Աղիքային հիւանդութիւնների սկզբում միկրոբիոմը կտրուկ փոխւում է

Աղիքների բորբոքային հիւանդութիւններով (ԱԲՀ) պացիենտների մօտ արդէն իսկ հիւանդութեան սկզբնական փուլում տեղի են ունենում աղիքային միկրոֆլորայի կազմի զգալի փոփոխութիւններ։ Նման եզրակացութեան է եկել գիտնականների միջազգային խումբը, որը միաւորել է 11 երկրներից աւելի քան 1,7 հազար երեխաների եւ մեծահասակների տւեալները։ Աշխատանքը հրապարակւել է Gastroenterology ամսագրում։
Առաջին անգամ գիտնականները վերլուծել են մի քանի անկախ հետազօտութիւնների միկրոբիոմային «հում» տւեալները՝ կենտրոնանալով այն պացիենտների վրայ, ում մօտ նոր է ախտորոշւել Կրոնի հիւանդութիւն եւ խոցային կոլիտ՝ նախքան որեւէ բուժում սկսելը։
Վերլուծութիւնը ցոյց է տւել, որ հիւանդութեան սկզբում աղիքներում կտրուկ նւազում է օգտակար անաէրոբ բակտերիաների քանակը, որոնք մասնակցում են բարդ ածխաջրերի մարսմանը եւ օժտւած են հակաբորբոքային ազդեցութեամբ։ Միաժամանակ աճում է թթւածնի նկատմամբ կայուն բակտերիաների մասնաբաժինը, որոնցից շատերը սովորաբար բնակւում են բերանի խոռոչում, այնուհետեւ «գաղթում» դէպի աղիքներ։
Աշխատանքի ղեկավարներից մէկի՝ գաստրոէնտերոլոգ Պիտեր Ռիմմերի խօսքով՝ նախկինում նման շեղումները միայն ենթադրական են եղել, սակայն հէնց այս հետազօտութիւնն է առաջին անգամ դրանք ի յայտ բերել այսքան յստակ եւ անմիջապէս միջազգային մասշտաբով։
Ստացւած տւեալները հաստատում են այսպէս կոչւած «թթւածնային հիպոթեզը», ըստ որի՝ աղիքային հիւսւածքներում թթւածնի մակարդակի բարձրացումը խաթարում է միկրոբիոտայի հաւասարակշռութիւնը եւ նպաստում բորբոքման զարգացմանը։ Գիտնականները նաեւ ուշադրութիւն են դարձրել աղիքներում Granulicatella եւ Haemophilus ցեղի բակտերիաների յայտնւելուն, որոնք սովորաբար բնորոշ չեն այս միջավայրին եւ կարող են դառնալ թերապիայի նոր թիրախներ։
Հեղինակներն ընդգծել են, որ միկրոբիոմային փոփոխութիւնները տարբերւել են երեխաների եւ մեծահասակների մօտ, ինչպէս նաեւ կախւած են եղել բնակութեան տարածաշրջանից, ինչը վկայում է գլոբալ տւեալների բազաների եւ վերլուծութեան միասնական ստանդարտների անհրաժեշտութեան մասին։ Հետազօտողների կարծիքով՝ բացայայտւած օրինաչափութիւնները հեռանկարում կարող են հիմք հանդիսանալ ԱԲՀ-ի աւելի վաղ ախտորոշման եւ բուժման նոր մօտեցումների մշակման համար, այդ թւում՝ ոչ դեղորայքային ձեւով, որոնք ուղղւած կը լինեն միկրոբիոմի շտկմանը։
News.am



