NY Post. Հարրիսի եւ Թրամփի յաղթանակի շանսերը հաւասար են
ABC News. Թրամփի յաղթելու հաւանականութիւնն աճել է
«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահական ընտրութիւններին ընդառաջ սոցհարցումների վերջին արդիւնքները վկայում են անկանխատեսելի արդիւնքների մասին:
The New York Post թերթի պատւէրով կատարւած վերջին հարցման տւեալներով, Դոնալդ Թրամփը հաւասարւել է Քամալա Հարրիսին՝ յաղթահարելով հոկտեմբերի սկզբից նկատւած 4 տոկոս տարբերութիւնը։
Երկու թեկնածուները հաւաքել են 49-ական տոկոս աջակցութիւն հաւանական ընտրողների շրջանում, ընդ որում՝ 2 տոկոսը յայտնել է, որ կաջակցի ցանկացած թեկնածուի։
Հարրիսի աջակցութիւնը նւազել է 2 տոկոսով նախորդ հարցումից ի վեր, ինչը կարող է նշանակել Թրամփի պոտենցիալ յաղթանակ ընտրողների կոլեգիայում, ինչպէս դա տեղի ունեցաւ 2016 թւականին, երբ նա առաջ անցաւ Հիլարի Քլինթոնից՝ չնայած փոքրամասնութեանը ժողովրդական քւէարկութիւնում։ Հարցումը նաեւ զգալի տարբերութիւն է գրանցել տարիքային յատկանիշով. Հարրիսը առաջին տեղում է 18-34 տարեկան ընտրողների շրջանում՝ 20 տոկոս տարբերութեամբ, Թրամփը գերազանցութիւն ունի 55-ից բարձր տարիքային խմբում, որոնք կազմում են ԱՄՆ ընտրազանգւածի աւելի նշանակալի մասը։
Միեւնոյն ժամանակ, ABC News-ը Թրամփի յաղթանակի հաւանականութիւնը գնահատել է 53%, Հարրիսինը՝ 47%:
ABC News-ի Project 538 կանխատեսող մոդելը հաշւի է առնում սոցիոլոգիական, տնտեսական եւ ժողովրդագրական տւեալները՝ ընտրութիւնների հնարաւոր արդիւնքները վերլուծելու համար՝ յենւելով սոցիոլոգիական հարցումների եւ դրանց հաւաստիութեան վրայ։
Վերջին տւեալները ցոյց են տալիս, որ Թրամփը կը յաղթի 100 անգամից 53-ը, մինչդեռ Հարրիսը յաղթելու հնարաւորութիւն ունի 47 անգամ: Երրորդ թեկնածուի նախագահ դառնալու հաւանականութիւնը զրոյական է։