Փորձագէտները զգուշացնում են նոր վտանգաւոր «սուպերգրիպի» տարածման մասին

Գրիպի սեզոնի գագաթնակէտին բժիշկներն ու փորձագէտները BMJ հանդէսում զգուշացնում են վիրուսի յատկապէս ակտիւ տարբերակի տարածման մասին, որը լրագրողներն ու որոշ լրատւամիջոցներ «սուպերգրիպ» անւանում են կնքել։
Համաճարակի հիմնական մեղաւորը A գրիպի վիրուսի նոր ենթատեսակն է՝ H3N2 K-ն, որը սկզբում Մեծ Բրիտանիայում դէպքերի զգալի աճ է առաջացրել, ապա գերիշխող դարձել Միացեալ Նահանգներում։
Այս շտամը պատասխանատու է մի շարք նահանգներում, դրանց թւում՝ Նիւ Եօրքում, Ռոդ Այլենդում, Կոլորադոյում եւ Լուիզիանայում գրիպի դէպքերի շատ բարձր մակարդակի, ինչպէս նաեւ 2025-2026 թւականների գրիպի սեզոնի ընթացքում հոսպիտալացումների զգալի աճի համար։
Գիտնականներն ընդգծում են, որ դրա արագ տարածման պատճառներից մէկն այն է, որ վիրուսի կառուցւածքը փոխւել է մակերեւութային սպիտակուցների բազմաթիւ մուտացիաների պատճառով, որոնց վրայ հակամարմինները կողմնորոշւում են պատւաստանիւթերի մշակման ժամանակ։
Արդիւնքում, գրիպի դէմ գործող պատւաստանիւթը նոր տարբերակի դէմ կատարեալ պաշտպանութիւն չի ապահովում. դրա արդիւնաւէտութիւնը չափահասների շրջանում գնահատւում է մօտաւորապէս 32-39%, մինչդեռ երեխաների շրջանում՝ մօտ 72-75%: Հակառակ այդ հանգամանքին, բժիշկները պնդում են, որ պատւաստումը մնում է կարեւոր միջոց, քանի որ այն օգնում է մեղմել հիւանդութեան ընթացքը եւ նւազեցնել բարդութիւնների ծանրութիւնը։
Գրիպի ախտանիշները մնում են սեզոնային վարակի բնորոշ՝ հազ, գլխացաւ, մկանային ցաւեր, հոգնածութիւն, դող եւ բարձր ջերմութիւն: Սակայն, վարակի բարձր մակարդակի եւ թուլացած իմունային համակարգի պատճառով շատ մարդիկ կարող են զարգացնել շատ աւելի ծանր հիւանդութիւն, ներառեալ՝ թոքաբորբ եւ հոսպիտալացման անհրաժեշտութիւն: ԱՄՆ հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները հաղորդում են, որ գրիպի սեզոնի սկզբից ի վեր արդէն գրանցւել է գրիպով հիւանդացութեան մօտ 4,6 միլիոն դէպք, մօտ 49 հազար հոսպիտալացում եւ մօտ 1900 մահւան, որոնց թւում՝ երկուսը՝ երեխաների շրջանում։
Նմանատիպ իրավիճակ է նկատւում նաեւ Եւրոպայում, որտեղ Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը նշում է գրիպի սեզոնի վաղ սկիզբ եւ H3N2 վիրուսի բարձր ակտիւութիւն, որն ազդում է տարածաշրջանի տասնեակ երկրների վրայ։ Բժիշկները խորհուրդ են տալիս ոչ միայն պատւաստւել, այլեւ պարզ նախազգուշական միջոցներ ձեռնարկել՝ մնալ տանը, եթէ ունէք ախտանիշներ, լւանալ ձեռքերը, խուսափել մարդկանց կուտակումներից, իսկ անհրաժեշտութեան դէպքում հասարակական վայրերում դիմակ դնել։
Փորձագէտներն ընդգծում են, որ չնայած այս տարբերակը պարտադիր չէ, որ աւելի ծանր հիւանդութիւն առաջացնի, քան սովորական գրիպը, դրա լայն տարածումը եւ ներկայիս պատւաստանիւթի նկատմամբ մասնակի դիմադրողականութիւնը կարող են զգալի ճնշում գործադրել առողջապահական համակարգերի վրայ եւ առաջիկայ շաբաթներին վարակի բարձր մակարդակ առաջացնել։
News.am



