Թեհրան

Իսրայէլ Վարդանեանի յիշատակին

(Մահւան 40-օրեակի առթիւ)

2023 թւականի դեկտեմբերի 12-ին, Թեհրանում երկնային կեանքից հեռացաւ լուսահոգի ազգային, մշակութասէր, վաստակաշատ ու ցենզաւոր միութենական Իսրայէլ Վարդանեանը, անհուն վիշտ ու ափսոսանք պատճառելով իր ընտանիքին, հարազատներին եւ շրջապատին:

Ծնւել էր 1933 թւականին՝ Իրանի Կենտրոնական նահանգի Քեամարա գաւառի երբեմնի զուտ հայաբնակ Լիլիան գիւղում, մի նահապետական գերդաստանում: Մանուկ հասակում կորցնում է իր ծնողներին, 1940 թւականին հաստատւել է Թեհրանի Վիլլա քաղաքամասում իր հօրեղբօր տղայի բնակարանում՝ ուր ստացել է իր տարրական ուսումը, ապա անցել է աշխատանքի «Բոխանեան» փայտէ աթոռ պատրաստող գործարանում: Մի քանի տարի այդտեղ աշխատելուց յետոյ, հիմնում է իր սեփական արհեստանոցը եւ աւելի քան 40 տարի զբաղւել է հիւսնութեամբ ու դաշնամուրի եւ այլ իրերի ներկարարութեամբ՝ այդ արհեստում ձեռք բերելով մեծ համբաւ:

Իսրայէլը փարւած էր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան գաղափարին եւ իր ներդրումն է ունեցել իրանահայ կեանքում՝ անդամակցելով հայկական միութիւնների ու ազգային մարմինների աշխատանքներին: Անդամ էր Իրանի Հայ Արհեստաւորների եւ «ՀՈՒՍԿ» հաստատութեան, նաեւ չորս տարի ծառայել է Թեհրանի հայոց ազգային «Շանթ» եւ «Ռոստոմ» դպրոցներում որպէս՝ ծնողական խորհրդի անդամ:

Հայ մարզա-մշակութային «Նայիրի» միութեան հիմնանդրութեան սկզբնական օրւանից անդամակցում էր միութեան Երէցների մարմնին եւ մասնակցել է բաժանմունքի կողմից նախաձեռնւած տարբեր յանձնախմբերի աշխատանքներին:

1970 թւականին ամուսնացել է օր. Սրբուհի Այւազեանի հետ ու բախտաւորւել է երեք զաւակներով՝ Սեւակ, Սեպուհ եւ Սեւադա անուններով, ունի երկու թոռ՝ Լիա եւ Թենի անուններով, որոնց եւս դաստիարակել է ազգային ոգով, որոնք ներկայիս իրենց մասնակցութիւնն են բերում համայնքի ազգային-հասարակական ու մշակութային աշխատանքներին:

Իսրայէլ Վարդանեանը հայրենասէր էր, թէեւ շատ չէր արտայայտւում, սակայն հայրենասիրութիւնը բխում էր իր էութիւնից եւ վարակիչ էր ընտանիքի բոլոր անդամների համար, յիշենք այն, որ վերջին տարիներում միայն հայրենիքի ջուրը, հողը եւ հացը սփոփում էին նրա կարօտը հայրենիքի նկատմամբ: Քաջալերում էր մեզ, ու իր զաւակներին, բարձր պահել մարդկային առաքինութիւնները, չվախենալ եւ համարձակօրէն լինել ճշմարիտ:

Յարգանք նրա վաստակին ու բարի յիշատակին:

Այս մի քանի տողերը թո՛ղ յիշատակի յարգանք ու խունկ համարւեն նրա թարմ շիրիմին եւ մխիթարութիւն հանդիսանայ հարազատներին:

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան վարչութիւն եւ անդամներ

Related Articles

Back to top button