Դոկտ. Ահմադ Քազեմին «Օրէնսդրական պարտաւորութիւններ» գիտաժողովում. «Միջազգային իրաւունքի ակնոցից՝ փոքրամասնութիւնների բնութագրիչներից մէկը պատկան երկրի նկատմամբ հաւատարմութեան տարրն է»

«ԱԼԻՔ» – Մայիսի 13-ին, «Օրէնսդրական պարտաւորութիւններ» (Ժողովրդի իրաւունքները հիմնարար ազատութիւնների տեսանկիւնից) գիտաժողով է տեղի ունեցել «Շահիդ Բեհեշթի» համալսարանի մարդու իրաւունքների, խաղաղութեան ու ժողովրդավարութեան ամբիոնի նախաձեռնութեամբ, եւ «Փոքրամասնութիւնների իրաւունքների հետազօտական կենտրոնի» համագործակցութեամբ, որին մասնակցել են տասնեակ դասախօսներ եւ ուսանողներ:
Համալսարանի միջազգային իրաւունքի դասախօս, դոկտ. Ահմադ Քազեմին, անդրադառնալով 2-րդ համաշխարհային պատերազմից ցայսօր միջազգային մարդու իրաւունքների համակարգի շրջանակներում փոքրամասնութիւնների իրաւունքների զարգացումների հետ կապւած գործընթացներին, ընդգծել է. «Միջազգային իրաւունքում փոքրամասնութիւնների կարեւոր բնութագրիչներից մէկը, որը որոշ երկրներում անտեսւում է, փոքրամասնութիւնների հաւատարմութեան հարցն է։ Այսինքն՝ խումբ, որը ներառւած է փոքրամասնութիւնների հասկացութեան շրջանակում եւ իրաւունք ունի պաշտպանելու իր իրաւունքները, եւ ունի համապատասխան երկրի նկատմամբ հաւատարմութեան տարր»:
Դոկտ. Քազեմին անդրադարձել է նաեւ իրանական կրօնական փոքրամասնութիւնների բարձրացրած որոշ խնդիրներին այդ թւում արնեգնին վերաբերող խնդիրների, եւ որպէս լուծում առաջարկել ակադեմիկ շրջանակների կարծիքը ներառելու կարեւորութիւնը:
Ստորեւ ներկայացւում է դոկտ. Ահմադ Քազեմիի ներկայացրած յօդւածի կարեւոր հատւածները:
«Փոքրամասնութիւնների իրաւունքները մարդու իրաւունքների դրսեւորման լաւագոյն տեսակն են։ ՄԱԿ-ի Կանոնադրութեան վաւերացումից յետոյ, ի տարբերութիւն Ազգերի լիգայի եւ համապատասխան դաշնագրի դարաշրջանի, որոնք ունէին փոքրամասնութիւնների համար յատուկ ռեժիմ եւ քննարկում էին փոքրամասնութիւնների համար նախատեսւած պայմանագրեր, Ազգերի լիգայի համակարգը, որը հիմնւած է մտաւորականութեան ու ինդիւիդուալիզմի վրայ, սահմանում է մարդու իրաւունքների ընդհանուր համակարգ եւ նախատեսում՝ հաւասար իրաւունքներ, արդարադատութիւն, եւ հիմնարար ազատութիւններ բոլոր մարդկանց համար։ Իհարկէ, կանոնադրութեան մշակման հետ մէկտեղ կարծիքները տարբեր էին։ Սակայն, մարդու իրաւունքների ընդհանուր եւ անհատական մօտեցման պատճառով, տեքստում «փոքրամասնութիւններ» տերմինը ընդհանրապէս չի յիշատակւում։ Որովհետեւ կար այն գաղափարը, որ մարդու իրաւունքների ընդհանուր համակարգն է, որ միայն կարող է բաւարարել բոլոր մարդկանց, այդ թւում՝ փոքրամասնութիւնների կարիքները։
Սակայն Միաւորւած Ազգերի Կազմակերպութեան մեխանիզմների շրջանակներում շուտով ի յայտ եկան փոքրամասնութիւնների իրաւունքների հարցը հետապնդող ինստիտուտներ։ «Խտրականութեան կանխարգելման եւ փոքրամասնութիւնների պաշտպանութեան ենթայանձնաժողովի» ստեղծումը 1947 թւականին Միաւորւած Ազգերի Կազմակերպութեան կողմից այս ուղղութեամբ ձեռնարկւած առաջին ու ամենալուրջ քայլն էր։ Այս յանձնաժողովը լաւ ջանքեր է գործադրել փոքրամասնութիւններին վերաբերող ուսումնասիրութիւնները քննարկելու եւ փոքրամասնութիւն հասկացութիւնը սահմանելու փորձերի հարցում, որը, իհարկէ, միջազգային եւ իրաւական հանրութեան մէջ որեւէ միասնական սահմանման կամ եզրակացութեան չի հասնում։
1966 թւականին, երբ վաւերացւեց Քաղաքացիական ու քաղաքական իրաւունքների մասին միջազգային դաշնագիրը, 27-րդ յօդւածը քննարկում էր փոքրամասնութիւնների իրաւունքները մշակութային, լեզւական եւ կրօնական իրաւունքների ոլորտներում։
Իհարկէ, իրաւաբանները դրական չեն վերաբերւում այս յօդւածին, քանի որ յօդւածի երանգը բացասական է եւ փոքրամասնութիւնների իրաւունքներին անդրադառնում է բացասական տեսանկիւնից՝ նշելով, որ այդ իրաւունքները չպէտք է մերժւեն։ Սա նշանակում է, որ կառավարութիւններն ու երկրները դեռեւս դրական տեսանկիւնից չեն դիտարկել փոքրամասնութիւնների իրաւունքները։
Սակայն այս միտումը շարունակւեց, եւ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ սկսւեցին նոր ջանքեր միջազգային մարդու իրաւունքների համակարգում փոքրամասնութիւնների իրաւունքների զարգացման ոլորտում։
Խորհրդային Միութեան փլուզումն ինքնին պատճառ դարձաւ մի շարք էթնիկ հակամարտութիւնների նախկին Խորհրդային Միութիւնում, Բալկաններում, Կովկասում եւ Բալթեան տարածաշրջաններում, ինչպէս նաեւ էթնիկ հակամարտութիւնների՝ Աֆրիկայում եւ այլ տարածաշրջաններում: Բազմաթիւ երկրներ եզրակացրեցին, որ փոքրամասնութիւնների իրաւունքների հարցը ուղղակիօրէն կապւած է կայունութեան, զարգացման եւ երկարատեւ խաղաղութեան հարցի հետ։
Շարունակելով այս գործընթացը, 1992 թւականին ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեան ընդունեց «Կրօնական, էթնիկ, լեզւական եւ ազգային փոքրամասնութիւններին պատկանող անձանց իրաւունքների մասին» հռչակագիրը, որը բաղկացած էր ինը յօդւածից ու նախաբանից։
Չնայած ոչ պարտադիր փաստաթուղթ լինելուն, այս հռչակագիրը միջազգային փոքրամասնութիւնների իրաւունքներին վերաբերող ամենակարեւոր փաստաթուղթն է, որը ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի կողմից հաստատւել է 120 երկրների կոնսենսուսով եւ միայն Թուրքիայի բացասական քւէարկութեամբ: Դա նոր թռիչք էր փոքրամասնութիւնների իրաւունքների զարգացման գործընթացի համար։
1992 թւականի Փոքրամասնութիւնների իրաւունքների մասին հռչակագիրը հանգեցրեց փոքրամասնութիւնների ընդլայնմանը՝ փոքրամասնութեան հասկացութեան շրջանակի առումով։ Այսինքն՝ մինչ այդ փոքրամասնութիւն կոչւելու համար դիտարկւում էին էթնիկ, կրօնական եւ լեզւական յատկանիշները, սակայն այս փաստաթղթով ու հռչակագրի վերնագրում ճանաչւում ու յիշատակւում էին նաեւ ազգային փոքրամասնութիւնները:
Փոքրամասնութիւնների իրաւունքների հայեցակարգի եւ օրինակների այս զարգացման հետ մէկտեղ, որոշ իրաւաբաններ կարծում են, որ այս հռչակագրով առաջարկւել է մարդու իրաւունքների ընդհանուր համակարգից դէպի փոքրամասնութիւնների մարդու իրաւունքների յատուկ համակարգի անցում։ Մասնաւորապէս, 1995 թւականին այս փաստաթուղթը կեանքի կոչելու համար ստեղծւեց «Խտրականութեան կանխարգելման եւ փոքրամասնութիւնների պաշտպանութեան ենթայանձնաժողով» աշխատանքային խումբը։ 1999 թւականին այս յանձնաժողովի անւանումը փոխւեց «Մարդու իրաւունքների խթանման եւ պաշտպանութեան յանձնաժողով»-ի։ Այս գործընթացն աւարտելու համար, մի քանի տարի անց, ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհուրդը ստեղծեց նոր պաշտօն՝ «Փոքրամասնութիւնների իրաւունքների հարցերով յատուկ յանձնակատար», որը պատասխանատու է «Փոքրամասնութիւնների իրաւունքների հարցերով աշխատանքային խումբը» ղեկավարելու համար։
Հետեւաբար, չնայած ՄԱԿ-ի կանոնադրութիւնը ուղղակիօրէն չէր անդրադառնում փոքրամասնութիւնների իրաւունքներին, Կանոնադրութեան, պայմանագրերի վրայ հիմնւած հաստատութիւնների ու ՄԱԿ-ի կանոնադրութեան ազդեցութեան ներքոյ ստեղծւել է փոքրամասնութիւնների իրաւունքների կոդաւորւած համակարգ։
Այս փաստաթղթերում կարեւոր թեմաներից մէկը, չնայած այն հանգամանքին, որ փոքրամասնութեան սահմանում չի տրւում, փոքրամասնութիւն հասկացութեան տարրերի եւ բաղադրիչների բացատրութիւնն է։ Այսինքն՝ այս փաստաթղթերի հիման վրայ մենք գիտենք, որ փոքրամասնութիւններն ունեն տարբերակիչ տարրեր, ինչպիսիք են լեզւի, կրօնի, ռասայի եւ ազգային ծագման տարբերութիւնները, ունեն բնակութեան պատմութիւն, ունեն համապատասխան երկրի քաղաքացիութիւն եւ չունեն քաղաքական գերիշխանութիւն, որոնք փոքրամասնութեան բնակչութեան տարբերակիչ տարրերն են։ Այս շօշափելի տարրերից բացի, փոքրամասնութիւններն ունեն նաեւ սուբիեկտիւ կամ հոգեւոր տարրեր, որոնք նշւած են այս փաստաթղթերում։ Սա նշանակում է, որ փոքրամասնութիւններն ունեն համերաշխութեան զգացում, հաւանական է, որ ենթարկւեն խտրականութեան, ցանկութիւն ունենան պահպանել կոլեկտիւ ինքնութիւնը, նրանց փոքրամասնութեան կարգավիճակը կամաւոր է եւ ընտրովի, եւ միեւնոյն ժամանակ ցանկութիւն ունեն ինտեգրւել մեծամասնութեան հասարակութեանը հաւասար հիմունքներով, ինչպէս նշւած է 1992 թւականի հռչակագրում եւ դրա նախաբանում։
Որոշ երկրների կողմից անտեսւող այս կարեւոր առանձնայատկութիւններից մէկը փոքրամասնութիւնների հաւատարմութեան հարցն է։ Այսինքն՝ փոքրամասնութիւնների շրջանակում ընդգրկւած եւ փոքրամասնութիւնների իրաւունքների պաշտպանութեան հնարաւորութիւն ունեցող խումբն ունի համապատասխան երկրի նկատմամբ հաւատարմութեան տարր, ինչի մասին մենք առաջին անգամ ականատես եղանք՝ 1935 թւականին ալբանալեզու դպրոցների վերաբերեալ բանաւէճում, որը վերաբերում էր յոյն փոքրամասնութեանը, որտեղ (Միջազգային) Դատարանը էական համարեց փոքրամասնութեան կողմից մեծամասնութեան նկատմամբ հաւատարմութեան գոյութիւնը։ Աւելի ուշ, Մարդու իրաւունքների յանձնաժողովի ենթայանձնաժողովի աշխատանքային խմբի կողմից 1987 թւականին պատրաստւած զեկոյցում, փոքրամասնութիւն սահմանելիս, հաւատարմութիւնը յիշատակւում էր որպէս փոքրամասնութեան բնութագրիչներից մէկը։ Սա նշանակում է, որ եթէ որեւէ խումբ գործում է ազգային արժէքներին, տարրերին ու շահերին հաւատարմութիւնից ելնելով, այն ընդհանրապէս չի համարւում փոքրամասնութիւն եւ չի ներառւում փոքրամասնութիւնների պաշտպանութեան շրջանակում։
Իրանի Սահմանադրութեան 12-րդ եւ 13-րդ յօդւածների համաձայն, հաշւի առնելով կրօնի կարեւորութիւնը մեր երկրում, ներառւած են կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքները։ Իհարկէ, Սահմանադրութեան 19-րդ յօդւածը նոյնպէս շեշտում է բոլոր մարդկանց հաւասարութիւնը՝ անկախ ռասայից, սեռից, ազգային պատկանելութիւնից ու կրօնից, եւ ընդգծւում է բոլոր ազգային խմբերի հաւասարութիւնը օրէնքի առջեւ։ Կրօնական փոքրամասնութիւնների համար օրէնքներով նախատեսւած են քաղաքական իրաւունքներ, այդ թւում՝ քւէարկելու, ընտրւելու եւ ընտրելու իրաւունքը, կրօնական ծէսեր եւ արարողութիւններ կատարելու ազատութիւնը, եւ նոյնիսկ փոքրամասնութիւնների համար նախատեսւած բիւջէ, տնտեսական եւ քաղաքացիական իրաւունքներ, անձնական հարցերում ազատութիւններ եւ այլն։ Իհարկէ, դեռեւս կան բացթողումներ, եւ փոքրամասնութիւնները որոշ խնդրանքներ են բարձրացնում արնեգնի կամ սպանութեան գործերի վերաբերեալ քննարկումներում։
Կրօնական փոքրամասնութիւնները, այդ թւում՝ հրէական, քրիստոնեայ եւ զրադաշտական փոքրամասնութիւնները, ունեն այս հարցերի վերաբերեալ օրէնսդրական վերանայման խնդրանքներ, եւ ակադեմիական համայնքը կարող է անհրաժեշտ խորհրդատւութիւն տրամադրել օրէնսդիր մարմիններին։
Սահմանադրութեան հետ մեկտեղ, էթնիկ պատկանելութեան եւ փոքրամասնութիւնների հարցի ամենաառաջադէմ տեսակէտը կարելի է գտնել «Քաղաքացիական իրաւունքներ»-ի հռչակագրում։ Այն առաջարկւել է 2016 թւականին: Անկախ դրա իրագործման հետ կապւած խնդիրներից, այս փաստաթուղթը համապատասխանում է փոքրամասնութիւնների իրաւունքների միջազգային փաստաթղթերին, այդ թւում՝ 1992 թւականի հռչակագրին: Այսինքն՝ խտրականութեան դէմ պայքարի, հասարակական, սոցիալական, քաղաքական եւ մշակութային կեանքին արդիւնաւէտ մասնակցութեան, ատելութեան խօսքի դէմ պայքարի եւ անարդար խտրականութեան դէմ պայքարի առումով Քաղաքացիական իրաւունքների այս փաստաթուղթն առաջադէմ եւ հեռանկարային է։