ԻրանՄիջազգայինՔաղաքական

Մոսկւայում կը կայանայ ՇՀԿ վարչապետների խորհրդի նիստը

«ԱԼԻՔ» – Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան (ՇՀԿ) վարչապետների խորհրդի 24-րդ նիստը տեղի կունենայ նոյեմբերի 18-ին Մոսկւայում՝ Հանրապետութեան նախագահի տեղակալ Մոհամմադ Ռեզա Արէֆի մասնակցութեամբ։ Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Այդ համաժողովին նախորդում է ՇՀԿ անդամ երկրների ազգային համակարգողների նիստը, որն արդէն մեկնարկել է Մոսկւայում՝ նպատակ ունենալով համաձայնեցնել վարչապետների խորհրդի առաջիկայ նիստի փաստաթղթերն ու առաջարկները։ Նախատեսւում է, որ համակարգողների աշխատանքները կաւարտւեն այսօր։

Իրանը նիստին ներկայացնում է ԱԳՆ ՇՀԿ-ի եւ ԲՐԻՔՍ-ի հարցերով վարչութեան պետ, ՇՀԿ-ում ազգային համակարգող Մեհրադադ Քիային, ով Մոսկւայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնութիւնում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ։ Քննարկւել են կազմակերպութեան ընթացիկ նախաձեռնութիւնները, իրականացւող ծրագրերն ու համագործակցութեան խորացման հնարաւորութիւնները։ Դեսպան Ջալալին նշել է, որ դեսպանութիւնը պատրաստ է հետեւողականօրէն աջակցել անդամ երկրների՝ յատկապէս Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի եւ Հնդկաստանի միջեւ փոխգործակցութեան ընդլայնմանը։

Նշենք, որ վարչապետների խորհրդի նիստում նախատեսւում է քննարկել եւ համաձայնեցնել համատեղ եզրափակիչ հռչակագրի նախագիծը, ՇՀԿ անդամ երկրների բազմակողմ առեւտրատնտեսական համագործակցութեան 2026–2030 թւականների ծրագիրը, ինչպէս նաեւ կազմակերպութեան 2026 թւականի բիւջէն։ Օրակարգում ներառւած են սոցիալական զարգացման ու սոցիալական պաշտպանութեան ոլորտում համագործակցութեան 2026–2028 թւականների ճանապարհային քարտէզը, անդամ երկրների երկաթուղային կառոյցների համատեղ աշխատանքը, ֆինանսական ենթակառուցւածքների կատարելագործման ուղղութեամբ գործողութիւնների համադրման հարցերը, էլեկտրոնային առեւտրի զարգացումը, փոխադարձ ներդրումների խթանումը, ինչպէս նաեւ համատեղ միջոցառումները համաճարակների, այդ թւում՝ ժանտախտի կանխարգելման ու վերահսկման ոլորտում։

Related Articles

Back to top button