Հայաստան - ԱրցախՔաղաքական

ԱՐՑԱԽ-ՄԻՋՆԱԲԵՐԴ

(ԼՂՀ անկախութեան հռչակման օրւայ առիթով)

ԼՈՐԵԹԱ ՂԵՒՈՆԴԵԱՆ

 

Սեպտեմբերի 2-ին լրացաւ Արցախի Հանրապետութեան անկախութեան հռչակման 35-ամեակը, Լեռնային Ղարաբաղում ազգային-ազատագրական շարժումը, արդէն իսկ ակտիւացել էր դեռ՝ 1988 թւականից, որն իրականացաւ 1991 թւականին, Խորհրդային Միութեան փլուզման եւ տարածաշրջանում ազգային ինքնորոշման շարժումների պայմաններում:

Հայ մեծանուն պատմաբան՝ Լէօն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երեւակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատեան երկրի պաշտպանութիւնը»:

Արցախի անկախութեան հռչակումը հայ ժողովրդի նորագոյն պատմութեան կարեւոր իրադարձութիւններից էր, քանի որ արտայայտում էր հայ ժողովրդի քաղաքական ինքնակազմակերպման եւ սեփական ապագան որոշելու ձգտումը: Հետագայ տասնամեակների ընթացքում Արցախի պետականութեան ամրապնդումը դարձաւ հայաստանեան եւ սփիւռքեան հասարակական-քաղաքական կեանքի կարեւորագոյն օրակարգը:

Հայաստանի բազմադարեայ պատմութեան մէջ Արցախը միշտ էլ նրա անբաժան մասնիկն է եղել: Ինչպէ՞ս կարելի է, Արցախը լինի 100 տարւայ անցեալ ունեցող Ադրբեջանի մաս: Ամէն տեղ խօսւում է Արցախի հայկական լինելու մասին, դա լինի լեզուն՝ հայերէնը, վանքերն ու եկեղեցիները, երգ ու պարը, սովորութիւնները եւ ամէն ինչ մեզ ասում է, որ Արցախը Հայաստան է ու վերջ:

Պատմական աղբիւրներում Արցախն առաջին անգամ յիշատակւած է նախաքրիստոնէական 8-րդ դարում՝ Վանի թագաւորութեան սեպագիր արձանագրութիւններում:

5-րդ դարից՝ Արշակունեաց թագաւորութեան անկումից յետոյ եւս, Արցախը ընդմիջումներով պահպանել է հայկական պետականութեան բեկորները մինչեւ 19-րդ դար, երբ 1805 թւականին Արցախը կցւեց ռուսական կայսրութեանը եւ դարձաւ նորաստեղծ Ադրբեջանի հաւակնութեան թիրախը: Տարածքի խորհրդայնացումով, 1923 թւականին այն միաւորւում է ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մէջ մտնող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մէջ:

***

Իրօք ժամանակը փաստեց, որ 2023 թւականին, Արցախի յանձնումը վտանգեց Հայաստանի եւ Արցախի միաւորման տեսլականը ու նաեւ համահայկական համախմբման գործօնները՝ ազգային միասնութիւնը, հայութեան ինքնութեան ու մշակոյթի, պատմական յիշողութեան եւ ազգային պայքարի կարեւորութիւնը:

Այսօր փաստօրէն բռնազաւթւած է Արցախը եւ աւելի քան 120 հազար արցախահայեր բռնի տեղահանւել են Արցախից: Միաժամանակ, 2023-ի նոյեմբերի 17-ի ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումը, Ադրբեջանին պարտաւորեցնում էր ապահովել բռնի տեղհանւած արցախցիների անվտանգ, անարգել եւ արագ վերադարձը Արցախ:

Սակայն պատկերն ուրիշ է…

Հայաստանի իշխանութեան անտարբեր եւ անգամ քաջալերական վերաբերմունքն Ադրբեջանի շարունակւող ապօրինի ոտնձգութիւնների նկատմամբ, միջազգային ատեանների օրակարգից ինքըստինքեան հանում է արդարադատութեան օրէնքով Արցախի հարցի կարգաւորումը, ինչպիսիք են՝ արցախահայութեան վերադարձի իրաւունքը, մշակութային ժառանգութեան պահպանման հարցը, անյայտ կորածների եւ ամենակարեւորը ադրբեջանական ապօրինի կալանքի ենթակայ Արցախի ազգային-պետական այրերի նկատմամբ յարուցւած անարդար դատերը…

Քանի որ Արցախի ազատագրումը համարւում է նպատակակէտ, ուստի միջազգային քաղաքական մակարդակով առաւել եւս անհրաժեշտ է մերկացնել թուրք-ադրբեջանական վաղեմի ծրագիրը՝ համաթուրանական երազանքը:

Արցախի հարցը փակւած չէ այնքան ժամանակ, քանի դեռ արցախահայութեան վերադարձի եւ իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իրաւունքը լուծւած չէ:

«Արցախի հարցը լուծւած չէ, քանի դեռ արդար դատարաններում չեն դատւել Արցախի ժողովրդի դահիճները եւ դաւաճանները:

Մեր «պայքարը» շարունակւելու է լայն մասշտաբով՝ դիւանագիտական, իրաւական, տնտեսական, ժողովրդագրական, մշակութային եւ քաղաքական ոլորտներում:

Related Articles

Back to top button