ԻրանՄիջազգայինՔաղաքական

Արաղչի. «Կը շարունակենք՝ յաջորդ շաբաթ»

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս  Արաղչին  Օմանում բանակցութիւններից յետոյ լրագրողների հետ ճեպազրոյցում յայտարարել է, որ Իրան-ԱՄՆ բանակցութիւնների յաջորդ փուլը տեղի կունենայ յաջորդ շաբաթ օրը։ Նա յաւելել է. «Այս հանդիպման ժամանակ, կարծում եմ, մենք մօտեցանք բանակցութիւնների հիմնական նիւթին: Եթէ յաջորդ հանդիպման ժամանակ դրանք վերջնական տեսքի բերւեն, ապա կարծում եմ, որ ճանապարհի երկար մասն անցած պիտի լինենք»:

ԱՄՆ-ի հետ ոչ-դէմ առ դէմ բանակցութիւնների վերաբերեալ արտգործնախարար Արաղչին նշել է. «Մենք երկուսուկէս ժամ անուղղակի բանակցութիւններ ունեցանք Օմանի յարգարժան արտգործնախարար Բուսաիդիի գլխաւորութեամբ, որը կանոնաւոր կերպով շրջում էր երկու պատւիրակութիւնների սենեակներում»,- տեղեկացնում է Թասնիմը։

Արաղչին յաւելել է. «Իմ կարծիքով, առաջին հանդիպումը կառուցողական էր եւ անցաւ հանգիստ ու յարգալից մթնոլորտում: Իսկ յաջորդ հանդիպմանը կը մտնենք ընդհանուր շրջանակի մէջ, տեսնելու համար, թէ որքան կարող ենք խորանալ գործընթացում կամ համաձայնագրից ինչ հեռաւորութեան վրայ ենք»։

ԱԳ նախարարն ընդգծել է. «Ոչ մի անպատշաճ վերաբերմունքով խօսք չի կիրառւել, եւ կողմերը ցոյց են տւել իրենց հաւատարմութիւնը բանակցութիւններն առաջ մեղելու հարցում»:

«Յաջորդ հանդիպմանը մենք կը փորձենք մտնել բանակցային օրակարգ, բնականաբար, դրան կից լինելու է նաեւ ժամանակացոյց։ Սա բանակցութիւնների այն ձեւն է, որը որոշւում է տեղում: Կարեւորը բովանդակութիւնն ու հիմքն է, որի շուրջ մենք շարունակում ենք բանակցել»:

ԱԳ նախարարն ընդգծել է. «Ո՛չ մենք, ո՛չ միւս կողմը չենք ուզում անպտուղ բանակցութիւններ վարել, կամ «խօսակցութիւն՝ յանուն զրոյցի», ինչը ժամանակի կորուստ կը լինէր: Ամերիկեան կողմը յայտնել է, որ իրենց ուզածը հնարաւորինս կարճ ժամկէտում ձեռք բերւող համաձայնութիւն է։ Իսկ դա հեշտ գործ չի լինի եւ երկու կողմերից պահանջւելու է անհրաժեշտ կամքի դրսեւորում»:

Նա նաեւ յայտարարել է, որ յաջորդ շաբաթ սպասւող բանակցութիւններ կանցկացւեն նոյն մակարդակով, իսկ հանդիպման վայրը՝ Օմանում է լինելու, բայց ոչ նոյն վայրում:

Բանակցութիւնների առաջին օրւայ աւարտին Իրանի եւ ամերիկեան պատւիրակութիւնների հանդիպման վերաբերեալ արտգործնախարարը նշել է. «Դա սովորական երեւոյթ էր: Երբ մենք հեռանում էինք, երկու պատւիրակութիւնները բախւեցին միմեանց, եւ մենք մի քանի րոպէ զրուցել ենք: Սա ընդունւած նորմ է, եւ մենք դիւանագիտական ​​քաղաքավարութիւն ենք ցուցաբերել ամերիկացի դիւանագէտների հետ առնչւելիս: Իսկ այս անգամ դա ընդամէնը տարրական ողջոյն էր: Յետոյ մենք հեռացանք եւ ոչ մի արտառոց բան տեղի չունեցաւ»:

Related Articles

Back to top button