Ձիւնիկ Աղաջանեան. «Հայաստանի հանդէպ ՌԴ-ի նման վերաբերմունքը ինչ-որ տեղ խաբւածութեան գործօնի արդիւնք է»
![](/wp-content/uploads/2025/02/664-780x470.jpg)
«ԱԼԻՔ» – «Ադրբեջանի կարեւորութեան մասին թէզը եւս ուռճացւած է. Ադրբեջանից Եւրոպա գնացող գազը դա ռուսական գազն է»։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշել է ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Ձիւնիկ Աղաջանեանը:
«Ադրբեջանի գազային պաշարները բաւարար չեն անգամ սեփական կարիքները հոգալու համար, նա ներկայացնում է, թէ իբրեւ իր գազն է: Դա ընդամէնը քող է կոծկելու այն ծրագիրը: Ադրբեջանի եւ նրա նախագահի հանդէպ Արեւմուտքը սիրով պատժամիջոցներ կը կիրառի այն պահին, երբ Ադրբեջանը լրիւ ձեռբազատւի իրենց ազդեցութիւնից, այսինքն, չցանկանայ հետամուտ լինել այն ծրագրին, յանուն որի Արցախը նւիրաբերւել է եւ յանուն որի այս ամբողջը կուլ է տրւում Եւրոպա կոչւածի կամ Արեւմուտք կոչւածի կողմից:
Ծրագիրը հետեւեալն է՝ օգնել յարձակւել Իրանի վրայ: Ռուսական ազդեցութիւնից իրենք ազատւեցին, նաեւ օգնեցին Արցախը հայաթափել, հիմա մնում է ռուսական բազայի խնդիրը Հայաստանում, եւ բնականաբար Իրանի դէմ գործողութիւնը: Բայց արդէն թէ մատակարարումների, թէ հեղինակութեան ու կշռի, թէ երաշխիքների տեսակէտից, ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան վստահ չեն, որ իրենց նախաձեռնած քայլը բումերանգի նման չի հարւածի իրենց եւ չի յանգեցնի թէ իրենց իշխանութեան կորստին, թէ իրենց պետութեան էական քանդմանը»,-ասել է նա:
Դեսպանը պատահական չի համարել, որ Ադրբեջանը 2022 թւականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ստանալուց յետոյ միանգամից սկսեց արեւմտեան հարթակներից հրաժարւել եւ նեղացածութիւն խաղալ.
«Նա անմիջապէս ցատկեց ռուսական եւ իրանական հարթակ, որպէսզի կարողանայ դուրս պրծնել այդ իրավիճակից եւ չկատարել իր յանձնառութիւնը, ձգել պրոցեսը, այսպէս կոչւած անբովանդակ խաղաղութեան պայմանագիր կոչւածի, որը ուղղակի կապիտուլիացիոն փաստաթուղթ է եւ պատմութեան մէջ առաջին անգամ ամրագրելու է Արցախը Ադրբեջանի կազմում»,-նշել է Ձիւնիկ Աղաջանեանը:
Հարցին՝ ինչո՞ւ է հիմա Ալիեւը լարում յարաբերութիւնները Ռուսաստանի հետ, նա պատասխանել է. «Ալիեւը շատ հմուտ խաղ է խաղում: Երբ որ արեւմտեան ճնշումը ուժեղանում է, նա սկսում է Իրանի կամ Ռուսաստանի դէմ գործողութիւններ անել: Դրանք քայլեր են ժամանակ շահելու, որովհետեւ իրենք տեսնում են, որ նոյն Արեւմուտք կոչւածի մասին իրենց ընկալումները այլեւս չեն համապատասխանում այն պատկերացումներին, որ կար 2022 թւականից առաջ: Իսկ իրենք ունեն այդ յանձնառութիւնը, յանուն այդ յանձնառութեան այս ամբողջ ապուրը եփւել է եւ իրենք պիտի անեն։
Ի՞նչ է անում արեւմտեան կողմը, բնականաբար, սպառնալիքներ է տեղում: Մենք այդ սպառնալիքների մասին չենք լսում, բայց դրա հետեւանքները մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից երբեմն սրելու, յետոյ կուլ տալու, յետոյ ինչ-որ յարաբերութիւններ բարելաւելուն ուղղւած քայլեր անելու տեսքով»:
Ինչ վերաբերում է նրան, որ թէեւ Ադրբեջանը սրում է յարաբերութիւնները ՌԴ-ի հետ, բայց Մոսկւայի կողմից այնքան էլ խիստ արձագանգի չի արժանանում, մինչդեռ Հայաստանի կողմից մի թեթեւ իրենց համար ոչ հաճոյ յայտարարութեան Ռուսաստանից շատ կոշտ են արձագանգում: Ձիւնիկ Աղաջանեանն ասաց, որ Ռուսաստանը հասկանում է՝ ինչի մէջ են ուզում ներքաշել, չի ուզում սրել իրավիճակը. «Իրենք շատ լաւ հասկանում են, որ որքան Արեւմուտքից է Ալիեւը կախւած, երեւի հինգ այդքանն էլ կախւած է Ռուսաստանից, եւ Ալիեւը, եւ երկիրը։ Այստեղ նրանք չեն շտապում, որպէսզի հանրային քարոզչական ինչ-որ քայլերով խանգարեն հետագայում իրենց շատ սուր եւ շատ ծանր արձագանգը»:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ըստ դեսպանի, Ռուսաստանի նման վերաբերմունքը երեւի ինչ-որ տեղ նաեւ անսպասելիութեան եւ խաբւածութեան գործօնի արդիւնք է. «Բայց իրենք այլեւս մեր իշխանութիւնների հետ չեն խօսում, իրենք մեր ժողովրդի հետ են խօսում: Իրենք սա անում են, որպէսզի ժողովուրդը հասկանայ, ինչի առաջ է կանգնած, իշխանութիւնները ո՞ւր են տանում իրենց, որովհետեւ հետեւանքները ժողովուրդն է կրելու»:
Իսկ Հայաստանում հակառուսական տրադրութիւնները Ձինիկ Աղաջանեանը համարում է իշխանութիւնների կողմից հակառուսական տրամադրութիւններ գեներացնելու արդիւնք. «Ամենօրեայ ռեժիմով սնուցել են իրենց մանկլաւիկների, իրենց վճարովի շեփորահարների միջոցով, այդ հակառուսականութիւնը՝ անընդհատ փորձելով ռուսական կողմի վրայ բարդել իրենց քայլերի հետեւանքները, իրենց ձեռնարկած պարտութիւնների արդիւնքները»: