Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սա՞ է «լայն քայլերով» եկած «խաղաղութիւնը»

Արցախի՝ ապօրինաբար պատանդառւած ռազմաքաղաքական ղեկավարութեան նկատմամբ Բաքւում ընթացող, այսպէս կոչւած, «դատավարութեան» կամ՝ դատական ֆարսի ընթացքում ադրբեջանական դատախազը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել Արցախի նախկին նախագահ Արայիկ Յարութիւնեանին, Արցախի պաշտպանութեան բանակի նախկին հրամանատար, գեներալ-լէյտենանտ Լեւոն Մնացականեանին, Արցախի պաշտպանութեան բանակի նախկին փոխհրամանատար Դաւիթ Մանուկեանին, Արցախի խորհրդարանի նախկին խօսնակ Դաւիթ Իշխանեանին եւ Արցախի նախկին արտգործնախարար Դաւիթ Բաբայեանին: Բացի այդ, Ալիեւի դատախազը 20 տարւայ ազատազրկում է պահանջել ԼՂՀ նախկին նախագահներ Բակօ Սահակեանի, Արկադի Ղուկասեանի եւ Արցախի միւս գործիչների համար: Միւս հայ գերիների համար պահանջել է 16-19 տարւայ ազատազրկում:

Նիկոլ Փաշինեանն ու նրա իշխանութեան ներկայացուցիչները ոչ մի կերպ դեռ չեն արձագանքել այդ փաստին: Երեւի սա՞ է նրանց պատկերացրած «խաղաղութիւնը» իրենց գովաբանած Ադրբեջանի ու Ալիեւի հետ, որին եւս փառաբանում են՝ մի քանի վագոն ցորենի համար: Սա՞ է տարփողւող «խաղաղութիւնը»:

Լաւ, ի վերջոյ, հօ մեծ-մեծ խօսելո՞վ չէ: Չնայած, այս իշխանութիւնների դէպքում այդպէս էլ կայ: Խնդրեմ, Փաշինեանը ԱԺ ամբիոնից յայտարարում է, թէ՝ «մեզանից շատ ոչ մէկը Արցախի համար բան չի արել»:

Դէ, իհարկէ, իրենցից բացի ոչ մէկը Արցախը չի յանձնել, այդքան զոհ չի տւել: Ոչ մէկը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանը պատանդ չի թողել Ադրբեջանի ձեռքում, որ հիմա ցմահ ազատազրկման «դատապարտեն»:

Այդ ամէնը, այո, արել է Փաշինեանը: Այդ ամէնը եղել է այն բանի պատճառով ու հետեւանքով, որ երկիրը կառավարել է Փաշինեանը: Ու նա այդ ամէնը արել է՝ մէկ բղաւելով՝ «Արցախը Հայաստան է, եւ՝ վերջ», մէկ յայտարարելով, թէ՝ Արցախը ադրբեջանական տարածք է: Իսկապէս շատ բան է արել: Բայց ոչ թէ Արցախի համար, այլ ընդդէմ Արցախի ու արցախցիների: Բայց գուցէ նկատի է ունեցել այն, որ կեանքի է կոչւել հիմնական նպատակը, այն է՝ ձերբազատւել Արցախից: Փաշինեանն ինքն էր, չէ՞, նախօրէին հերթական անգամ յայտարարում, որ «Ղարաբաղի անկախութեան թեման դա ֆէյք է», եւ որ «ինչքան էլ անհամեստ է, ես սա պարտաւոր եմ ասել, եւ այո, սա առաքելութիւն է, մենք այս առաքելութիւնն անում ենք»:

Ասէք, որ իսկապէս խօսուն խոստովանութիւն է…

«Փաստ»

Related Articles

Back to top button