Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գերմանացի պատմաբան. «Ի՞նչ կը մնայ Հայաստանից, եթէ նրա եկեղեցին տապալւի»

«ԱԼԻՔ» – Գերմանացի պատմաբան Միքայէլ Հեզեմանը կարծում է, որ Հայաստանի համար չափազանց վտանգաւոր իրավիճակ է ստեղծւել։ Եկեղեցու դէմ ՀՀ կառավարութեան ճնշումները բեւեռացնում են հասարակութիւնը։ Այս մասին ըստ Panorama.am-ի՝ նա ասել «Շողակաթ» հեռուստաընկերութեան հետ զրոյցում:

Ըստ նրա՝ միշտ կան մարդիկ, որոնք կառավարութեան եւ կան մարդիկ, որոնք եկեղեցու կողմից են։ Նա նկատել է, որ մի կողմից Հայաստանը բռնել է ժողովրդավարութեան ուղին, բայց կառավարութիւնը գնում է բռնապետութեան ճանապարհով եւ թելադրում է եկեղեցուն։

«Իւրաքանչիւր քաղաքակիրթ, ժողովրդավար պետութիւնում յստակ սահմանազատւած են եկեղեցին ու պետութիւնը, պետութիւնը երբեք չի միջամտում եկեղեցու ներքին գործին, եկեղեցին ամէն ազգի խիղճն է եւ պետութիւնն իրեն չէզոք է պահում։ Յատկապէս Հայաստանում եկեղեցին շատ կարեւոր դեր ունի, քրիստոնէութիւնը ձեր ազգային ինքնութեան կարեւոր մասն է։

Քրիստոնէութիւնը ձեզ բաւականաչափ զօրացրել է, օգնել է յաղթահարելու անցեալի բոլոր յարձակումները, աղէտները, պահպանելու ձեր հայկական ինքնութիւնը։ Եւ յանկարծ, անսպասելիօրէն ձեր ազգի ոգին ճնշումների է  ենթարկւում կառավարութեան կողմից, չափացանզ վտանգաւոր իրավիճակ է, քանի որ առաջին հերթին բեւեռացնում է մարդկանց։

Եկեղեցու դէմ ուղղւած ցանկացած գործողութեամբ դուք պառակտւում էք  իբր ազգ, պառակտւած ազգը միշտ թոյլ է։ Մինչդեռ հիմա ագրեսիա են դրսեւորում ձեր երկրի միաժամանակ երկու հարեւանները՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, որը հէնց հիմա զբաղւում է մշակութային ցեղասպանութեամբ Արցախում։ Իբրեւ ազգ՝ ուժեղ ու միասնական պէտք է լինէք, յատկապէս պէտք է առաջին հերթին կանգնէք ձեր երկրի եկեղեցու եւ նրա Հայրապետի կողքին։

Ես սաստիկ անհանգիստ եմ Հայաստանի համար. ի՞նչ կը մնայ Հայաստանից, եթէ նրա եկեղեցին տապալւի, որովհետեւ քրիստոնէական հաւատքը ձեր հայ լինելու, ձեր ինքնութեան մասն է։ Այս աշխարհում քրիստոնէութիւն ընդունած առաջին երկիրն էք, ուստի այստեղ տեղի ունեցողը մտահոգիչ է, երբեք չէի հաւատայ, որ այս ամէնը հէնց Հայաստանում է տեղի ունենում։  Մեր ոչ մի ազատ, դեմոկրատական երկրում նման բան երբեք չէր կատարւի։

Կաթողիկոսից վեր էլ ո՞վ կայ, միայն Աստւած, աստւածային նախախնամութիւնն է այդ մարդուն այս ժամանակահատւածում դարձրել Հայրապետ։ Սա աստւածային կամքն է։  

Նորին Սրբութիւնը յարգանք է վայելում ամբողջ քրիստոնէական աշխարհում։ Պէտք է միայն հպարտանաք նրանով։

Աշխարհում ուղղակի մեծ շփոթմունք կառաջանայ, եթէ Կաթողիկոսին մի բան պատահի։ Դա կը ցնցի աշխարհը, դա բնաւ լաւ չի Հայաստանի հեղինակութեան համար»,- ասում է պատմաբանը։

Related Articles

Back to top button