
Սփիւռքեան պայմաններում հայ ժողովրդի գոյատեւման գրաւակններից է հանդիսանում հայկական մշակոյթի բազմազան ոլորտների պահպանումը եւ այն մեր մատաղ սերնդին փոխանցելը: Այս գործին են լծւած մեծ թւով հայորդիներ, որոնք չեն խնայում իրենց կարելին այս ուղղութեամբ, դիմագրաւելով բազմաթիւ դժւարութիւններ:
Տարիներ է ինչ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան յարկի տակ իր աշխատանքն է ծաւալում «Ակունք» պարային համոյթը, հայ մատաղ սերնդի սաներին սովորեցնելով հայկական մշակոյթը, ինչու չէ նաեւ պարարւեստի տարբեր ժանրերը:
«Ակունք» պարային համոյթի գեղարւեստական ղեկավարը եւ բեմադրիչն է՝ Կարինէ Մանուչերեանը: Պարախումբը ունենալով տարիքային տարբեր խմբեր օժտւած է օգնականներով եւ փորձավարներով, թիւ 3 եւ թիւ 4 խմբերի փորձավարներն են՝ Փրենի Խաչատրեանը եւ Էլին Միրխանին, իսկ օգնական՝ Էմիլի Ղազարեանը:
Աւելի քան չորս տասնամեակ է ինչ «Ակունք» պարային համոյթը, իրարայաջորդ սերունդներով համայնքին է ներկայացնում հայկական ազգագրական եւ միջազգային պարային համարներ եւ ահա ուրբաթ, դեկտեմբերի 5-ին միութեան «Յովհ. Թումանեան» սրահում երկու ժամւայ ընթացքում համոյթի սաները հանդիսատեսին հրամցրին իրենց տարբեր ոճերի պարերը, որոնք նւիրւած էին պարախմբի հիմնադրման 40-ամեայ գործունէութեանը, որը իրականացաւ իւրայատուկ նորաձեւութեամբ: Նրանք իրենց գունազարդ եւ իւրաքանչիւր պարին յարիր հագուստներով ներկայացնում էին ոչ միայն հայկական, այլ նաեւ տարբեր ազգերի մշակոյթին պատկանող պարեր, որոնք հանդիսատեսի գնահատանքին էր արժանանում:
Միջոցառման աւարտին Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Կենտրոնական վարչութեան նախագահ Սերժիկ Հաքեանը, իր ողջոյնի խօսքը փոխանցելով՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանին, «ԱԼԻՔ» օրաթերթի ներքին տնօրէն Արգիշտի Թովմասեանին, միութիւնների ներկայացուցիչներին եւ ներկաներին, գնահատանքով անդրադարձաւ «Ակունք» պարային համոյթի կատարումներին եւ ընդգծեց, որ միջոցառումը առիթ հանդիսացաւ գէթ մի քանի ժամ անջատւելով կեանքի թոհուբոհից վայելել մշակութային ծրագիրը, որը արդիւնքն է թէ՝ խմբի գեղարւեստական ղեկավար եւ բեմադրիչ Կարինէ Մանուչերեանի, թէ՝ սաների, եւ թէ՝ խմբի աշխատաքներին միջամուխ բոլոր ծնողների երկարատեւ աշխատանքների: Նա բեմ հրաւիրեց Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին:
Պատգամաւոր Արա Շահվերդեանը նախ իր գնահատանքը յայտնեց «Ակունք» պարախմբի գեղարւեստական ղեկավար եւ բեմադրիչ Կարինէ Մանուչերեանին, պարախմբի սաներին իրենց կատարումների համար, ներկաներին, որոնք ապահովում են միջոցառումների իրականացումը եւ ծնողներին: Պատգամաւորը անդրադառնալով Կարինէ Մանուչերեանի մանագիտական աշխատանքներին նշեց, որ արդէն չորս տասնամեակ է ինչ Կարինէ Մանուչերեանը չի խնայում իր ազգանւէր ու բծախնդիր աշխատանքը թէ՝ որպէս «Ակունք» պարային համոյթի գեղարւեստական ղեկավար թէ՝ որպէս Հ. Մ. «Սիփան» միութեան «Սիփան» պարախմբի, թէ՝ Թաւրիզում «Տաթեւ» պարախմբի գեղարւեստական ղեկավար եւ ազգային ոգի է փոխանցում իր սաներին: Պատգամաւորը անդրադառնալով հայկական պարի խորհրդին, նշեց, որ այն փոխանցում է աւանդութիւններ, հայկականութիւն եւ մեզ ներկայացնում հայկական հարուստ մշակոյթը:
Վերջում միութեան Կենտրոնական վարչութեան կողմից ծաղկեկողովներով գնահատւեցին համոյթի գեղարւեստական ղեկավարը եւ սաները:
Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ
Լուսանկարիչ՝ ԱՐԲԻ ՇԱՀԲԷԳԵԱՆ
























