Երւանդ Բոզոյեան. «Չկայ ԽՍՀՄ-ը, դրա տեղը բուսնել է ԵՄ-ն»

«ԱԼԻՔ» – 2026 թւական ԱԺ ընտրութիւնների թեմայով «Հրապարակ»-ը զրուցել է քաղաքագէտ Երւանդ Բոզոյեանի հետ:
– ՀՀ իշխանութիւնը մէկ շաբաթ առաջ Եւրոպայում՝ ԵՄ-ից օգնութիւն էր խնդրում՝ Ռուսաստանի Դաշնութեան կողմից տարածւող կեղծիքի, հիբրիդային պատերազմի դէմ պայքարի հարցում, եւ դրա դիմաց գումարների խոստում ստացաւ: ԵՄ պաշտօնեաները յայտարարեցին, որ օգնելու են Հայաստանին, որ դիմակայի ռուսական միջամտութիւններին, եւ Մոլդովայի սցենարն են կիրառելու, որ Փաշինեանի իշխանութիւնը վերարտադրւի: Իսկ այս օրերին Փաշինեանը մեկնել է Մոսկւա, երջանիկ դէմքով լուսանկարներ՝ Պուտինի հետ, շնորհակալութիւններ: Հասարակութիւնը դադարում է հասկանալ այս ծայրահեղ ու հակասական պահւածքը, տպաւորութիւն է, թէ Փաշինեանը տառապում է անձի երկւութեամբ եւ չի յիշում, թէ ինչ էր ասում եւ անում ընդամէնը մի քանի օր առաջ: Ի վերջոյ՝ ի՞նչ է նշանակում այս ամէնը:
– Պէտք է աւելի շատ պրոցեսների բովանդակութեանը նայենք, այլ ոչ թէ ձեւին: Ֆորմալ իմաստով որպէս պրոցես անտրամաբանական չէր լինի, եթէ Հայաստանի վարչապետը տարբեր երկրներ գնար եւ փոխլրացնող քաղաքականութիւն վարեր: Այլ խնդիր է, որ Նիկոլ Փաշինեանի քաղաքականութեան բովանդակութիւնը բոլորովին այլ բանի մասին է խօսում: Սկսենք ԵՄ-ից: ԵՄ-ի ներկայացուցիչները փաստացի պնդում են, որ Փաշինեանն իրենց խնդրել է օգնել, աջակցել, որովհետեւ Հայաստանի դէմ իբրեւ կարող է հիբրիդային պատերազմ սկսւել Ռուսաստանի Դաշնութեան կողմից, եւ Արեւմուտքը պէտք է այս հարցում աջակցի Հայաստանին: Փաշինեանը բաւականին լուրջ ռեսուրսներ ունի, նա բնաւ ֆինանսական օգնութեան կարիք չունէր, այստեղ հարց կառաջանայ, իսկ ինչո՞ւ գնաց այդ քայլին, որովհետեւ ԵՄ-ն հրապարակաւ յայտարարել էր, որ Փաշինեանին աջակցում է որպէս Ռուսաստանի դէմ աշխատող գործչի: Փաշինեանի համար կարեւոր էր զուտ, որ նա ստանայ նման աջակցութիւն, եւ նա ստացաւ: Սա շատ կարեւոր է իր համար, որպէսզի գալիք ընտրութիւնների ժամանակ, հասարակութեան այն շերտին, որը ԵՄ-ով հիացած է, սրտատրոփ սպասում է վիզաների ազատականացմանը եւ այլն, այդ զանգւածից ստանայ քւէներ: Նա նաեւ ակնկալում է աջակցութիւն Թուրքիայից եւ Ադրբեջանից: Ինչպէս պէտք է լինի այդ աջակցութիւնը: Այդ երկրները պէտք է յայտարարեն, որ դրական են վերաբերւում Հայաստանին, որ պատրաստ են հայերի հետ առեւտուր անել, բենզին բերել եւ այլն: Թուրքիան էլ կը յայտարարի, որ սահմաններն է բացելու եւ այլն: Եթէ այս բոլոր յայտարարութիւնները հնչեն, Նիկոլ Փաշինեանին կը յաջողւի հասարակութեան վախեցած զանգւածին հաւատացնել, որ խաղաղութեան դարաշրջանը եկել է: Այդ ամենի հաշւին նա կը ստանայ քւէներ: Այսինքն՝ Փաշինեանն իր բոլոր քայլերը՝ Եկեղեցու դէմ արշաւից մինչեւ Թրամփի երթուղի, պայմանաւորում է նախընտրական քարոզարշաւով: Ինչու, որովհետեւ այդ մարդը գիտի, որ եօթ տարի շարունակ խայտառակ քաղաքականութիւն է վարել եւ երկիրը հիմնայատակ աւերել է, ուստի նա ունի անասնական վախ, որ կարող է կորցնել իշխանութիւնը: Տեսնելով, թէ հարեւան Վրաստանում ինչ է կատարւում Սահակաշւիլու հետ, նա վախենում է, որ նոյն բանը կարող է իր հետ պատահել: Ուստի ամէն ինչ անում է, որ 2026-ի ընտրութիւններով պահի իշխանութիւնը: Այն իր համար գոյաբանական խնդիր է: Այս ընտրութիւնը զուտ քաղաքական ընտրութիւն չէ նրա համար: Նա ամէն ինչ անելու է, որպէսզի բոլոր կողմերի հետ յարաբերութիւնները կարգաւորի: Ինչ մնում է Ռուսաստան կատարած այցին, ապա աւանդաբար դեկտեմբերի 22-ին Վլադիմիր Պուտինն այսպիսի այցեր է կազմակերպում ԱՊՀ երկրների համար: Նախորդ տարի Փաշինեանը չգնաց, որովհետեւ Ալիեւը չէր գնացել, քանի որ ադրբեջանական ինքնաթիռ էր խոցւել: Փաշինեանի կեանքի նպատակն էլ Ալիեւն է, յատկապէս՝ հիմա, որ կարողանայ վերարտադրւել: Քծնանքի յուշ-երեկոներ է կազմակերպում նրա համար: Շնորհակալութիւն է յայտնում, ամէն բան անում է, որպէսզի նախքան ընտրութիւնները կնքւի այդ խաղաղութեան պայմանագիր կոչւածը, եւ ինքն ընտրութիւններին յաջողութեան հասնի: Նա մարդկանց ապացուցելու խնդիր ունի, որ ինքը խաղաղութիւն բերող է:
– Կարծիքներ կան, որ ԵՄ-ից օգնութիւն խնդրելով՝ Փաշինեանը պատրաստւում է ընտրութիւններին կիրառել Մոլդովայի օրինակը:
– Փորձելու են կրկնել Մոլդովայի օրինակը, սակայն դա իրենց մօտ չի ստացւելու: Մոլդովայում Սանդուն պարտւեց, սակայն կարողացան յաղթանակ կորզել մոլդովական սփիւռքի կողմից: Օրէնքներն այնպէս փոխեցին, որ դրսում ապրող մոլդովացիները կարողանան մասնակցել ընտրութիւններին: Հասկանալի պատճառներով, դրսի դեսպանատներում չես կարող ընտրութիւնները պատշաճ վերահսկել, հասկանալի պատճառներով, ԵՄ երկրներում աշխատող կառոյցները կողմ են, որ նման իշխանութիւնները վերարտադրւեն, թէպէտ կան փաստեր, որ իրականում Մոլդովայի պարագայում մարդիկ դրսում այնքան էլ ակտիւ չէին: Իտալիայի տեղամասերում դատարկութիւն էր: Բայց, օրինակ, Մոսկւայում կար ընդամէնը երկու ընտրատեղամաս, եւ մարդիկ անգամ չէին կարողանում ընտրութիւններին նորմալ մասնակցել: Հայաստանում, սակայն, այն չի ստացւելու: Իրավիճակները տարբեր են: ԵՄ-ն դարձել է ԽՍՀՄ-ի պէս մի կառոյց: Թէպէտ ձեւով տարբերւում են, սակայն բովանդակութեամբ շատ նման են: ԽՍՀՄ-ն էլ փորձում էր փաթաթել իր կարծիքն այլոց վրայ, ներխուժում էր Չեխիա, Լեհաստան եւ այլն եւ թոյլ չէր տալիս, որ այդ ժողովուրդներն ինքնորոշւեն: Այժմ նոյն բանն անում է ԵՄ-ն, սակայն՝ փափուկ ձեւով: Չկայ ԽՍՀՄ-ը, տեղը բուսնել է ԵՄ-ն: Ի դէպ, ԵՄ-ի կենտրոնական կառոյցները ոչ մէկի կողմից չեն ընտրւում: Նշանակովի կառոյցներ են: Փաստացի, նրանք անգամ իրենց ժողովուրդների առաջ պատասխանատւութիւն չեն կրում:
Զրոյցը՝ ՀԱՅԿ ԳԷՈՐԳԵԱՆԻ



