ԻրանՔաղաքական

Արաղչի. «Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի»

Եթէ կրկնւի նախկին սխալը, արդիւնքն էլ նոյնը կը լինի

«ԱԼԻՔ» – Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԳ նախարարութեան քաղաքական եւ միջազգային հետազօտութիւնների կենտրոնում մեկնարկել է «Միջազգային իրաւունքը յարձակման տակ. ագրեսիա եւ պաշտպանութիւն» խորագրով միջազգային համաժողովը՝ մասնակցութեամբ Իրանի ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչիի, ինչպէս նաեւ մի շարք բարձրաստիճան պաշտօնեաների, դիւանագէտների եւ փորձագէտների։ Հաղորդում է «Թասնիմ»-ը:

Համաժողվի ընթացքում Արաղչին յայտարարել է, որ վերջին ռազմական յարձակումը Իրանի դէմ «յարձակում էր նաեւ դիւանագիտութեան վրայ», սակայն պատերազմից յետոյ դարձեալ պարզ դարձաւ, որ «զօրային ճնշումն արդիւնք չի տալիս, իսկ ԱՄՆ-ն ու Իսրայէլը չկարողացան հասնել իրենց նպատակներին»։ Նրա խօսքով՝ կարող են խոցւել օբիեկտներ, «բայց երբեք գիտելիք ու կամքը չի խոցւում ռումբերով», եւ արդէն ակտիւացել են նոր բանակցութիւնների վերաբերեալ ազդակներ։

ԱԳ նախարարը նշել է, որ Իրանը երբեք չի լքել բանակցութիւնների սեղանը․ «Դիմացիներն էին հեռացել։ Դիւանագիտութիւնը հնարաւոր է միայն այն դէպքում, երբ ուժի լեզուն փոխարինւում է երկխօսութեամբ»։

Արաղչին ընդգծել է, որ Իրանը մնում է խաղաղ լուծումների կողմնակից, յատկապէս տարածաշրջանում։ Նա յիշեցրել է, որ 12-օրեայ պատերազմի աւարտին հակառակ կողմը ինքն էր դիմել առանց նախապայմանների հրադադարի համար, ինչը, ըստ նախարարի՝ վկայեց նրանց ձախողման մասին։ Նա յաւելել է, որ Իրանը կարողացել է ցոյց տալ արդիւնաւէտ պաշտպանութիւն, իսկ պատերազմից յետոյ երկրի պաշտպանական կարողութիւնները աւելի ուժեղ են, քան երբեւէ։

«Եթէ կրկնւի նախկին սխալը, արդիւնքն էլ նոյնը կը լինի»,– ասել է Արաղչին՝ շեշտելով, որ ո՛չ պատժամիջոցները, ո՛չ ճնշումները չեն կարող կոտրել Իրանի վճռականութիւնը։ Նրա խօսքով՝ ԱՄՆ-ը եւ միւսները պէտք է հասկանան, որ խնդրի միակ ուղին դիւանագիտութիւնն է՝ յարգանքով եւ արժանապատւութեամբ։

Աւարտելով խօսքը՝ արտգործնախարարը նշել է, որ Իրանը դիւանագիտութեան եւ ուժային պաշտպանման երկու ուղիների փորձն էլ ստացել է՝ թէ՛ 2015-ի համաձայնագրով, թէ՛ վերջին պատերազմի ընթացքում, եւ այժմ պատրաստ է ցանկացած սցենարի։

Related Articles

Back to top button