Հայաստան - ԱրցախՔաղաքական

«Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցութիւնն է յայտնում Բաքւում դատւող մեր պատանդառւած հայրենակիցներին

Յայտարարութիւն

«ԱԼԻՔ» – «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցութիւնն է յայտնում Բաքւում դատւող մեր պատանդառւած հայրենակիցներին։ Կեղծ եւ ապօրինի դատավարութեամբ, թշնամական երկիրը փորձում է նսեմացնել հային, հայկական պետականութիւնը, որպէսզի էլ աւելի հեշտութեամբ շարունակի իրագործել իր ագրեսորական նկրտումները Հայաստանի հանդէպ։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «Որդիների կանչ» ՀԿ-ն։

«Այսօրւայ իշխանութեան կողմից այս ամէնին զուտ դիտորդական կարգավիճակով հետեւելը վկայում է, այն մասին, որ մեր հայրենակիցները ամենադժւար պահին լքւում եւ անտեսւում են այս իշխանութեան կողմից, որ այս իշխանութիւնը ոչ մի ընդհանուր բան չունի ոչ միայն հայ, այլ նաեւ մարդկային արժանապատւութեան հետ առհասարակ։

Նիկոլին յուզում եւ մտահոգում է միայն սեփական անվտանգութիւնն ու բարեկեցութիւնը, ում համար յատուկ է միայն մէկ սկզբունք. որ կարելի է զոհել եւ զոհաբերել ամէն ինչ, ե՛ւ Արցախ, ե՛ւ Հայաստանի ինքնիշխան տարածքներ, ե՛ւ հազարաւոր հայորդիների կեանքեր, ե՛ւ գերեվարւած հարիւրաւոր հայրենակիցներ, ե՛ւ հայի արժանապատւութիւն, ե՛ւ դարերով ձեւաւորւած ազգային, պատմական արժէքներ ու հարստութիւն, ե՛ւ ինքնիշխանութիւն, միայն թէ պահպանւի իրենց բռնապետական խիստ ժամանակաւոր իշխանութիւնը, թէկուզեւ Հանրապետութեան Հրապարակի սահմաններում եւ թշնամական երկրի կառավարութեան վերահսկողութեան ներքոյ։ Այս ամէնը չի կարող անվերջ շարունակւել, մինչեւ վերջին հայը։

Անընդունելի ենք համարում ցանկացած հայի կողմից այս օրերին Բաքւի բանտերում խոշտանգւող Արցախի ռազմաքաղաքական գործիչների հասցէին հնչող մեղադրական խօսոյթներն եւ ձեւակերպումները, քանի որ դա համապատասխանում է Բաքւի շահերին։

Գտնում ենք, որ ճիշտ չէ Բաքւի դատարաններից միտումնաւոր համացանց արտանետւող հայի արժանապատւութիւնը նսեմացնող լուսանկարների տարածումը, պարտադրւած, ճնշումների, խոշտանգումների արդիւնքներում կորզւած եւ յօրինւած ցուցմունքները որպէս եղելութիւն ընդունելը եւ տարածելը։

Յիշէ՛ք, որ միակ հիմնաւոր բանը, որի համար կարող են մեղադրւել մեր հայրենակիցները Բաքւի ֆաշիստական դատարանում, դա այն է, որ նրանք ՀԱՅ են»,- նշւած է յայտարարութիւնում:

Related Articles

Back to top button