Իրական խաղաղութեան մասին
![](/wp-content/uploads/2025/02/665-780x470.jpg)
ԱՐԱ ԱՅՒԱԶԵԱՆ
ՀՀ ԱԳ նախկին նախարար
1971 թ. դեկտեմբերի 1-ին Ջոն Լենոնը ներկայացրեց «Շնորհաւոր Սուրբ Ծնունդ (Պատերազմն աւարտւած է)» (“Happy Xmas (War is Over”) երգը, որը երկու տարի առաջ իր գրած «Խաղաղութեանը շանս տւէք» (“Give Peace a Chance”) ստեղծագործութեան հետ դառնալու էր ոչ միայն այն ժամանակ Վիետնամում շարունակւող պատերազմի դէմ, այլեւ ընդհանրապէս հակապատերազմական քաղաքացիական շարժումը խորհրդանշող օրհներգներից:
Մարդկութիւնը, որը կէս դարի ընթացքում դատապարտւած էր անցնելու Առաջին աշխարհամարտի եւ Երկրորդ համաշխարհայինի խառնարաններով եւ ապա «Սառը պատերազմի» տարիներին մերթընդմերթ յայտնւել երաշխաւորւած միջուկային Արմագեդոնի եզրագծին, իսկապէս հոգնել էր բոլոր տեսակի պատերազմներից: Ուստի, մեծ տարածում սկսեց ստանալ այն տեսակէտը, որ պատերազմն ինքնին դարձել է քաղաքականապէս անընդունելի: Ինչպէս միջազգային յարաբերութիւնների այն ժամանակւայ շատ գիտակներ պնդում էին քաղաքական կամքի կարեւորութիւնը, այնպէս էլ Լենոնը կարծում էր, որ պատերազմը կաւարտւի, եթէ մենք դա ցանկանանք:
Այս ամենով հանդերձ, պատերազմներն արմատախիլ չեղան: Աւելին, 21-րդ դարի առաջին քառորդը լեցուն էր կանոնաւոր ու անկանոն պատերազմներով, որոնց յաճախականութեան եւ տեխնոլոգիական սրընթաց առաջընթացի արդիւնքում կործանարարութեան աննախադէպ աճը մէկ անգամ եւս ի ցոյց դրեց այն, որ ուժը մնում ռազմավարական նպատակների հասնելու ամենաարդիւնաւէտ միջոցը։
Վերջին տասնամեակներում ձեռք բերւած (յատկապէս՝ հայերիս) ցաւագին փորձն ունի նաեւ օգտակար արժէք, քանի որ ստիպում է վերաիմաստաւորել միջազգային յարաբերութիւններում տեղի ունեցող խորքային գործընթացները սպասարկող տարբեր արժէհամակարգային օրակարգերն ու շատ օգտագործւող եւ չարաշահւող «խաղաղութիւն» հասկացութիւնը։ Այս սիրւած բառն ունի շատ տարբեր երանգներ, բազմաբնոյթ է իր իմաստներով եւ, որպէս կանոն, յաճախ բացայայտ շահագործւում եւ չարաշահւում է քաղաքական քարոզիչների կողմից՝ իրենց նպատակների համար:
Որքան էլ մեզ թւայ հակառակը, այդուհանդերձ պատերազմը մեր տարածաշրջանում չի աւարտւել, քանի դեռ հարեւանը պատրաստ է ուժի միջոցով մեծագոյն տառապանքներ պատճառել հայերիս՝ իր անվերջանալի թելադրանքները չկատարելու դէպքում: Միեւնոյն ժամանակ, ինչպէս նախկինում, այնպէս էլ այսօր նրանք, ովքեր յանուն «խաղաղութեան» հրաժարւում են որպէս հակազդեցութեան միջոց՝ զսպող ուժի կիրառումից, յայտնւում են հակառակորդի ողորմածութեան ներքոյ: Հետեւաբար, կեղծ խաղաղութեան քարոզումը պակաս վտանգաւոր չէ, քանի որ ինքնաոչնչացման տանող բարոյական դեգրադացիայի միջոցով ներսից քանդելով արտաքին կործանմանն ընդդիմացող ինքնապաշտպանման պատնեշները, աւելի է գայթակղում հակառակորդին:
Պատերազմների ամենակարեւոր թիրախը հէնց հակառակորդ հասարակութեան մտքերին ու հոգուն տիրանալն է: Մեզ մօտ խաղաղութեան հասնելու համար նախապատւութիւն է տրւել ոչ թէ արտաքին անբարենպաստ գործօնները մեր ուժերի սահմաններում չէզոքացնելուն եւ սակաւաթիւ հեռանկարային հնարաւորութիւններից օգտւելուն, այլ՝ Հայաստանն ու հայ ժողովրդին փոխակերպելուն: Ազգ-պետութիւն հասկացութեան առաջին եւ առանցքային տարրը՝ «ազգայինը» փոխարինւում է «պետականով», որը հեռու գնացող հետեւանքներ է ունենալու: Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու դերի նսեմացումը, հայ ժողովրդի պատմութեան վերափոխումը, ազգային խորհրդանիշների վիճարկումը, դէպի ժխտման եւ ուրացման տանող Հայոց Ցեղասպանութեան ռեվիզիոնիզմի փորձերը, ԼՂ հիմնախնդրի վերաբերեալ պետական բոլոր կայքերից նիւթերի հեռացմամբ Արցախի մասին յիշողութեան ջնջումը, հայկական Սփիւռքի օտարումը՝ այս եւ այլ «յեղափոխական» նախաձեռնութիւններն անւանում են «գաղափարական վերափոխում», որի արդիւնքում խոստանում են «իրապէս անկախ պետականութիւն եւ խաղաղութիւն»: Բաքւում այդ նպատակը անւանում են Հայաստանի ապազգայնացում: Չի բացառւում, որ վաղը մեր պաշտպանողական ամենակարեւոր սիւնը՝ ազգ-բանակը վերածւի այսպէս կոչւած պրոֆեսիոնալ բանակի, որի արդիւնքում պարտադիր զինւորական ծառայութեան ժամկէտը կը կրճատւի կամ ընդհանրապէս կը վերանայ: Ադրբեջանում սա անւանում են ապառազմականացում:
Հայ ժողովուրդը միշտ է ցանկացել խաղաղութիւն: Այնուամենայնիւ, ազգային կենսական շահերի զոհաբերմամբ եւ, ինչպէս մէկ այլ յայտնի երգիչ էր նշել, «Կռանալով այս փոփոխւող աշխարհի առջեւ», խաղաղութիւն չես ստանում: Այս տեսակի խաղաղութիւնից օգտւելու են մնացած բոլորը, բացի մեզանից: Միջազգային տարբեր դերակատարներ երեսպաշտօրէն կողջունեն, կը քաջալերեն եւ կը ծափահարեն այսպէս կոչւած խաղաղութեան գործընթացը, բացարձակապէս անտարբեր լինելով այն բանի հանդէպ, թէ որքան կենսունակ պետութիւն կը մնայ Հայաստանը այդ «խաղաղութեան» արդիւնքում: Ինչպէս դիպուկ նշել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ լորդ Ռոբերտ Սոլսբերին. «Միշտ մեծ թիւրընկալում է առաջանում փոքր մասշտաբով քարտէզների օգտագործումից»:
Ջոն Լենոնն իր երազանքներն արւեստի միջոցով արտայայտող հանճար էր, որի ձայնը լսելի էր եւ ազդեցիկ: Պետական այրերի մեծութիւնն ու ազդեցութիւնը գնահատւում են ազգային շահերի սպասարկմանը միտւած իրենց հեռատես քաղաքականութեամբ, յատկապէս ճգնաժամերի ընթացքում: Այս բախտորոշ ժամանակներում սկզբունքային եւ իմաստուն առաջնորդներն են ունակ ի վերջոյ բերել կայունութիւն, որը կարող է ճանապարհ հարթել դէպի իրական ու արդար խաղաղութիւն Հայաստանի եւ տարածաշրջանի համար: