ՄիջազգայինՔաղաքական

Բաքւի դատարանում շինծու դատավարութեան ժամանակ Ռուբէն Վարդանեանի ինքնազգացողութիւնը վատացել է, նիստն ընդհատւել է

«ԱԼԻՔ» – Բաքւում ապօրինի պահւող Ռուբէն Վարդանեանի գործով շինծու դատավարութեան  ժամանակ Վարդանեանի ինքնազգացողութիւնը վատացել է, նիստն ընդհատւել է, ապա բժշկական զննումից յետոյ վերսկսւել է։ Այս մասին յայտնում են ադրբեջանական լրատւամիջոցները։

Ռուբէն Վարդանեանը հրաժարւել է ցուցմունք տալ եւ պատասխանել որեւէ հարցի։ Նրա փաստաբանի միջնորդութիւնը` դատարանի կազմը վիճարկելու, անհիմն է ճանաչւել եւ մնացել առանց քննարկման։

Յաջորդ «դատական նիստը» նշանակւել է մարտի 4-ին։

Յիշեցնենք, որ Վարդանեանը փետրւարի 19-ին հացադուլ էր յայտարարել։

Նա ընտանիքի հետ հեռախօսազրոյցի ժամանակ փոխանցել էր միջազգային հանրութեանն ուղղւած իր յայտարարութիւնը՝ ի նշան կեղծ «դատավարութեան» դէմ բողոքի.

«Ես որոշում եմ կայացրել հացադուլի միջոցով բողոքս յայտնել ի նշան իմ նկատմամբ իրականացւող դատական ֆարսի: Սա իմ պատասխանն է միջազգային իրաւունքի եւ Ադրբեջանի դատավարական իրաւունքի նորմերի կոպտագոյն խախտումներին: Այն, ինչ կատարւում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարութիւն: Դա քաղաքական շոու է, որտեղ ցուցադրաբար արհամարհւում է արդար դատաքննութեան իմ իրաւունքը:

Վերջին մէկ ամսւայ ընթացքում ես ու իմ այստեղի փաստաբան Աբրահամ Բերմանը փորձել ենք դատարանին հասանելի դարձնել, որ ինձ համար չափազանց կարեւոր է, որ «դատաքննութիւնը» լինի օբիեկտիւ, այլ ոչ թէ իմիտացիոն բնոյթ կրի:

Ցաւօք, հէնց սկզբից էլ պարզ էր, որ այս գործն ուղղւած է իմ դէմ միայն նրա համար, որ ես իրացրել եմ միջազգային նորմերով սահմանւած՝ կարծիքի արտայայտման ազատութեան եւ քաղաքական մասնակցութեան իմ իրաւունքը, որի նպատակն էր պաշտպանել Արցախի քրիստոնեայ հայ բնակչութեան իրաւունքները:

Չնայած որ Ադրբեջանը հանդիսանում է Մարդու իրաւունքների եւրոպական կոնւենցիայի ու Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների միջազգային դաշնագրին անդամ, այս գործընթացն իրականացւում է բոլոր կիրառելի իրաւական նորմերի եւ իրաւական ընթացակարգերի կոպտագոյն խախտումներով՝

  • Իմ գործը քննւում է ապօրինի ռազմական, ոչ թէ քաղաքացիական դատարանը:
  • Ես չեմ ունեցել լիարժէք հասանելիութիւն մեղադրական եզրակացութեանն ու իմ դէմ ներկայացւած այսպէս կոչւած «ապացոյցներին». ադրբեջաներէնով գրւած 422 հատոր նիւթերին ծանօթանալու համար ինձ տրամադրւել է ընդամէնը 21 աշխատանքային օր:
  • Ինձ ներկայացւած «մեղադրական եզրակացութիւնը» պաշտօնական փաստաթուղթ չի հանդիսանում, քանի որ ստորագրւած չէ մեղադրողների կողմից: Այդ «փաստաթղթի» թարգմանութեան մէջ անգամ թոյլ են տրւած այնպիսի սխալներ, որոնք հնարաւորութիւն չեն տալիս հասկանալ ինձ ներկայացւած մեղադրանքների էութիւնը:
  • Ես զրկւած եմ պաշտպանութեան իրաւունքից. սահմանափակւում է իմ փաստաբան Աբրահամ Բերմանի հասանելիութիւնը գործի նիւթերին, առգրաււում են փաստաթղթեր, հոգեբանական ճնշում են գործադրում նրա վրայ: Բացի այդ, իմ միջազգային իրաւաբանական թիմին արգելւել է շփւել կամ հանդիպել ինձ հետ եւ հասանելիութիւն ունենալ գործի նիւթերին:
  • Ինձ թոյլ չի տրւում հրաւիրել պաշտպանական կողմի վկաների եւ բողոք ներկայացնել ընդդէմ այն խախտումների, որոնք թոյլ են տրւել նախաքննութեան եւ դատաքննութեան ընթացքում:
  • Բոլոր նիստերն անցկացում են գաղտնի եւ հանրութեան համար փակ: Միջազգային լրագրողների եւ միջազգային ներկայացուցիչների մուտքը դատարան խոչընդոտւում է:

Այս «դատաքննութիւնը» միայն իմ նկատմամբ չէ: Սա փորձ է դատապարտելու բոլոր հայերին, որոնք օգնել ու աջակից են եղել Արցախին ու նրա բնակչութեանը: Սա հարւած է՝ ուղղւած մի ողջ ժողովրդի:

Ես հրաժարւում եմ այս ֆարսին մասնակցելուց:

Ես դիմում եմ աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպութիւններին, իրաւապաշտպաններին, լրատւամիջոցների ներկայացուցիչներին՝

Այս գործընթացը ձեր ուշադրութիւնն է պահանջում: Արդարադատութեան իմիտացիան ապօրինութիւնն ու անարդարութիւնն արդարացնելն է: Նման խախտումներն անարձագանգ թողնելը ճանապարհ է հարթելու ապագայ ողբերգութիւնների համար՝ թշնամանքի ու ատելութեան  նոր ալիք հրահրելով: Միայն ճշմարտութեան, օրէնքի ու հումանիզմի միջոցով է հնարաւոր տարածաշրջանում արդարութիւն ու խաղաղութիւն ապահովել։

Related Articles

Back to top button