ԱՄՆ նախագահական ընտրութիւնների ազդեցութիւնը համաշխարհային աշխարհաքաղաքականութեան վրայ
Թրամփի եւ Հարրիսի մօտեցումների տարբերութիւնները
Ամերիկեան հետազօտութիւնների հայկական կենտրոն
2024 թ. նոյեմբերի 5-ին կայանալու են ԱՄՆ նախագահական ընտրութիւնները, որոնք ցանկացած արդիւնքի պարագայում էական ազդեցութիւն են ունենալու ԱՄՆ արտաքին քաղաքականութեան վրայ։ Սոյն յօդւածում անդրադարձ կը կատարւի ՆԱՏՕ-ում՝ ԱՄՆ հետագայ դերի առումով Դոնալդ Թրամփի եւ Քամալա Հարրիսի տեսակէտների տարբերութիւններին, նախագահի պաշտօնում իւրաքանչիւրի վերընտրման պարագայում ԱՄՆ քաղաքականութեանը ԱՄՆ աշխարհաքաղաքական մրցակից երկրների՝ Ռուսաստանի եւ Չինաստանի նկատմամբ։ Առանձին անդրադարձ կը կատարւի նաեւ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականութեան հնարաւոր փոփոխութիւններին։
Հիւսիսատլանտեան դաշինքի կազմակերպութեան հարցում Դոնալդ Թրամփի եւ Քամալա Հարրիսի տեսակէտների տարբերութիւնը
2024 թ. առնւազն 64 երկրներում տեղի են ունենալու ընտրութիւններ, որոնց մասնակցելու է աշխարհի բնակչութեան 49%-ը։ Այս ընտրութիւնների արդիւնքները որոշիչ են լինելու հետագայ տարիների համաշխարհային քաղաքականութեան վրայ։ Այս ընտրութիւնների թւում առաւել նշանակալից են լինելու ԱՄՆ նախագահական ընտրութիւնները, որոնք տեղի են ունենալու նոյեմբերի 5-ին։
ԱՄՆ նախագահական ընտրութիւնները կարեւորւում են այն առումով, որ ԱՄՆ նախագահի առաջատար երկու թեկնածուներն ունեն միմեանցից էապէս տարբերւող քաղաքականութիւն եւ աշխարհայեացք՝ կապւած ԱՄՆ աշխարհաքաղաքական դերի եւ նշանակութեան հետ։ Երկու գլխաւոր թեկնածուներն են՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ Հանրապետական կուսակցութիւնից, եւ ԱՄՆ ներկայիս փոխնախագահ Քամալա Հարրիսը՝ Դեմոկրատական կուսակցութիւնից։ Վերջինս դարձաւ Դեմոկրատական կուսակցութեան թեկնածուն այն բանից յետոյ, երբ ԱՄՆ գործող նախագահ Ջօ Բայդէնը յայտարարեց ընտրապայքարից դուրս գալու մասին եւ իր աջակցութիւնը յայտնեց Քամալա Հարրիսին։ Կախւած նրանից, թէ ով կը դառնայ ԱՄՆ 47-րդ նախագահը, ԱՄՆ քաղաքականութիւնը մի քանի ուղղութիւններով կարող է փոփոխւել։
Դիտարկենք մի քանի առաւել կարեւոր ուղղութիւնները, որոնց դէպքում Թրամփն ու Հարրիսն ունեն տարբերւող հայեացքներ։ Այդ ուղղութիւններն են ՆԱՏՕ-ն, Չինաստանը, Ռուսաստանը եւ, ինչն առաւել կարեւոր է մեզ համար, Հայաստանի նկատմամբ քաղաքականութիւնը։
Գալով գլոբալից լոկալին, նախ անդրադառնանք Հարրիսի եւ Թրամփի դիրքորոշումներին՝ կապւած ՆԱՏՕ-ում ԱՄՆ դերի հետ։ Եւրոպայի համար առաւել մեծ անհանգստութիւն առաջացնող երեւոյթ է Թրամփի վերընտրման հեռանկարը՝ հաշւի առնելով վերջինիս արտայայտած դիրքորոշումները եւրոպական անվտանգային համակարգում ԱՄՆ ներգրաււածութեան եւ Ռուսաստանի հետ յարաբերութիւնների վերաբերեալ:
Դեռեւս ԱՄՆ նախագահի պաշտօնում իր պաշտօնավարման ընթացքում Դոնալդ Թրամփը ցանկանում էր դուրս բերել ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ից, սակայն վարչակազմի բարձրաստիճան պաշտօնեաները նրան բազմիցս ետ են պահել այդ քայլից: Եւ այժմ էլ նախագահութեան երկրորդ ժամկէտը ստանձնելու դէպքում Թրամփը փորձելու է գտնել ուղինէր, թէ ինչպէս կարող է նւազեցնել ամերիկեան ներգրաււածութիւնը ՆԱՏՕ-ում՝ հասցնելով այն զուտ «սպասման» (standby) ռեժիմի։ Աւելին, իր հնարաւոր երկրորդ նախագահութեան պարագայում նախկին նախագահը չի ցանկանում, որ իր վարչակազմի բարձրաստիճան պաշտօնեաների թւում լինեն «ՆԱՏՕ-ի ակտիւ կողմնակիցներ»: Թրամփի նման դիրքորշումը Հիւսիսատլանտեան դաշինքի կազմակերպութեան նկատմամբ պէտք է դիտարկել «Նախեւառաջ Ամերիկան» (America First) քաղաքականութեան լոյսի ներքոյ։ Թրամփը չի ցանկանում՝ ԱՄՆ հարկատուների գումարները ծախսւեն Միացեալ Նահանգներից դուրս՝ ապահովելով Եւրոպայի տարբեր պետութիւնների անվտանգութիւնը։ Ուստի, քննադատութեան հիմնական թիրախն ուղղւած է հէնց նրան, որ ՆԱՏՕ-ի մնացեալ անդամ երկրները բաւարար գումար չեն ներդնում անվտանգային ոլորտում։ Ըստ Թրամփի՝ ԱՄՆ-ը շատ աւելի գումար է տրամադրում, քան անդամ այլ պետութիւնները, եւ այս հարցը բազմիցս բարձրաձայնւել է իր նախագահութեան ժամանակ։ Այժմ էլ Թրամփը բացէիբաց խօսում է կառոյցից դուրս գալու մասին, ինչը կարելի է կանխել, եթէ բոլոր անդամները մեծացնեն անվտանգային ոլորտում իրենց ներդրումը։
Առաւել մեծ անհանգստութիւն ԱՄՆ եւրոպացի գործընկերի մօտ առաջացրել էր Թրամփի այն յայտարարութիւնը, որ նա արել էր 2024 թ. փետրւարին։ Իրեն ուղղւած այն հարցին, թէ արդեօք Միացեալ Նահանգները կօգնի եւրոպացի իր դաշանկիցներին՝ Ռուսաստանի հնարաւոր յարձակման դէպքում, Թրամփը պատասխանել էր, որ գործընկերները պէտք է աւելի շատ ներդրումներ կատարեն անվտանգային ոլորտում, եթէ ոչ, ապա ինքը Ռուսաստանին կը խրախուսի «անել ինչ ուզում են» («to do whatever the hell they want»)։ Թրամփը պատրաստ է որպէսզի իր երկիրը մնայ ՆԱՏՕ անդամ, միայն այն պարագայում, երբ եւրոպացի գործընկերները «արդար խաղան», քանզի ԱՄՆ-ը պէտք է վճարի միայն իր մասնաբաժինը եւ ոչ միւսներինը, առաւել եւս այն պարագայում, երբ ԱՄՆ-ը ովկիանոսից այն կողմ է գտնւում, եւ եվրոպական երկրները առաջին հերթին պէտք է առաւել շահագրգռւած լինեն առաւել մեծ ներգրաււածութեամբ ։
Այսպիսով, ելնելով Թրամփի մօտեցումից, ակնյայտ է դառնում, որ նա շարունակելու է իր նախկին քաղաքականութիւնը՝ պնդելով, որ եւրոպացի գործընկերներն անվտանգային ոլորտում իրականացնեն իրենց ՀՆԱ-ի 2%-ի չափով ներդրումներ, իսկ ԱՄՆ-ը նւազեցնի իր դերը ռազմական դաշինքում։ Իրականում այս հարցում արդէն իսկ կան դրական տեղաշարժեր, մասնաւորապէս՝ ՆԱՏՕ անդամների ⅔-ն արդէն իսկ ծախսում է ՀՆԱ-ի 2%-ն անվտանգութեան վրայ, ներառեալ Գերմանիան, որը յատկապէս Թրամփի քննադատութեան թիրախ էր դարձել։ Թրամփն ամենայն հաւանականութեամբ կշարունակի իր երկիրը պահել ՆԱՏՕ-ում, թէեւ ԱՄՆ դերն ու ներգրաււածութիւնը զգալիօրէն կը նւազի։
Ի տարբերութիւն Թրամփի, ԱՄՆ լիբերալ շրջանակներն ունեն այլ դիրքորոշում։ Այս հակառակ մօտեցման կողմնակիցն է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջօ Բայդէնի վարչակազմը, որի առանցքային դէմքերից է ներկայիս նախագահի թեկնածու Քամալա Հարրիսը։ Վերջիններս, ի տարբերութիւն Դոնալդ Թրամփի, աջակցում են ՆԱՏՕ-ի ներկայիս գործելակերպին, ինչպէս նաեւ ընդունում ԱՄՆ-ի կողմից դաշնակիցների նկատմամբ ստանձնւած բոլոր պարտավորութիւնների կատարման կարեւորութիւնը։ Նախագահ Բայդէնը ՆԱՏՕ-ի 75-ամեակին նւիրւած իր յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշել էր, որ ՆԱՏՕ-ն «համաշխարհային պատմութեան մէջ ամենահզօր ռազմական դաշինքն է»։ Նախագահը կարեւորել էր այն «սուրբ պարտաւորութիւնը», որը իրենք ստանձնում են իրենց դաշնակիցների նկատմամբ, այն է՝ «պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքի իւրաքանչիւր թիզը», որը Միացեալ Նահանգներին նոյնպէս աւելի անվտանգ է դարձնում եւ տալիս է «ամբողջ աշխարհում իր նմանը չունեցող» անվտանգութեան երաշխիքներ։
Բայդէնը նաեւ քննադատել է Դոնալդ Թրամփի յայտարարութիւնները ՆԱՏՕ-ի հասցէին՝ պնդելով, որ «նախկին նախագահը վտանգաւոր, ցնցող եւ ակնյայտօրէն հակաամերիկեան ազդանշան է ուղարկում աշխարհին»։ Հարրիսը, լինելով Բայդէնի վարչակազմի անդամ, ընդհանուր առմամբ նոյն հայեացքներն է կիսում ՆԱՏՕ-ի վերաբերեալ։ Իր հայեացքների մասին Հարրիսը յայտնել էր Թրամփ-Հարրիս առաջին բանավէճի ժամանակ։ Ըստ նրա՝ Եւրոպայի եւ ՆԱՏՕ-ի ԱՄՆ դաշնակիցները շնորհակալ են, որ Թրամփն այլեւս նախագահ չի։ Մինչդեռ Հարրիսը գիտակցում է «աշխարհում իր երբեւէ ճանաչած ամենահզօր ռազմական դաշինքի՝ ՆԱՏՕ-ի» կարեւորութիւնը։ Ըստ Հարրիսի, ԱՄՆ-ն պէտք է շարունակի լինել միջազգային կանոններն ու նորմերը պահպանող առաջնորդ, ով հասկանում է, որ «ԱՄՆ դաշինքները կախւած են մեր ԱՄՆ գործընկերներին օգնելու եւ թշնամիներին չսատարելու կարողութիւնից»։
Այսպիսով, ԱՄՆ նախագահի երկու թեկնածուներն ունեն միմեանցից տարբեր մօտեցումներ ՆԱՏՕ-ի հարցում։ Մասնաւորապէս Քամալա Հարրիսը կողմ է ԱՄՆ ակտիւ ներգրաււածութեանը ՆԱՏՕ-ում, իսկ Թրամփը՝ հակառակը, կը փորձի հնարաւորինս նւազեցնել ԱՄՆ ներգրաււածութիւնը այս կազմակերպութիւնում։
ԱՄՆ նախագահական ընտրութիւնների ազդեցութիւնը ԱՄՆ-Չինաստան եւ ԱՄՆ-Ռուսաստան յարաբերութիւնների վրայ
Հարկ է նաեւ անդրադառնալ ԱՄՆ նախագահական ընտրութիւնների ազդեցութեանը ԱՄՆ աշխարհաքաղաքական երկու հիմնական մրցակից երկրների՝ Ռուսաստանի եւ Չինաստանի նկատմամբ։ Ինչ վերաբերում է ԱՄՆ 2024-ի նախագահական ընտրութիւնների ազդեցութեանը Չինաստանի հետ յարաբերութիւնների վրայ, ապա ակնկալւում է, որ Չինաստանի հետ առեւտրային յարաբերութիւնները կը շարունակեն լարւած մնալ՝ անկախ նրանից նախագահական արշաւում կը յաղթի Դոնալդ Թրամփը, թէ Քամալա Հարրիսը: Որոշ փորձագէտներ ենթադրում են, որ երկու թեկնածուներն էլ կոշտ քաղաքականութիւն կը վարեն Չինաստանի նկատմամբ՝ արտացոլելով Չինաստանի նկատմամբ աւելի լայն երկկուսակցական կոնսենսուսը Վաշինգտոնում: Հարկ է նշել, որ Բայդէնի վարչակազմը ամրապնդել է առճակատման քաղաքականութիւնը Չինաստանի նկատմամբ, որն առաջինը որդեգրել էր Թրամփը, ընդ որում, երկու կողմերն էլ Չինաստանին ներկայացնում են որպէս ԱՄՆ հիմնական հակառակորդ պետութիւն: Այժմ Թրամփը նշում է, որ ընտրւելու պարագայում չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը կարող են հասնել մինչեւ 100%-ի, եւ կը կիրառւի 10%-20% ընդհանուր մաքսատուրք բոլոր այլ ներմուծումների համար, մինչդեռ Հարրիսը, ամենայն հաւանականութեամբ, կը շարունակի Բայդէնի մաքսային քաղաքականութիւնը, ով ոչ միայն Թրամփի մաքսատուրքերն է ուժի մէջ թողել, այլեւ զգալի տուրքեր է սահմանել՝ մօտ 18 միլիարդ ԱՄՆ դոլար արժողութեամբ չինական ապրանքների նկատմամբ, որոնց թւում են՝ էլեկտրական մեքենաները, արեւային մարտկոցները, լիթիումային մարտկոցները, պողպատը եւ ալիւմինը։
Բնական է, որ Չինաստանի կողմից ԱՄՆ-ի հետ յարաբերութիւնները շարունակելու ակնկալիք կայ՝ անկախ ընտրութիւնների արդիւնքից։
Չինացի պաշտօնեաները ընտրութիւնները որակել են որպէս «Ամերիկայի ներքին գործ»՝ նշելով, որ Չինաստանը «երբեք չի միջամտել եւ երբեք չի միջամտելու ԱՄՆ նախագահական ընտրութիւններին»։ Այնուամենայնիւ, նրանք մտահոգութիւն են յայտնել քարոզարշաւի ընթացքում Չինաստանը քաղաքական շահարկումների առիթ դարձնելու վերաբերեալ։
Փոխնախագահ Քամալա Հարրիսը եւ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել Չինաստանի նկատմամբ թոյլ քաղաքականութիւն վարելու վերաբերեալ։ Թրամփի քարոզարշաւի կողմից, առանց ապացոյցների, յայտարարւել է, որ Հարրիսի փոխնախագահի թեկնածու, Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցն աշխատում է Չինաստանի համար՝ չնայած Ուոլցի կողմից չինական կառավարութեանը քննադատելու երկար պատմութեանը: Բանն այն է, որ Ուոլցը 1989 թւականից անգլերէն էր դասաւանդել չինական աւագ դպրոցում:
Սեպտեմբերին, իրենց նախագահական բանավէճի ժամանակ, Հարրիսը իր հերթին պնդել է, թէ Թրամփը «վաճառել է մեզ» Չինաստանին՝ «ամերիկեան չիպեր վաճառելով Չինաստանին, որպէսզի օգնի նրանց բարելաւել եւ արդիականացնել իրենց բանակը», ինչպէս նաեւ մատնանշել Թրամփի գովասանքը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի նկատմամբ: Այս ամենից ակնյայտ է դառնում, որ ով էլ ընտրւի ԱՄՆ նախագահ 2024 թ. Ընտրութիւններում, Միացեալ Նահանգները շարունակելու է իր կոշտ եւ հակամարտային քաղաքականութիւնը Չինաստանի նկատմամբ։
Ինչ վերաբերում է ԱՄՆ քաղաքականութեանը Ռուսաստանի նկատմամբ, ապա Թրամփի եւ Հարրիսի միջեւ քննարկումները հիմնականում կապւած են ՌԴ-Ուկրաինա պատերազմի թեմայի հետ։ Թրամփ-Հարրիս վերջին բանավէճի ժամանակ Թրամփը կրկնեց այն պնդումները որ մշտապէս կատարել է իր քարոզարշաւի ընթացքում։ Թրամփը պնդում է, որ նախագահ դառնալու պարագայում կը դադարեցնի Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմը. Աւելին, այն կը դադարեցւի 24 ժամւայ ընթացքում, սակայն մանրամասներ, թէ ինչպէս է դա յաջողելու, Թրամփը այդպէս էլ չի յայտնել։ Ըստ Թրամփի՝ նա լաւ է ճանաչում ինչպէս Զելենսկիին, այնպէս էլ Պուտինին, եւ վերջիններս յարգում են իրեն, ի տարբերութիւն Բայդէնի։
Միւս կողմից, Դեմոկրատական կուսակցութեան թեկնածու Հարրիսն ամբողջութեամբ պաշտպանում է Ուկրաինային զինելու եւ միջազգային աջակցութիւնը ցուցաբերելու Բայդէնի քաղաքականութիւնը։ Դեռ աւելին, Հարրիսը 6 անգամ հանդիպել է Ուկրաինայի նախագահին։ Նա համակարծիք է Բայդէնի հետ, որ ռազմական աջակցութեան տրամադրումը Ուկրաինային կօգնի ուժեղացնել վերջինիս դիրքերը, այն պարագայում երբ Մոսկւան համաձայնի բանակցութիւններին։
Հետաքրքրական է, որ Պուտինը մեկնաբանել էր նախագահական ընտրութիւնները, նշելով թէ աջակցում են Հարրիսին։ Սա իհարկէ ոչ այդքան լուրջ կերպով արւած դիտարկում է, որը կարող է օգնել Թրամփին այն օգտագործել Հարրիսի դէմ։ Մինչդեռ Թրամփն, իրականում, միշտ հրաժարւել է քննադատել նախագահ Պուտինին՝ սկսած իր առաջին նախագահութեան տարիներից, եւ մեղադրւել է Ռուսաստանի հետ ունեցած կապերի, ընտրութիւններում աջակցութիւն ստանալու մէջ։ Այսպիսով, Հարրիսի ընտրւելու պարագայում ԱՄՆ քաղաքականութիւնը Ռուսաստանի նկատմամբ կը շարունակի ներկայիս յետագիծը, մինչդեռ Թրամփի նախագահութեան պայմաններում հնարաւոր է յարաբերութիւններում լարւածութեան որոշակի անկում, ինչպէս նաեւ Ուկրաինային ԱՄՆ աջակցութեան նւազում։
ԱՄՆ ընտրութիւնների ազդեցութիւնը հայ-ամերիկեան յարաբերութիւնների եւ տարածաշրջանային ներգրաււածութեան վրայ
ԱՄՆ ընտրութիւնների արդիւնքները զգալի ազդեցութիւն են ունենալու նաեւ ՀՀ-ԱՄՆ յարաբերութիւնների եւ տարածաշրջանում ԱՄՆ ներգրաււածութեան վրայ։ Բայդէնի վարչակազմի օրօք ԱՄՆ-ը ստանձնել է հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման ակտիւ միջնորդի դեր եւ ակտիւօրէն խրախուսում է հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումը։ Սակայն այս մօտեցումը նոր չէ, քանի որ ԱՄՆ բոլոր վարչակազմերը՝ սկսած Ջորջ Բուշ աւագի վարչակազմից ակտիւ քաղաքականութիւն են վարել հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման ուղղութեամբ։ Հայաստանի այսօրւայ իշխանութիւնների պատրաստակամութիւնը միակողմանի զիջումներով բաւարարելու Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջները հնարաւորութիւնների նոր պատուհան է բացել ԱՄՆ-ի համար՝ նւազեցնելու Ռուսաստանի ազդեցութիւնը Հարաւային Կովկասում առկայ հակամարտութիւնների կարգաւորման միջոցով։ Այսպիսով, Բայդէնի վարչակազմի օրօք նկատելի է եղել տարածաշրջանում ԱՄՆ առաւել ակտիւ ներգրաււածութիւնը՝ մանաւանդ Ռուսաստանի պասիւութեան պարագայում:
Ինչ վերաբերում է Քամալա Հարրիսին, ապա պէտք է նշել, որ նա ակտիւօրէն համագործակցել է հայ լաբբիստների հետ սենատոր լինելու տարիներին եւ աջակցել որոշ հայանպաստ նախաձեռնութիւնների։ 2019 եւ 2020 թթ. Քամալա Հարրիսը ստորագրել է Արցախի ականազերծմանն աջակցող նամակներ, 2020 թ. ստորագրել է Կոնգրեսի գրադարանին ուղղւած նամակը, որը կոչ էր պատշաճ կերպով գնահատելու Հայոց Ցեղասպանութիւնը եւ 2019/2020 թթ. ապրիլի 24-ին յայտարարութիւն է տարածել Հայոց Ցեղասպանութեան յիշատակութեան կապակցութեամբ:
Միեւնոյն ժամանակ, Հարրիսը չի հովանաւորել եւ չի աջակցել Ադրբեջանի մարդու իրաւունքների/զէնքի արգելման բանաձեւին, չի հովանաւորել Թուրքիայի մարդու իրաւունքների/զէնքի արգելման բանաձեւին եւ չի ստորագրել 2020 թ. յայտարարութիւնը, որը դատապարտում է Ադրբեջանի/Թուրքիայի յարձակումները Հայաստանի/Արցախի վրայ։ Չնայած դրան եւ այն հանգամանքին, որ Հարրիսը Կալիֆորնիան ներկայացնող սենատոր էր, վերջինս երբեք աչքի չի ընկել ակտիւ հայանպաստ նախաձեռնութիւններով։ Հասկանալու համար, թէ ինչպիսին կը լինի Քամալա Հարրիսի արտաքին քաղաքականութիւնը ԱՄՆ նախագահ դառնալու պարագայում, պէտք է նկատի ունենալ, որ նա արտաքին քաղաքականութեան մէջ մեծ փորձ չունի եւ հիմնականում հիմնւելու է իր խորհրդականների կարծիքների վրայ՝ ի տարբերութիւն նախագահ Բայդէնի, ով ունէր մեծ փորձառութիւն եւ գիտելիքներ ԱՄՆ արտաքին քաղաքականութեան եւ ընդհանրապէս միջազգային յարաբերութիւնների վերաբերեալ։ Այնուամենայնիւ, հարկ է նշել, որ Քամալա Հարրիսն արդէն իսկ քայլեր է ձեռնարկում հայ ընտրողների ձայները ստանալու համար։ Մասնաւորապէս, 2024 թ. սեպտեմբերի 23-ին՝ Հայաստանի Անկախութեան տօնի առթիւ հրապարակւած քարոզարշաւի յայտարարութեան մէջ փոխնախագահ եւ նախագահի թեկնածու Հարրիսն իր աջակցութիւն է յայտնել «Լեռնային Ղարաբաղից տեղահանւած հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրաւունքին», նաեւ նշելով, որ «Մենք երբեք չպէտք է մոռանանք Հայոց Ցեղասպանութիւնը»՝ յաւելելով, որ ինքը հաւատարիմ է մնում «Հայաստանի եւ նրա հարեւանների միջեւ կայուն խաղաղութեանը՝ հիմնւած ինքնիշխանութեան, անկախութեան եւ տարածքային ամբողջականութեան սկզբունքների վրայ»: Նախագահի թեկնածու Հարրիսի խօսքերով, նա կը շարունակի «աջակցել Հայաստանին ժողովրդավարութեան ամրապնդման եւ տարածաշրջանում կայունութեան հաստատման ջանքերում»։
Հաշւի առնելով Քամալա Հարրիսի այս յայտարարութիւնը՝ կարելի է ակնկալել, որ Հայաստանը կարող է շարունակել մնալ ԱՄՆ ակտիւ քաղաքականութեան կիզակէտում Հարրիսի նախագահ ընտրւելու պարագայում։ Իսկ հաշւի առնելով Քամալա Հարրիսի սահմանափակ փորձն արտաքին քաղաքական ոլորտում՝ չի կարելի բացառել, որ վերջինս կը շարունակի Բայդէնի արտաքին քաղաքական գիծն այս ուղղութեամբ՝ հիմնւելով իր խորհրդականների կարծիքների վրայ, որոնցից շատերը Բայդէնի վարչակազմի ներկայացուցիչները կարող են լինել։ Այսպիսով, նրա նախագահութիւնը կարող է հաւասարակշռել հայկական շահերի պաշտպանութիւնը՝ տարածաշրջանում աւելի լայն ռազմավարական նկատառումներով:
Թրամփի յաղթանակի դէպքում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հարցում միջնորդութիւնը կը պասիւանայ:
Մենք դիտարկել ենք Թրամփի արտաքին քաղաքականութեան զարգացումը մինչեւ 2021 թւականը, ներառեալ 44-օրեայ պատերազմը Լեռնային Ղարաբաղում։ Պատերազմի ընթացքում Թրամփը բաւականին պասիւ կեցւածք էր ընդունել՝ սահմանափակւելով մի քանի թւիթերով եւ յայտարարութիւններով, որոնց չյաջորդեցին յստակ քայլեր հակամարտութեան կարգաւորման ուղղութեամբ։ Թրամփի վարչակազմի կողմից ԼՂ պատերազմում միակ նշանակալի ներգրաււածութիւնը նրա ազգային անվտանգութեան հարցերով խորհրդականի եւ հայ համայնքի միջեւ տեղի ունեցած հանդիպումն էր, ինչպէս նաեւ ԱՄՆ միջնորդութեամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երրորդ զինադադարը, որը երկար չտեւեց։ Բացի սրանից, Թրամփի վարչակազմի կողմից որեւէ այլ էական ներգրաււածութիւն չի եղել, եւ հիմքեր չկան մտածելու, որ այս մօտեցումը կը փոխւի նրա երկրորդ պաշտօնավարման պարագայում։ Հաւանականութիւն կայ, որ նա եւս մէկ անգամ կորոշի «մեկուսացած» քաղաքականութիւն որդեգրել: Իր պաշտօնավարման սկզբնական տարիների նման, Թրամփը, ամենայն հաւանականութեամբ, առաջնահերթութիւն կը տայ ԱՄՆ-ի համար կենսական նշանակութիւն ունեցող կարեւորագոյն խնդիրների լուծմանը, ինչպիսիք են` Մերձաւոր Արեւելքը, Ուկրաինայի հակամարտութեան կարգաւորումը եւ Չինաստանի հետ յարաբերութիւնների յստակեցումը, իսկ Հայաստանը եւ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական յարաբերութիւնները նրա վարչակազմի համար կը մղւեն յետին պլան։
«Դրօշակ» թիւ 10 2024 թ.