«ԱԼԻՔ» օրաթերթի խմբագրութեան բազմամեայ աշխատակից, հաւատաւոր գաղափարական, ազգային-հասարակական գործիչ Վարդան Դաւթեանի մասին խօսելը դժւար է: Կան մարդիկ, ովքեր իրենց կեցւածքի, վարքագծի ու մարդկային յարաբերութիւնների իւրայատկութիւնների շնորհիւ ֆիզիկական բացակայութեամբ եւս առյաւէտ մնում են շրջապատի յուշերի քաղցր անկիւնում: Կան մարդիկ, որոնց յաճախակի հանդիպելը դառնում է սովորութիւն ու կարօտը մնում է անամոքելի: Այդ ընկերներից էր Վարդան Դաւթեանը: Գաղափարական մղումով տարիներ շարունակ եւ իր կեանքի մեծ մասով իր ծառայութիւնն է բերել ազգային-հասարակական բոլոր ասպարէզներում, նւիրւածօրէն կատարելով որեւէ պարտականութիւն, որ յանձնարարւել է իրեն:
Վարդան Դաւթեանը ծնւել էր 1955 թւականին Թեհրանում: Իր կրթութիւնը ստացել էր Թեհրանի ազգային «Քուշեշ- Դաւթեան» դպրոցում, մի դպրոց, որը մեր համայնքում սնել ու դաստիարակել է ազգայինների մի բոյլ: Նա իր կեանքի մեծ մասով իր ծառայութիւնն էր բերել Թեհրանի հայկական համայնքին: Չի կարելի չյիշել Իրանի դէմ Իրաքի պարտադրեալ պատերազմի տարիները եւ Վարդան Դաւթեանի անմնացորդ ծառայութիւնները: Սիրելի Վարդանն էր ով իր մէջ համարձակութիւն էր գտնում ճանաչելու եւ ընտանիքներին յանձնելու մեր հայ նահատակներին: Ուր անհրաժեշտ էր՝ ներկայ էր նա, լինէր՝ Թեհրանի ազգային առաջնորդարանի Հանրութեան հետ կապի գրասենեակ, որտեղ իր աշխատանքի երկար տարիներին հաւաքագրել էր հայ նահատակների, անձնուրացների ու գերեվարւածների կենսագրական տւեալները, Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան ժամանակի պատգամաւոր Վարդան Վարդանեանի գրասենեակում, թէ՝ համայնքային բազմազան միջոցառումներ, որոնց հաղորդավարութիւնն էր ստանձնում եւ լաւագոյնս իրականացնում, կամ Իրանի Ռուդբար քաղաքի երկրաշարժը, որտեղ նրան յանձնարարւել էր «ԱԼԻՔ»-ի կողմից որպէս լրագրող ներկայ լինել քանի որ Վարդանը միակ լրագրողն էր, ով Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կողմից ունէր լրագրողական պաշտօնական արտօնագիր: Դժւար է յիշել վերջին 40 տարիների ազգային-հասարակական որեւէ միջոցառում, որին ինչ որ ձեւով դերակատար եղած չլինէր Վարդան Դաւթեանը: Վարդանին էր վստահւում հայկական բազմաթիւ բեմերում, ինչու չէ հայկական մասշտաբում պետական միջոցառումների հաղորդավարութիւնը, որոնք տոգորւում էին նրա համահունչ հաղորդավարութեամբ:
Վարդան Դաւթեանը 1985 թւականին ամուսնացաւ ազգային ոգով տոգորւած Ալիս Իւթուջեանի հետ, ով նաեւ երկար տարիներ աշխատակցել է «ԱԼԻՔ» օրաթերթին եւ համբերատար կատարել իրեն յանձնարարւած բոլոր աշխատանքները: Վարդանի կեանքը իմաստաւորւած էր իր երկու զաւակներով Թուխծամով եւ Դաւիթով, անուններ, որոնք արտացոլում են ազգային, գաղափարական հայ ընտանիքի մասին, իսկ վերջին տարում նրա կեանքին յատուկ իմաստ տւեց իր սիրելի թոռնիկը:
Վարդան Դաւթեանը դպրոցական վաղ տարիքից նետւելով ազգային-հասարակական ու մշակութային աշխատանքների ասպարէզ՝ երեւան է բերել ակնառու ձիրք ու նւիրւածութիւն՝ պատանեկան ու երիտասարդական միութենական շրջանակներում: Ազգային այս մղումից ելնելով, նա երիտասարդ տարիքից անդամագրւեց իր փայփայած կուսակցութեան՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերում:
Սիրելի Վարդան հնարաւոր չէ այս տողերով ներկայացնել այն ամէնը ինչ դու իրականացրիր քո ոչ երկար, բայց բեղմնաւոր կեանքի տարիներին: Ցաւօք վերջին տարիներին հիւանդութիւնը նրանից խլեց իր աշխուժութիւնն ու կենսուրախութիւնը, բայց նա մեր յուշերում միշտ կը մնայ, որպէս կատակասէր Վարդան, ով որպէս նւիրում հասարակական կեանքին՝ ունեցել է ընկերական լայն շրջան: Դժբախտաբար 2023 թ. դեկտեմբերի 18-ին մեր սիրելի ընկեր Վարդանը ընդմիշտ փակեց իր աչքերը, խորը վիշտ պատճառելով իր ընտանիքին, ընկերներին ու հարազատներին, միեւնոյն ժամանակ իրենից թողնելով բարի եւ անմոռաց յիշատակ՝ իբրեւ ամուսին, ծնող եւ յանձնառու ընկեր:
Հողը թեթեւ գայ վրադ սիրելի Վարդան: Ընկերներդ միշտ կը յիշեն քեզ:
Մի ընկեր