Իրան

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը իսլամական պետութիւններին կրկին կոչ է արել խզել յարաբերութիւնները Իսրայէլի հետ

«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին կրկին շեշտել է սիոնիստական ռեժիմի հետ իսլամական պետութիւնների կապերի խզման անհրաժեշտութեան մասին՝ նշելով, որ այդ ռեժիմի յանցագործութիւնների միայն դատապարտումն անընդունելի է:

Այս մասին նա յայտարարել է Իսլ. յեղափոխութեան պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի վերջին նւաճումների ցուցահանդէս կատարած այցելութեան ընթացքում, որը տեղի է ունեցել երէկ՝ նոյեմբերի 19-ին, «Աշուրա» օդատիեզերական գիտատեխնիկական համալսարանում:

Այաթ. Խամենէին ընդգծել է, որ Իսրայէլի դատապարտումն ամենեւին էլ բաւարար չէ՝ կոչ անելով իսլամական երկրներին բոյկոտել Իսրայէլը:

«Գլխաւոր աշխատանքը, որ կարելի է անել, սիոնիստական ռեժիմի կենսական զարկերակի եւ հոսքի կտրումն է: իսլամական կառավարութիւնները պէտք է թոյլ չտան վառելիքի եւ ապրանքների հասանելիութիւնը ռեժիմին»,- ասել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը՝ յաւելելով. «Իսլամական պետութիւնները պէտք է առնւազն ժամանակաւորապէս խզեն իրենց քաղաքական յարաբերութիւնները սիոնիստական ռեժիմի հետ»:

Անդրադառնալով Գազայի հիւանդանոցների եւ խաղաղ բնակչութեան դաժան ռմբակոծութիւններին, այաթ. Խամենէին նշել է, որ դրանք նշանն են այն բանի, որ սիոնիստական ռեժիմի պարագլուխները չափազանց նեարդանացած են իրենց պարտութիւնից:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը քննադատել է արեւմտեան երկրներին սիոնիստական ցեղապաշտ ռեժիմին պաշտպանելու համար:

«Երբ Ամերիկայի նախագահը, Գերմանիայի կանցլերը, Ֆրանսիայի նախագահը եւ Անգլիայի վարչապետը աջակցում եւ օգնում են ցեղապաշտ այսպիսի ​​ռեժիմին, դա նշանակում է, որ այդ մարդիկ պաշտպանում են ռասայական խտրականութիւնը՝ աշխարհի ամենաատելի խնդիրը»,- ասել է այաթ. Խամենէին:

Related Articles

Back to top button