Բացայայտւել է ՄԱԿ-Ադրբեջան համաձայնագրի տեքստը Բաքւում կայանալիք կլիմայի գագաթնաժողովի համար
Քանի որ նոյեմբերի 11-ին Բաքւում նախատեսւած է անցկացնել ՄԱԿ-ի կլիմայի գագաթնաժողովը (COP29), գնալով աւելի յստակ է դառնում, որ չպէտք է Ադրբեջանին թոյլ տրւէր հիւրընկալել նման հեղինակաւոր հաւաք։ Ի յաւելումն Բաքւում էթնիկ զտումների եւ հայ բանտարկեալների անօրինական կալանաւորման վերաբերեալ հայկական բողոքների՝ ամբողջ աշխարհում առարկութիւններ են առաջացել Բաքւում համաժողովի անցկացման վերաբերեալ՝ Ադրբեջանի կողմից մարդու իրաւունքների կոպիտ եւ շարունակական խախտումների պատճառով։
Հոկտեմբերի 10-ին Human Rights Watch կազմակերպութիւնը (HRW) հրապարակեց մի յօդւած՝ «COP29-ը հիւրընկալող երկրի համաձայնագրում բացակայում է իրաւունքների պաշտպանութիւնը. Ադրբեջանը պէտք է երաշխաւորի քաղաքացիական հասարակութեան մասնակիցների իրաւունքները կլիմայի համաժողովում» վերնագրով: HRW-ն իր լուրջ մտահոգութիւնն է յայտնել Բաքւի կողմից համաժողովի հիւրընկալման կապակցութեամբ։
HRW-ն ձեռք է բերել ՄԱԿ-ի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրւած համաձայնագրի պատճէնը, որը չի հրապարակւել, չնայած այն հանգամանքին, որ ՄԱԿ-ի անդամները պնդել են, որ «հիւրընկակող երկրի համաձայնագրերը պէտք է հասանելի լինեն հանրութեանը եւ պէտք է պահպանւի մարդու իրաւունքների պաշտպանութեան միջազգային իրաւունքը»:
HRW-ն յորդորել է ՄԱԿ-ին «հրապարակային կոչ անել Ադրբեջանի կառավարութեանը՝ յարգել մարդու իրաւունքների վերաբերեալ իր պարտաւորութիւնները եւ նպաստել կլիմայի համաժողովին յարգելու մարդու իրաւունքները»: Amnesty International-ը եւս նման պահանջ է ներկայացրել այս տարւայ յուլիսին։ Կարեւոր է, որ Համաձայնագիրը պաշտպանի ոչ միայն Ադրբեջանի քաղաքացիների իրաւունքները, այլեւ համաժողովի հազարաւոր միջազգային մասնակիցների անվտանգութիւնն ու ապահովութիւնը։
Երբ ես սեղմեցի HRW-ի յօդւածում ներառւած յղման վրայ, գտայ 20 էջանոց համաձայնագրի տեքստը, որը ստորագրւել է ՄԱԿ-ի եւ Ադրբեջանի կառավարութեան միջեւ 2024 թւականի օգոստոսին։ HRW-ն դժգոհել է, որ համաձայնագիրը «լի է զգալի թերութիւններով եւ անորոշութիւններով մասնակիցների իրաւունքների պաշտպանութեան առումով»: Օրինակ, թէեւ համաձայնագրում ասւում է, որ համաժողովի մասնակիցները «կը վայելեն անձեռնմխելիութիւն իրաւական գործընթացից՝ բանաւոր կամ գրաւոր խօսքերի եւ իրենց կողմից կատարւած ցանկացած գործողութեան համար», այն պահանջում է, որ նրանք «յարգեն Ադրբեջանի օրէնքները եւ չմիջամտեն նրա «ներքին գործերին»»։
Ահա ստորագրւած համաձայնագրի կարեւորագոյն կէտերը.
– Կառավարութիւնը [Ադրբեջանի] պարտաւորւում է պաշտպանել մարդու հիմնարար իրաւունքները, մարդու արժանապատւութիւնը եւ արժէքը, ինչպէս նաեւ բոլոր մասնակիցների հաւասար իրաւունքները, որոնք մասնակցում են նախաժողովային հանդիպումներին/համաժողովներին/ՄԱԿ-ի կլիմայի փոփոխութեան շրջանակային կոնւենցիայի ժողովներին»։
– «Բաքւի օլիմպիական մարզադաշտի տարածքը, որտեղ պէտք է անցկացւեն համաժողովը եւ նախընտրական հանդիպումները, ներառեալ դրանից անմիջապէս դուրս գտնւող ցանկացած տարածք, կը լինի Միաւորւած ազգերի կազմակերպութեան անվտանգութեան եւ ապահովութեան վարչութեան անմիջական վերահսկողութեան եւ հակակշռի ներքոյ….»:
– «Հիւրընկալող երկրի աջակցող եւ տեխնիկական անձնակազմը պէտք է առաջնորդւի ամենաբարձր էթիկական եւ մասնագիտական չափանիշներով եւ ակնկալւում է, որ կը վարւի ազնւութեամբ ու յարգանքով: Կառավարութիւնը պէտք է ապահովի, որ համապատասխան չափորոշիչները լիովին հասկանալի լինեն»:
– «Կառավարութիւնն իր ծախսերով պատասխանատւութիւն է կրում ոստիկանութեան այնպիսի պաշտպանութեան եւ անվտանգութեան համար, որը կարող է պահանջւել՝ ապահովելու…. Համաժողովի արդիւնաւէտ աշխատանքը՝ առանց որեւէ տեսակի միջամտութեան»:
– Համաժողովի տարածքի անվտանգութեան համար պատասխանատու է ՄԱԿ-ի անվտանգութեան եւ ապահովութեան վարչութիւնը…. Համաժողովի տարածքից դուրս անվտանգութիւնը Կառավարութեան պատասխանատւութիւնն է…. Անվտանգութեան նման անձնակազմը պէտք է առաջնորդւի էթիկայի եւ մասնագիտութեան ամենաբարձր չափանիշներով եւ ակնկալւում է, որ կը վարի ազնւութեամբ եւ յարգանքով: Կառավարութիւնը պէտք է ապահովի, որ համապատասխան չափորոշիչները լիովին հասկանալի լինեն:
– Բոլոր մասնակիցները «Ադրբեջանի Հանրապետութեան տարածքում օգտւելու են արտօնութիւններից եւ անձեռնմխելիութիւնից»՝ համաձայն ՄԱԿ-ի «Արտօնութիւնների եւ անձեռնմխելիութեան մասին կոնւենցիայի….»: Դիտորդ կազմակերպութիւնների ներկայացուցիչները եւ այլ անձինք…․ կը վայելեն անձեռնմխելիութիւն իրաւական գործընթացից՝ բանաւոր կամ գրաւոր խօսքերի եւ նրանց կողմից իրենց մասնակցութեան հետ կապւած ցանկացած գործողութեան առնչութեամբ»:
– Բոլոր մասնակիցներն «ունեն Ադրբեջանի Հանրապետութիւն մուտքի եւ ելքի իրաւունք, եւ ոչ մի խոչընդոտ չպէտք է դրւի նրանց անցման համար դէպի Համաժողովի տարածքներ եւ այնտեղից դուրս գալու համար»: Բացառութիւններ կարող են արւել միայն այն դէպքում, երբ կառավարութիւնը ՄԱԿ-ին ներկայացնի «օրէնքի վրայ հիմնւած առարկութիւններ կոնկրետ անձի մուտքի վերաբերեալ։ Նման առարկութիւնները պէտք է վերաբերւեն կոնկրետ քրէական, անվտանգութեան հարցերին, այլ ոչ թէ ազգութեանը, կրօնին, մասնագիտական կամ քաղաքական պատկանելութեանը»:
– Համաժողովի տարածքները «պաշտպանւած են…․ եւ դրանց մուտքը ենթակայ է [ՄԱԿ-ի] քարտուղարութեան լիազօրութիւններին եւ վերահսկողութեանը: Այդ տարածքները պէտք է անձեռնմխելի լինեն համաժողովի ողջ ընթացքում»:
– «Սոյն համաձայնագրով նախատեսւած արտօնութիւններից եւ անձեռնմխելիութիւնից օգտւող բոլոր մասնակիցները․․․․ պարտաւոր են յարգել Ադրբեջանի Հանրապետութիւնում գործող օրէնքներն ու կանոնակարգերը եւ պարտաւոր են չմիջամտել նրա ներքին գործերին»։
– Բացի համաժողովի հիւրընկալման ծախսերի վճարումից, Ադրբեջանի կառավարութիւնը ՄԱԿ-ին կը փոխհատուցի 5.811.800 դոլար՝ Համաժողովի պլանաւորման, ՄԱԿ-ի անձնակազմի աւիատոմսերի եւ տեխնիկական ծառայութիւնների ծախսերի համար:
Համաձայնագրում վերջապէս ասւում է, որ «Համաժողովի աւարտից յետոյ [ՄԱԿ-ի] քարտուղարութիւնը [ՄԱԿ-ի] Բիւրոյին զեկոյց կը ներկայացնի սոյն համաձայնագրի պայմանների կատարման վերաբերեալ, այդ թւում՝ քաղած դասերի եւ առկայ մարտահրաւէրների»։
Համաժողովի աւարտին մենք կիմանանք, թէ արդեօք Ադրբեջանը պահպանել է համաձայնագրի պայմանները, յատկապէս մարդու իրաւունքների հետ կապւած, մասնաւորապէս, ոստիկանութեան կողմից համաժողովի ընթացքում Ադրբեջանի քաղաքացիների կողմից հանրային բողոքի ցոյցերը ճնշելու հարցում:
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ