք՝ իմաստնութիւնը, անընկճելի կամքն ու արժանապատւութիւնը մէկ անգամ եւս փաստելու քննութեան շեմին։
«Դրօշակ» թիւ 11, 2025 թ.



