Հայաստան - ԱրցախՄիջազգային

Եկեղեցիների Համաշխարհային խորհուրդը զօրակցութիւն է յայտնել հայ ժողովրդին

Նոյեմբերի 8-14-ը Աբուջայում (Նիգերիա) տեղի ունեցաւ Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գործադիր կոմիտէի ժողովը։ Ժողովականները, հիմք ընդունելով ԵՀԽ պատւիրակութեան 2023 թ․ սեպտեմբերի 18-22-ը Հայաստան կատարած այցի զեկոյցը, հանդէս եկան յայտարարութեամբ։

ԵՀԽ-ն իր զօրակցութիւն է յայտնում հայ ժողովրդին, եկեղեցուն եւ յատկապէս բոլոր նրանց, ովքեր 2023 թ․ սեպտեմբերի 19-20-ի ողբերգական իրադարձութիւններից յետոյ ստիպւած են եղել փախուստի դիմել իրենց հինաւուրց հայրենիքից՝ Լեռնային Ղարաբաղից։

Ժողովականները նաեւ ափսոսանք են յայտնել, որ 1992-1994 թ․ Լեռնային Ղարաբաղի պատերազմից յետոյ չեն գտնւել ուղիներ տարածաշրջանում կայուն խաղաղութեան ապահովման համար:

ԵՀԽ-ն կոչ է անում միջազգային հանրութեանը մարդասիրական աջակցութիւն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանւած անձանց, մասնաւորապէս խոցելի խմբերին՝ կանանց, երեխաներին, տարեցներին, հաշմանդամութիւն ունեցողներին եւ կարիքաւորներին։

ԵՀԽ անդամները նաեւ կոչ են անում Ադրբեջանի կառավարութեանը երաշխաւորել այն էթնիկ հայերի անվտանգութիւնն ու հաւասար իրաւունքները, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց բնակավայրերը Լեռնային Ղարաբաղում, պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայկական էթնիկ մշակութային եւ կրօնական ժառանգութիւնը, յարգել կրօնի, հաւատքի ազատութիւնը (ներառեալ կրօնական եւ պաշտամունքային վայրեր այցելելը), ինչպէս եւ հնարաւորութիւն ընձեռնել ու դիւրացնել ԻՒՆԵՍԿՕ-ի անկախ գնահատման առաքելութեան այցը տարածաշրջան եւ փաստագրել համապատասխան վայրերի կարգավիճակը:

Ժողովականները դիմեցին Եւրոմիութեանը Հայաստանում ուժեղացնելու ԵՄ առաքելութիւնը՝ ապահովելով բաւարար անձնակազմ եւ միջոցներ՝ դիտարկումներ իրականացնելու ու զեկուցելու Ադրբեջանի զինւած ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների ներխուժման մասին։

ԵՀԽ-ն կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին ձեռնամուխ լինել այդ խնդրի կարգաւորմանը, եւ ձեռնարկել արագ ու վճռական գործողութիւններ՝ Ադրբեջանի զինւած ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ցանկացած յարձակման դէպքում։

Ժողովականները խնդրեցին ԵՀԽ գլխաւոր քարտուղարին շարունակաբար հետեւել 2023 թ․ սեպտեմբերի 18-22-ը Հայաստան այցելած ԵՀԽ պատւիրակութեան դիտարկումներին եւ եզրակացութիւններին։

ԵՀԽ-ն հրաւիրեց անդամ բոլոր Եկեղեցիներին աղօթել տուժած անձանց համար, աջակցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն հայ ժողովրդին ցաւալի եւ ապագայի նկատմամբ անորոշ այս ժամանակներում ծառայութիւն իրականացնելիս։

Alphanews.am

Related Articles

Back to top button