Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային» նախագծեր խումբ
«ԱԼԻՔ» – 3-րդ հանրապետութիւնը ձախողւեց, որովհետեւ միտքը, ազգային կապիտալը եւ քաղաքական ինստիտուտներն իրար չհանդիպեցին. զարգացան զուգահեռ կեանքերով, եւ կուլմինացիան Նիկոլի իշխանութիւնն էր։
Օրերս մասնակցում էի Նիւմեգ հրատարակչութեան կազմակերպած՝ Տիգրան Հայրապետեանի գրքի շնորհանդէսին։ Նիւմեգը լուրջ գործ է արել՝ հինգհատորեակով թողարկել է Տիգրանի քաղաքագիտական աշխատութիւնները՝ ամփոփելով նրա ժառանգութիւնը։ Սա իրօք կարեւոր է՝ մեր քաղաքագիտական մտքի եւ իրական բանավէճի աղքատացման (անապատացման) ֆոնին։
Շնորհանդէսի ընթացքում յիշեցրին Տիգրանի մի ձեւակերպումը՝ ասւած երեւի 30 տարի առաջ, որ մեր պետութիւնը միտք է ուզում, ու մեր փոխարէն ոչ ոք դա չի անի։ Մենք պէտք է մեր երկրում միտք գեներացնենք, առանց մտքի ոչ մի զարգացում չի լինի։
Այսօրւայ անմիտ Հայաստանի համար սա որպէս վերակենդանացման ուղերձ է հնչում։
Անմտութիւնը` գովելի, կարծիք չունենալը՝ յաջողութեան կարեւոր պայման
Անմտութիւնը մեզ շատ երկար է ուղեկցել։ Մեր պետական, քաղաքական եւ հանրային ինստիտուտները լեցուն են եղել անմտութեամբ, իսկ ազգային կապիտալն ընդհանրապէս ապրել է վայրի պատկերացումներով՝ պատասխանատւութեան եւ քաղաքակրթական գրեթէ զրոյական ցուցանիշներով։
Հայկական «պետական մտածողութեան» երկնակամարում մինչեւ վերջերս վառ էր օվկանիոսի միւս կողմից հնչող «բարոյա-էթիկական քարոզը»։ Հայկական օջախները, ուսուցչանոցները, բակերը, խոհանոցները լեցուն էին դրանով։ «Քարոզչի»՝ սրա-նրա «տուն մտնելու» սպառնալիք-ուղերձները մեր ազգային դեֆոլտի ամփոփումն էին։
Բայց նոյնիսկ սա չէ ամենավտանգաւորը. եթէ յետադարձ հայեացքով նայենք, թէ խորհրդարանական խմբակցութիւններում 20-25 տարի շարունակ ինչ տոկոս էին կազմում ոչ տառաճանաչները, ինքնուրոյն անգամ մէկ նախադասութիւն ձեւակերպելու անունակները, տասնամեակներով որեւէ միտք չձեւակերպածները, թէ քանի´ կիսագրագէտ, կրիմինալ նախարար, մարզպետ ու քաղաքապետ ենք ունեցել, ապա էլ ինչի՞ վրայ զարմանանք։
Հայաստանում պաշտօններն ընկալւել են որպէս փող աշխատելու, իսկ այնուհետեւ՝ մի կողմ քաշւելու տրամպլին։ Քանի՞ բարձրաստիճան պաշտօնեայ է պաշտօնաթողութիւնից յետոյ անմիջապէս լքել Հայաստանը, քանի՞ նախարար ու անգամ՝ նախագահ։
Չէ՞ որ սա խոպան չի, սա մեր պետութիւնն է, որը զարմանալիօրէն անտէր տարածքի ընկալում ստացաւ։
2018-ի իրադարձութիւնների ժամանակ ասել եմ, որ շատ վտանգաւոր է 10 հազար դրամով քւէարկողների յեղափոխութիւնը։ 10 հազար դրամով քւէարկելն ու Նիկոլին աստւածացնելը մտքի բացակայութեան տարբեր դրսեւորումներն են։ Իսկ ի՞նչ ենք արել մենք՝ աւելի լաւ հասարակութիւն եւ աւելի լաւ քաղաքացի ունենալու համար։ Ոչինչ։ Մեր անմտութիւնը յանգեցրեց նրան, որ սխալ հասկացւեց, թէ ինչի մասին է մեր պետութիւնն ընդհանրապէս։
Հիմա, երբ տեսանելի ոչ մի լաւ սցենար չկայ, իսկ աշխարհն այնպիսին է, որ այսօր թոյլատրւած են քաղաքների եւ գիւղերի ռմբակոծութիւնը, ոչնչացումը, բռնի տեղահանութիւններն եւ ցեղասպանութիւնը, մեզ համար միտքը դառնում է ամենակարեւոր գործօնը, որը կարող է փրկութեան ելքեր ձեւակերպել։
Նիկոլից ազատւելու պրոցեսը եւ յետնիկոլական շրջանն ունի լուրջ ռիսկեր։ Հայաստանի յետպատերազմեան վերականգնումն ընդհանրապէս պահանջում է լուրջ ինտելեկտ, լուրջ աշխարհայեացք, ժամանակի եւ հնարաւորութիւնների ճիշտ ընկալում, աշխարհի հետ խօսելու ճիշտ լեզու։ Եւ, իհարկէ, ազնւութիւն։
Այսօրւայ վիճակը, երբ պետական մտածողութեամբ փոքր շերտն ապրում է իր կեանքով (յուսահատութեան շեմին), փող ունեցողները՝ իրենց կեանքով, եւ լայն զանգւածները՝ իրենց, շատ դժւար է լինելու ապագան։ Առաջիկայ լիդերութեան կարեւորագոյն անելիքը պետական մտքի, ազգային կապիտալի եւ ինստիտուտների ներդաշնակութիւնը ստանալն է։ Մնում է հասկանալ՝ իսկ արդեօք լիդերութեան յայտ ներկայացնողները սա հասկանո՞ւմ են։ Արդեօք, գոնէ այսքանից յետոյ, մեր երկրում ամենաթանկը մի՞տքը կը լինի, թէ՞ կը լինի ինչպէս սովորաբար։