Ալիեւը հարցեր է լուծում, իսկ Փաշինեանը թիթեռ է նկարում
ԲՈՐԻՍ ՄՈՒՐԱԶԻ
Politik.am-ի գլխաւոր խմբագիր
Հայաստանի իշխանութիւնները այդպէս էլ դուրս չեկան ներհայաստանեան քարոզի տրամաբանութիւնից։ Աշխարհը վերջին տարիներին եւ յատկապէս վերջին ամիսներին եռում է իրադարձութիւններով։ Ընդորում՝ այդ իրադարձութիւններն այնպիսին են, որ ճակատագրական են առանձին պետութիւնների ու, ինչու չէ, նաեւ գլոբալ առումով աշխարհի համար։ Հայաստանն այդ եռացող կէտերից մէկն է, բայց ինչպէս արդէն նշւեց, Հայաստանի իշխանութիւնները գործում են ներքին լսարանին մոլորեցնելու, սիրաշահելու շրջանակում։ Ոչինչ չի արւում Հայաստանի անվտանգութեան ապահովման համար։
Իշխանութիւնների քարոզչական թէզերը երկուսն են՝
1․ Հայաստանում ամէն բան լաւ է, ու մենք Փաշինեանի ու ՔՊ-ի առաջնորդութեամբ՝ գնում ենք պայծառ ապագայ
2․ Եթէ որեւէ բան այն չէ, ապա դրանում Փաշինեանն ու ՔՊ-ն մեղաւորութիւն չունեն։ Մեղաւոր են նախկինները, ռուսները, իրանցիները, լրագրողները, ընդդիմադիրները։
Որպէսզի հասկանալի լինի, թէ որքան հեռու են Հայաստանի իշխանութիւններն աշխարհում ընթացող իրադարձութիւններից, փորձենք համեմատել Ադրբեջանի նախագահ Ալիեւի աշխատանքային մէկ օրը Հայաստանի վարչապետի պաշտօնը զբաղեցնող Փաշինեանի աշխատանքային մէկ օրւայ հետ։
Յուլիսի 3-ն՝ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կեանքում
Յուլիսի 3-ին Ադրբեջանի նախագահ Ալիեւը գտնւում էր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ Այդ օրը տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետութեան նախագահ Իլհամ Ալիեւի, Թուրքիայի Հանրապետութեան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Պակիստանի Իսլամական Հանրապետութեան վարչապետ Մոհամմադ Շահբազ Շարիֆի միջեւ։
Հանդիպման ընթացքում մէկ անգամ եւս ընդգծւել է Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան լիարժէք ապահովումը։ Անհանգստութիւն է արտայայտւել արտատարածաշրջանային պետութիւնների կողմից Հարաւային Կովկասի ռազմականացման քաղաքականութեան վերաբերեալ։
Յատկապէս նշւել է 44-օրեայ պատերազմի ընթացքում Թուրքիայի եւ Պակիստանի կողմից Ադրբեջանին ցուցաբերած քաղաքական եւ բարոյական աջակցութիւնը։
Յետոյ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան նախագահ Սի Ծինփինի հետ։ Երկրների ղեկավարները քննարկել են համագործակցութեան տարբեր հարցեր։ Չինաստանի նախագահն Ադրբեջանի նախագահին պետական այցով հրաւիրել է իր երկիր։ Հանդիպման ընթացքում քննարկւել են տնտեսական համագործակցութեան հարցեր եւ ընդգծւել է այսպէս կոչւած Միջին միջանցքի հարցը, որը պէտք է անցնի Ադրբեջանով եւ Հայաստանով (այս միջանցքի հայաստանեան հատւածն ադրբեջանական կողմն անւանում է «Զանգեզուրի միջանցք»)։
Այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Ալիեւը հանդիպել է նաեւ Ղազախստանի նախագահ Տոկաեւի եւ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ։ Այս առաջնորդների հետ էլ Ադրբեջանի նախագահը քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցութեան հարցեր։
Ադրբեջանի նախագահի այս հանդիպումների, բանակցութիւնների, քննարկւած հարցերի ֆոնին յուլիսի 3-ին Հայաստանի վարչապետի պաշտօնը զբաղեցնող Նիկոլ Փաշինեանը ոչ թէ գնացել էր Աստանա, որտեղ կարող էր ու պէտք է գնար, այլ մասնակից է եղել երկու միջոցառման՝ ՔՊ-ական երիտթեւի հետ հեծանիւ է վարել եւ ելոյթ է ունեցել սորոսական Դանիէլ Իոաննիսեանի կազմակերպած այսպէս կոչւած ժողովրդավարութեան ֆորումում։ Վերջ։
Մինչ Ալիեւը հարցեր է լուծում, Փաշինեանը թիթեռ է նկարում
Միայն այս մէկ օրը բաւական է հասկանալու, որ մինչ Ալիեւը փորձում է զարգացնել յարաբերութիւններ տարածաշրջանում իրականում եղանակ ստեղծող երկրների հետ, բարելաւել Ադրբեջանի դիրքերը, ձեռք բերել պայամնաւորւածութիւններ հնարաւոր զարգացումներին համահունչ, Փաշինեանը զբաղւած է շոուներ բեմադրելով եւ այդ շոուներում ինքն իր նկատմամբ յաղթանակներ տօնելով։
Սա ոչ այլ ինչ է, քան խրախճանք՝ ժանտախտի ժամանակ։ Հայաստանն այնպիսի խնդիրների առաջ է կանգնած, որ երկրի ադեկւատ ղեկավարն անգամ մէկ րոպէ ազատ ժամանակ պէտք է չունենար, իսկ մենք տեսնում ենք հակառակը՝ Փաշինեանը շոուներից ու PR-ից մէկ րոպէ ազատ ժամանակ չի գտնում, որպէսզի զբաղւի Հայաստանի իրական խնդիրներով։ Մարդը երեւի վստահ է, որ ինչ էլ լինի, վերջում մեղաւոր կը գտնի, ում վրայ կը բարդի իր արածների ու չարածների հետեւանքը։