ԱԳՆ խoսնակը զգուշացնում է ԱՄՆ ռազմական ակտիւութեան վտանգների մասին Կարիբեան տարածաշրջանում

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է ԱՄՆ-ի ռազմական գործողութիւնների ակտիւացումը Կարիբեան աւազանում եւ Լատինական Ամերիկայում՝ դրանք գնահատելով որպէս լուրջ սպառնալիք միջազգային խաղաղութեանը եւ անվտանգութեանը։ Հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Նա ընդգծել է, որ Վենեզուէլլայի օրինական կառավարութեան դէմ ուժի կիրառման որեւէ սպառնալիք հակասում է ՄԱԿ-ի Կանոնագրին եւ խախտում է ժողովուրդների ինքնորոշման իրաւունքն ու ուժի կիրառման արգելքը։
Բաղային նշել է նաեւ, որ միջազգային մի շարք կառոյցներ ԱՄՆ-ի յարձակումները Վենեզուէլլայի ձկնորսական նաւակների վրայ որակել են որպէս «կամայական եւ արտադատական սպանութիւններ»։ Նրա խօսքով՝ անթոյլատրելի է թմրանիւթերի դէմ պայքարի անւան տակ ոտնձգութիւն կատարել Վենեզուէլլայի ինքնիշխանութեան ու տարածքային ամբողջականութեան նկատմամբ։
ԱԳՆ խօսնակը յիշեցրել է նաեւ ՄԱԿ-ի եւ գլխաւոր քարտուղարի պարտականութիւնը՝ կանխելու քայլերը, որոնք կարող են վտանգել միջազգային կայունութիւնը եւ խրախուսել աշխարհում միակողմանի ու բախումային քաղաքականութիւն։



