
«ԱԼԻՔ» – Իրանի բանակի Օդուժի հրամանատար, գեներալ գնդապետ Բահման Բեհմարդը, Ս. Ծննդեան տօների առիթով քրիստոնեայ, մասնաւորապէս հայ զինծառայողների հետ հանդիպման ընթացքում շեշտել է, որ հայրենիքի եւ ընտանիքի պաշտպանութիւնը, ինչպէս նաեւ թշնամու սպառնալիքներին դիմակայելը, բոլոր իրանցիների համատեղ պարտականութիւնն է՝ անկախ կրօնից ու դաւանանքից։
Նա ընդգծել է միաստւածային կրօնների միջեւ առկայ ընդհանուր արժէքները եւ նշել, որ Յիսուս Քրիստոսը մուսուլմանների համար եւս ունի բարձր ու յարգելի դիրք։
Հրամանատարը յոյս յայտնեց, որ զինծառայութեան աւարտից յետոյ զինւորները Օդուժից իրենց հետ կը տանեն բարի յիշողութիւններ եւ ապագայում՝ իրենց գտնւող ցանկացած դիրքում, հասարակութեան մէջ եւս կը տարածեն այս ստորաբաժանումների զոհողութեան մշակոյթն ու արժէքները։
Հանդիպմանը ներկայ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւս ընդգծել է իրանահայ համայնքի խոր կապը հայրենիքի հետ եւ յայտարարել, որ անհրաժեշտութեան դէպքում հայերը պատրաստ են կեանքի գնով պաշտպանել սիրելի Իրանը։



