ԱՄՆ-ն Վրաստանում «գունաւոր յեղափոխութիւն» է նախատեսում
«ԱԼԻՔ» – Հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքներով ԱՄՆ-ն մտադիր է Վրաստանում իշխանափոխութիւն իրականացնել։ Այս մասին ըստ Yerevan.today-ի՝ յայտնել է ՌԴ արտաքին հետախուզութեան ծառայութեան (ԱԴԾ) մամուլի գրասենեակը։
Նշւում է, որ ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի վարչակազմն արդէն մշակել է իշխող «Վրացական երազանք» կուսակցութեան վարկաբեկման արշաւ, եւ քարոզչական արշաւը հիմնւած է լինելու այն մեղադրանքների վրայ, որ իբր Ռուսաստանը մեղաւոր է Վրաստանի բոլոր անախորժութիւնների համար։
«Միեւնոյն ժամանակ, շեշտը դրւելու է «Վրացական երազանքի» «քաղաքական անկախութեան բացակայութեան» մեղադրանքների վրայ, որը սպառնում է «Վրաստան» նաւը կարմիր առագաստների տակ վերցնել» եւրոպական ափերից հեռու»,- նշել են գերատեսչութիւնում։
ԱԴԾ-ի տւեալներով՝ դրանում առանցքային դերակատարութիւն կունենայ Վրաստանի նախագահ Սալոմէ Զուրաբիշւիլին։ Ինչպէս պլանաւորել են ամերիկացիները, նա հարցազրոյց կը տայ ամերիկեան լրատւամիջոցներից մէկին, որտեղ կմեղադրի Վրաստանի կառավարութեանը Եւրոմիութեանն անդամակցելու բանակցութիւնների «դեգրադացիայի» մէջ, ինչպէս նաեւ կը զգուշացնի հանրութեանը Մոսկւայի հետ մերձեցման աղէտալի հետեւանքների մասին:
«Միեւնոյն ժամանակ, Վաշինգտոնը, Զուրաբիշւիլիի միջոցով, մտադիր է ընտրողներին նախապատրաստել «Վրացական երազանքին՝ ընդդիմութեան կողմից ինչ-որ քաղաքական անակնկալի», որը, ի վերջոյ, կարող է դառնալ հերթական «գունաւոր յեղափոխութիւնը»»,- ասել են գերատեսչութիւնում։
Ընդգծւում է, որ Վաշինգտոնն արդէն ընդդիմութեանը հրահանգ է տւել սկսել բողոքի ակցիաներ ծրագրել: Ըստ ԱԴԾ-ի՝ բողոքի ակցիայի մասնակիցներից նախատեսւում է «սուրբ զոհաբերութիւն», որը ժողովրդի զայրոյթը կուղղի դէպի ուժայինները։
Գերատեսչութիւնում յաւելել են, որ ԱՄՆ-ն արդէն ունի նմանատիպ փորձ։