Յակոբ Բադալեան. «Ուկրաինական կարգաւորում ասւածը հսկայածաւալ ռեսուրսների շուրջ սակարկութիւն է»

«ԱԼԻՔ» – Քաղաքական մեկնաբան Յակոբ Բադալեանի թելեգրամեան գրառումը.
«Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Վաշինգտոնում յայտարարել է, որ Եւրոմիութիւնը 138 միլիարդ եւրոյի օժանդակութիւն է ցուցաբերել Ուկրաինային պատերազմի այս ընթացքում:
Յայտնի է, որ Թրամփը պարբերաբար խօսում է ամերիկեան 350 միլիարդ օժանդակութեան մասին: Նախօրէին էլ այդ մասին խօսել է Մակրոնի հետ՝ լրագրողների հարցերին պատասխանելիս, ասելով, որ ակնկալում է կամ ընթացիկ շաբաթ, կամ գալիք շաբաթ Վաշինգտոնում ընդունել Զելենսկուն եւ ստորագրել հանածոների վերաբերեալ պայմանագիրը:
Թրամփի հետ վաշինգտոնեան հանդիպմանը Ֆրանսիայի նախագահը ըստ ամենայնի բարձրաձայնել է Եւրոպայի «բաժնեմասի» հարցը: Դա է 138 միլիարդ եւրոյի մասին յայտարարութեան իմաստը, այլ ոչ թէ պարզապէս արձանագրելը, որ Եւրոպան էլ օժանդակել է: Մակրոնը այդ թւով ներկայացնում է «բալանսը», ինչը նշանակում է, որ ակնկալում է նաեւ ըստ այդ բալանսի բաժնեմաս՝ այսպէս ասած ուկրաինական կարգաւորումից:
Յատկանշական է, որ նա յայտարարում է Պուտինի հետ խօսակցութիւնը վերսկսելու «իսկական ժամանակի» մասին: Ակնարկը թերեւս այն է, որ ինքը կարող է պայմանաւորւել նաեւ Պուտինի հետ, եթէ Թրամփը բաւարար չափով հաշւի չառնի իր շահերը:
Բայց, բաւականին ուշագրաւ յայտարարութիւն է անում Պուտինը՝ Մակրոն-Թրամփ հանդիպանը զուգահեռ: Նախ, յատկանշական է, որ նա իր հերթին Ռուսաստանում խորհրդակցութիւն է անցկացնում հանածոների թեմայով, յետոյ ճեպազրոյց տալիս եւ ասում, որ ուկրաինական հանածոների վերաբերեալ Թրամփի մտադրութիւնները Ռուսաստաննի գործը չէ, այլ Վաշինգտոնի եւ Կիեւի:
Պուտինը կարծես թէ ակնարկում է, որ, եթէ Թրամփը «խօսքի տէր» լինի ամերիկա-ռուսական «տրեկում», Ռուսաստանը այսպէս ասած զուգահեռ քննարկումների մէջ չի մտնի Թրամփի եւրոպական «վիզաւիների» հետ, որոնց շարքում է նաեւ Մակրոնը:
Սա իհարկէ իմ դիտարկումն է, այլ ոչ թէ պնդումը: Բայց, ակնառու է, որ ուկրաինական կարգաւորում ասւածը ոչ միայն քաղաքական, աշխարհաքաղաքական ազդեցութեան գօտիների, այլ նաեւ բառի բուն իմաստով հսկայածաւալ ռեսուրսների շուրջ մեծ սակարկութիւն է: Դրա մի վկայութիւնն էլ այն է, որ նախօրէին Պուտինը նշանակում է տնտեսական հարցերի յատուկ բանագնաց, որն այլ բան չէ, քան ԱՄՆ հետ տնտեսական հարցերի քննարկման բանագնաց: Այդ կարգավիճակը ստացել է Ուղղակի ներդրումների հիմնադրամի նախագահ Կիրիլ Դմիտրիեւը, որը վաղեմի սերտ կապեր ունի ամերիկեան ֆինանսատնտեսական շրջանակների հետ: Ի դէպ, Դմմիտրիեւը մասնակցել էր Էր Ռիադում պատւիրակութիւնների առաջին հանդիպմանը»: