ԻրանՀայաստան - Արցախ

Դեսպան Սոբհանի. «ՀՀ-ի հետ մեր համագործակցութեան ձեւաչափը կախւած է ՀՀ կառավարութիւնից»

«ԱԼԻՔ»  – Այսօր ճակատագրական օր է Իրանի ու Իրանի ժողովրդի համար: Այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների՝ երէկ՝ յունիսի 28-ին, լրագրողների հետ զրոյցում, անդրադառնալով Իրանում տեղի ունեցող նախագահական ընտրութիւններին, ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

«Իրանի ժողովուրդը այսօր առաջիկայ 4 տարւայ համար ընտրում է իրենց նախագահին, սրանք 14-րդ նախագահական ընտրութիւններն են, որ տեղի են ունենում Իրանում, ու սա ցոյց է տալիս, որ Իրանի կառավարութիւնը ու այն վարչակարգը, որը ստեղծւում է, հիմնւած են Իրանի ժողովրդի քւէի ու որոշման վրայ: Այսօր մենք քւէարկում ենք յանուն հզօր, երջանիկ ու զարգացած Իրանի: Այսօր ժամը 8-ից մեզ մօտ սկսւել են ընտրութիւնները ու Իրանի քաղաքացիները, որոնք գտնւում են Հայաստանում, այցելել են այստեղ ու իրենց ձայնն են տւել, սա նշանակում է, որ Իրանի ճակատագիրը իրենց համար կարեւոր է»,- ասել է նա:

Դեսպանը յոյս է յայտնել, որ ընտրութիւններից յետոյ կը գրանցւի այնպիսի արդիւնք, որը կը լինի ի նպաստ ինչպէս Իրանի ու Իրանի ժողովրդի, այնպէս էլ Իրան-Հայաստան երկկողմ յարաբերութիւնների զարգացմանը:

Հարցին՝  նոր նախագահի ընտրութիւնը ինչպէ՞ս կարող է ազդել Հայաստան-Իրան յարաբերութիւնների վրայ, դեսպանն ընդգծել է.

«Մեր քաղաքականութիւնը ՀՀ-ի նկատմամբ սկզբունքային է ու այն կառավարութիւնները, որոնք գալիս են իշխանութեան, գործում են այդ քաղաքականութեան շրջանակներում: Այդ քաղաքականութիւնը հնչեցւել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդի կողմից, ու դա եւս մէկ անգամ ընդգծւել է ՀՀ վարչապետի՝ Իրան կատարած այցի ժամանակ: Իրանը յարգում է ՀՀ-ի տարածքային ամբողջականութիւնը ու դէմ է միջազգայնօրէն ճանաչւած սահմանների, ինչպէս նաեւ աշխարհաքաղաքական  ցանկացած փոփոխութեան: Այս սկզբունքային քաղաքականութիւնը երբեք չի փոխւի անկախ նրանից, որ  Իրանում եւ Հայաստանում   կառավարութիւն կարող է փոխւել»:

Հարցին՝ ինչպիսին կը լինի Իրանի արձագանգը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դէմ հնարաւոր ագերսիայի դէպքում, Իրանն ինչպիսի գործողութիւնների կարող է դիմել, դեսպանը պատասխանել է. «Նրանք պէտք է սպառնալիքի լեզւով չխօսեն, եթէ խօսքը խաղաղութեան երկխօսութեան մասին է:

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ մեր համագործակցութեան ձեւին, դա կախւած է ՀՀ կառավարութիւնից: Մենք մեր պատրաստակամութիւնն ենք յայտնել փոխադարձ ընկալումների հիման վրայ, այն ինչ կը բխի մեր երկու երկրների շահերից, մենք բոլոր ոլորտներում պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ»:

Related Articles

Back to top button