Քաղաքական

Փաշինեանի ելոյթը Սփւռքի գագաթնաժողովում. սխալ գաղափարներ, սխալ ժամանակի ընտրութիւն, սխալ վայր

Ես կցանկանայի մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինեանի ցնցող յայտարարութիւնները 2024 թւականի սեպտեմբերի 18-ին Երեւանում կայացած Համաշխարհային հայկական գագաթնաժողովում:

Մէկուկէս ժամ շարունակ Փաշինեանը պատասխանեց հաղորդավարի հարցերին՝ աշխարհի տարբեր երկրներից հաւաքւած հարիւրաւոր հայերի առջեւ:

Նախքան Փաշինեանի պատասխանների էութեան մէջ խորանալը՝ նրա հիմնական խնդիրն այն է, որ նա յաճախ ասում է այն, ինչ գալիս է նրա մտքին այդ պահին, առանց դրա մասին երկար մտածելու:

2024 թւականի սեպտեմբերի 18-ին մեծ թւով սփիւռքահայերի ներկայութեամբ Փաշինեանը երեք խոշոր սխալ թոյլ տւեց. 1) նա շատ սխալ բաներ ասաց. 2) դրանք ասաց ոչ ճիշտ մարդկանց (սփիւռքահայերին)․ եւ 3) նա ընտրեց առաւել անպատշաճ ժամանակը` Հայաստանի Անկախութեան տարելիցից մի քանի օր առաջ՝ իր հայրենասիրութիւնը, ինչպէս նաեւ համայն հայութեան հայրենասիրութիւնը նսեմացնելու համար:

Ահա մի քանի հատւածներ հայրենասիրութեան մասին Փաշինեանի ցնցող մեկնաբանութիւններից. «Ես ձեզ կասեմ, ինչպէս ընտանիքիս եմ ասում՝ ամենամեծ պրոբլեմը, որը մենք ունեցել ենք, դա եղել է մեր հայրենասիրութիւնը։ Ընդ որում, ասւածի մէջ հեգնանք չկայ, սարկազմ չկայ։ Ամենամեծ պրոբլեմը, որ մենք ունեցել ենք, դա եղել է մեր հայրենասիրութիւնը, ամենամեծ պրոբլեմը, որ ես ունեցել եմ, եղել է իմ հայրենասիրութիւնը՝ այն ընկալմամբ, որ հայրենասիրութեան այդ մոդելը մեր հայրենիքի հետ կապ չունի։ Դա ուղղակի հայրենասիրութեան կայսերական մոդել է, որը գրքերով, ֆիլմերով, տեքստերով, ելոյթներով, հերոսներով, կերպարներով, անուններով, նկարներով ներմուծւել է մեր սոցիալ հոգեբանութիւն»։

Փաշինեանն անտրամաբանօրէն ասաց լսարանին, որ «հայրենասիրութեան այս մոդելի հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետութիւնը որպէս անկախ եւ ինքնիշխան պետութիւն, գոյութիւն չունենայ… Բայց հայրենասիրութեան այս մոդելը նրա համար է, որ մենք հայրենիք չունենանք, այլ միայն տեսականօրէն սիրենք, տեսական Հայաստան ունենանք ու սիրենք՝ պատից կախւած ունենանք, կենացների մէջ ունենանք, տորթերի վրայ ունենանք, իսկ գետնի վրայ չունենանք։ Սա այն է, ինչ մեզ հետ տեղի ունեցել վերջին մի քանի հարիւրամեակում»:

Դրանից յետոյ Փաշինեանը մեղադրեց հայերին եւ  «միւսներին»: «Ես այնքան եմ խօսում ֆորպոստի մասին։ Ես հասկանում եմ, որ շատերը կարծում են, որ ես նկատի ունեմ, որ ուրիշներն են մեզ դարձրել ֆորպոստ: Ոչ, մենք ենք մեզ դարձրել ֆորպոստ: Մենք Հայաստանի Հանրապետութիւնը դարձրել ենք ֆորպոստ այն ընկալմամբ, որ սա ոչ թէ մի երկիր է, որը պէտք է ապահովի իր քաղաքացիների բարեկեցութիւնը, այլ սա մի բազա է, որի միջոցով մենք պէտք է հասնենք այլ նպատակների… Ուրիշները տեսել են, որ շատ պարարտ հող կայ, եւ ցանել են այդ սերմերը, այն պտուղները ստանալու համար, որն իրենց անհրաժեշտ է․․․ Մեր սեփական բարօրութեան համար մենք պէտք է ճանաչենք մեր հայրենասիրութեան կործանարար կողմը: Հայաստանի Հանրապետութեան շահերից կբխեր, եթե ես չլինէի հայրենասէր: Դա ամենամեծ վնասն է, որ ես տւել եմ, այն սէրն է, որ ես տածել եմ իմ երկրի եւ իմ ժողովրդի նկատմամբ… Այնուամենայնիւ, գլխաւոր պրոբլեմն այն է, որ այդ սիրոյ բովանդակութեան հեղինակը դուք չէք, ես չեմ։ Դա կայսերական սէր է՝ կայսրութեան կողմից ձևակերպւած սէր՝ ներդրւած մեր մէջ», ասել է Փաշինեանը:

Այնուհետեւ Փաշինեանը կեղծ կերպով Հայոց Ցեղասպանութիւնը ոգեկոչելու հայ ժողովրդի ջանքերը վերագրեց Խորհրդային Միութեան մանիպուլյացիաներին՝ «թոյլ տալու» Խորհրդային Հայաստանին յիշատակել Հայոց Ցեղասպանութիւնը, որպէսզի հակազդեն Թուրքիային եւ ՆԱՏՕ-ին: Նա սխալմամբ պնդեց, որ Խորհրդային Միութիւնը թոյլ է տւել, որ Ցեղասպանութեան յուշարձանը կառուցւի Երեւանում այն ​​ժամանակ, երբ Խորհրդային Միութիւնն ու ԱՄՆ-ը միջուկային պատերազմի շեմին էին: Այսպիսով, նա նսեմացրեց Հայոց Ցեղասպանութիւնը՝ ամոթալի կերպով այն որակելով որպէս խորհրդային քարոզչութեան գործիք:

Փաշինեանի ասածների մեծ մասը սխալ էր, անյարգալից եւ հակահայկական։ Փաշինեանն այս յայտարարութիւններն արեց հարիւրաւոր հայրենասէր հայերի առջեւ, որոնք ամբողջ աշխարհից եկել էին Երեւան՝ իրենց զօրակցութիւնը յայտնելու հայրենիքին, միայն թէ լսեցին, որ հայրենասիրութիւնը «կործանարար» է եւ  օտարներից ոգեշնչւած գաղափար։ Նրա խօսքերը նոյնպէս անպատշաճ ժամանակ հնչեցին Հայաստանի Անկախութեան 33-րդ տարելիցից ընդամէնը օրեր առաջ։ Սա Փաշինեանի վարչակարգի միտումնաւոր քաղաքականութիւնն է՝ պառակտում սերմանելու Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ եւ Հայաստանի բնակչութեանը բաժանելու նախկին եւ ներկայ ղեկավարների կողմնակիցների։

Նոյն հարցազրոյցի ընթացքում Փաշինեանը եւս մէկ սխալ եւ չափազանց անտեղի նկատողութիւն արեց՝ քննադատելով եւ մերժելով Սփիւռքի կողմից ուղարկւած մարդասիրական օգնութիւնը՝ աշխարհի տարբեր ծայրերից հաւաքւած հարիւրաւոր հայերի առջեւ:

Նա ասաց. «Ես շատ ուզում եմ, որ Հայաստանը դադարի կարեկցանքի օբեկտ լինել՝ դուրս գայ այդ կարգավիճակից։ Ես, իհարկէ, չգիտեմ, միշտ չի, որ իմ յանձնարարութիւնները ճշգրիտ կատարւում են, օրինակ, ես արգելել եմ, չգիտեմ, թէ դա որքանով են կատարում, որ Հայաստանում, նրանք [Սփիւռքը], ասենք  օգտագործւած շորեր ուղարկեցին, օգտագործւած աւտոներ ուղարկեցին, կիսամաշ «պակրիշկա» ուղարկեցին, կիսամաշ կօշիկ ուղարկեցին պետական հիմնարկների համար, մանկատների համար։ Կներէք, բայց Հայաստանի կառավարութիւնն ի վիճակի է իր պատասխանատւութեան ներքոյ գտնւող հիմնարկների համար ինչ-որ մինիմում ապահովել։ Այսինքն, Հայաստան կիսամաշ բաներ ուղարկելու այդ ընկալումից, ու յետոյ դա էլ ամիսներով լուսաբանելուց, որ ուղարկւեց այսքան դեղ, որի ժամկէտը լրանում է մէկ շաբաթից։ Ես հաշտ չեմ, ես կոնֆլիկտ ունեմ Հայաստանի Հանրապետութեան այս ընկալման հետ։ Հայաստանի Հանրապետութիւնը ինքնիշխան պետութիւն է, որն ունի բարդութիւններ [դժւարութիւններ], ակնյայտ բարդութիւններ։ Բայց, կներէք, ո՞րն է այն պետութիւնը, որը չունի բարդութիւններ»։

Սփիւռքի կողմից Հայաստան ուղարկւած օգնութեան մասին Փաշինեանի նւաստացուցիչ արտայայտութիւնները խորապէս վիրաւորական են։ Նա չպէտք է խօսի այնպիսի բաների մասին, որոնց մասին ոչինչ չգիտի։ Ես «Հայաստան-Արցախ» հիմնադրամի նախագահն եմ, որն անցած 35 տարիների ընթացքում Հայաստան է ուղարկել աւելի քան մէկ միլիարդ դոլարի օգնութիւն, հիմնականում՝ դեղամիջոցներ։ Մենք խստօրէն հետեւում ենք Հայաստանի բոլոր օրէնքներին եւ ընթացակարգերին։ Ոչ ոք չի կարող Հայաստան դեղամիջոցներ ուղարկել, որոնց ժամկէտը լրանում է մեկ շաբաթ անց։ Դոնորները նախօրօք պէտք է Առողջապահութեան նախարարութիւնից ձեռք բերեն ներմուծման արտօնագիր, որը պահանջում է, որ բոլոր դեղամիջոցներն ունենան առնւազն մէկ տարւայ պիտանելիութեան ժամկէտ: Հակառակ դէպքում դրանք առգրաււում եւ ոչնչացւում են մաքսային ծառայողների կողմից։

Սփիւռքի օգնութիւնը քննադատելու փոխարէն, Հայաստանի կառավարութիւնը պէտք է հրապարակի այն առաջնահերթ ապրանքների ցանկը, որոնք անհրաժեշտ են բնակչութեանը եւ խրախուսի պոտենցիալ դոնորներին ուղարկել այդ ապրանքները: Փաշինեանն այնպէս է վարւում, կարծես թէ նա հարուստ երկրի վարչապետ է, որի բնակչութիւնը ոչ մի բանի կարիք չունի: Ցաւօք, դա այդպէս չէ: Սփիւռքի կողմից ուղարկւած օգնութիւնը թերագնահատելու փոխարէն, Հայաստանի կառավարութիւնը պէտք է իր երախտագիտութիւնը յայտնի բոլոր դոնորներին եւ խրախուսի նրանց աւելին անելու համար:

Վարչապետի կեղծ յայտարարութիւնները հայրենասիրութեան եւ մարդասիրական օգնութեան մասին ներկաներից շատերին գցեցին շոկի մէջ: Փաշինեանը կարծես թէ չի գիտակցում, որ իր խօսքերը հետեւանքներ ունեն Հայաստանի եւ հայերի վրայ: Նա այլեւս անպատասխանատու փողոցային ցուցարար չէ, որը կարող է ասել այն, ինչ մտքով անցնում է։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button