ԱտրպատականՀամայնք

Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանն ու Կապանում հիւպատոսը այցելեցին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Երեքշաբթի, ապրիլի 22-ի երեկոյեան ժամը 8:30-ին, Հայաստանում ԻԻՀ-եան դեսպան Մեհդի Սոբհանի եւ Կապանում ԻԻՀ-եան հիւպատոս դոկտ. Աբեդինը, Հայաստանից ցամաքի ճանապարհով Թաւրիզ ժամանելով, ազգային առաջնորդարանում ընդունւեցին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի կողմից:

Ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում տեղի ունեցած հանդիպմանը ներկայ գտնւեց Թեմական խորհուրդը՝ ատենապետ Գագիկ Ջորջեանը, Վարդան Կարապետեանը, Ալէն Սայեադեանը, Հենրիկ Աբրահամեանը, եւ Քաթրին Դիլանեանը:

Առաջնորդ Սրբազանը ողջունելով քաղաքական հիւրերին, ընդհանուր տեղեկութիւն փոխանցեց Ատրպատականի հայոց թեմի կրօնական ու ազգային կառոյցների եւ հաւաքական կեանքի աշխատանքների մասին: Դեսպան Սոբհանի առաջին անգամ այցի եկած լինելով, իր ուրախութիւնը յայտնեց պատմութեամբ հարուստ թեմի կենտրոնատեղիում ներկայ գտնւելու առիթով, հայ ժողովրդի անցեալի եւ մանաւանդ ներկայ իրադրութեան մասին արտայայտւելով: Սփիւռք եւ մանաւանդ իրանահայութիւն եւ Հայաստան յարաբերութիւններին անդրադարձաւ դեսպանը, անդրադառնալով Սփիւռքի ներդրմանը եւ կարեւորութեանը:

Թեմական խորհրդի անունից ատենապետ Գագիկ Ջորջեանը եւս ողջունեց ներկաներին, Իրան-Հայաստան սահմանային թեմի բարեկամական ու հարազատ մօտեցումների առաւելութիւնները քննարկելով: Նա անդրադարձաւ նաեւ թեմական կեանքի աշխատանքներին եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան այն բացառիկ վերահասութեան, որը ցուցաբերւում է Ատրպատականի զոյգ շրջանների հայութեան նկատմամբ:

Շուրջ մէկ ժամ տեւած հանդիպման ընթացքին, Կապանում ԻԻՀ-եան հիւպատոսը եւս անդրադարձաւ այն սերտ կապերին, որ Ատրպատականի հայոց թեմը ունի իր գլխաւորած հիւպատոսարանի հետ, մշակութային եւ միասնական այլ աշխատանքներով:

Դեսպանն ու հիւպատոսը սիրով հրաւիրեցին առաջնորդ Սրբազան Հօրը եւ Թեմական խորհրդին, Հայաստան տւած այցի ժամանակ անպայման այցելելու նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանատուն եւ հիւպատոսարան:

Related Articles

Back to top button