Ընտրութիւններից յետոյ ԱՄՆ-ը խորասուզւելու է սուր անկայունութեան երկարատեւ շրջանի մէջ

Բարձրագոյն տնտեսագիտական համալսարանի համաշխարհային տնտեսութեան եւ համաշխարհային քաղաքականութեան ֆակուլտետի համապարփակ եւրոպական եւ միջազգային հետազօտութիւնների կենտրոնի փոխտնօրէն, արտաքին եւ պաշտպանական քաղաքականութեան խորհրդի հետազօտական ծրագրերի փոխտնօրէն Դմիտրի Սուսլովը Alpha News-ի հետ զրոյցում անդրադարձել է ԱՄՆ առաջիկայ ընտրութիւններին եւ դրանց ազդեցութեանը Միացեալ Նահանգների ներքին եւ արտաքին քաղաքականութեան վրայ:
«Սոցհարցումները ցոյց են տալիս, որ թեկնածուները հաւասար գնում են, նրանց միջեւ տարբերութիւնը տատանւում է վիճակագրական սխալի շուրջ, խօսքը նոյնիսկ տոկոսի մասին չէ։ Եւ դա բնորոշ է ոչ միայն ամբողջ երկրին, այլեւ առանցքային տատանւող նահանգներին, որոնց արդիւնքը կ’որոշի ամերիկեան ընտրութիւնների արդիւնքը։ Բացի այդ, Ամերիկայում արդէն ընթանում է նախնական քւէարկութիւն, որի ժամանակ մեծամասնութիւնը քւէարկում է Քամալա Հարրիսի օգտին: Բայց սա Միացեալ Նահանգների համար աւանդական պատկեր է, քանի որ դեմոկրատական ընտրողները սովորաբար օգտագործում են նախնական քւէարկութիւնը շատ աւելի մեծ չափով, քան հանրապետականները: Եւ ներկայիս պատկերով Հարրիսն առայժմ նախնական քւէարկութեան արդիւնքներով յաղթում է շատ աւելի փոքր տարբերութեամբ, քան յաղթել էր Ջօ Բայդէնը 2020 թւականին, բայց մի փոքր աւելի մեծ տարբերութեամբ, քան Հիլարի Քլինթոնը 2016 թւականին»,- ասել է Սուսլովը։
Փորձագէտի կարծիքով՝ այժմ ընտրութիւնների արդիւնքների ճանաչման հաւանականութիւնը շատ աւելի քիչ է, քան 2020 թուականին։
«Այսօրւայ դրութեամբ թեկնածուների մէջ ֆաւորիտներ չկան։ Ֆաւորիտն այն անկայունութիւնն է, որը տեղի կունենայ ԱՄՆ-ում ընտրութիւններից յետոյ, եւ ֆաւորիտը ամերիկեան համակարգի բեւեռացումն է, նրանց հասարակութեան պառակտումը, որն, անշուշտ, կը պահպանւի ընտրութիւններից յետոյ: Հաշւի առնելով թեկնածուների մօտաւորապէս հաւասար հնարաւորութիւնները, աւելի հաւանական է, որ ընտրութիւնները բողոքարկւեն, պարտւող կողմը կը փորձի դրանք չեղարկել, ընդ որում, անկախ նրանից, թէ ով կը լինի այդ պարտւող կողմը: Եւ արդիւնքում ընտրութիւններից յետոյ ԱՄՆ-ը կը յայտնւի սուր անկայունութեան բաւական երկար շրջանի մէջ»,- ընդգծել է նա։