Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Սուրէն Սարգսեան. «ՀՀ իշխանութիւնը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի»

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Սուրէն Սարգսեանը ֆէյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխութեանը: Նա ՀՀ գործող իշխանութիւններին խորհուրդ է տւել այդ փոփոխութեան ֆոնին ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակել:

«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայեացքներով, քրիստոնէական խոր հաւատքով: Ընդորում, եկել է նաեւ ծայրայեղ լիբերալիզացիայից քաղաքացիների բողոքի արդիւնքում եւ հետեւանքով:

Ընդհանրապէս, կրօնի գործօնը չի կարող կարեւոր չլինել Թրամփի վարչակազմի համար: Վերջիվերջոյ 82% աւետարանական բողոքականներ նշել են, որ նախապատւութիւնը տւել են Թրամփին: Նոյնը վերաբերում է 61% կաթոլիկներին եւ 58% ոչ աւետարանական բողոքականներին։ Թրամփի երդմնակալութեան ողջ ընթացքը համեմւած էր քրիստոնէական թեմատիկայով: Բացի “God Bless America” եւ “So Help Me God” աւանդական ձեւակերպումներից, քրիստոնէական տարբեր եկեղեցիների հոգեւոր սպասաւորների աղօթքներից՝ Թրամփն Աստծուն շնորհակալութիւն էր յայտնում իր կեանքը փրկելու համար: Իր երդմնակալութեան ելոյթում Թրամփը տալիս էր այսպիսի ձեւակերպումներ “I Was Saved by God”, “We Will Not Forget Our God”, “One Glorious Nation Under God”, “People of Religion, Faith and Goodwill” եւ այլն:

Աջակիցների հետ իր հանդիպումներում Թրամփը խոստանում էր բարձրացնել ոչ միայն պահպանողական քրիստոնեաների քաղաքական դերկատարումը, այլեւ նրանց գաղափարական ազդեցութիւնը։ Նա խոստացել էր, որ կարգելի այլ սեռերի կիրառումը քանի որ Աստւած ստեղծել է միայն երկու սեռ՝ արական եւ իգական։ Նա խոստացել էր հիմնել դաշնային յանձնաժողով՝ հակաքրիստոնէութեան դէմ պայքարելու համար եւ առաւել մեծ դերակատարութիւն ապահովել պահպանողական քրիստոնեայ երիտասարդ առաջնորդներին: Նա նաեւ խոստանում էր փրկել կրոնը Ամերիկայում:

Այս խոստումներից որոշներն արդէն իսկ կեանքի է կոչել:

Ի դէպ, շատ գրագէտ եւ հաշւարկւած այս հարցին մօտեցաւ Վրաստանի նախագահ Զուրաբիշւիլին: Ճիշտ ժամանակին (երդմնակալութիւնից մէկ օր առաջ) ճիշտ տեղում (հանրապետականների Foxnews-ում) յայտարարեց, որ Վրաստանն աշխարհի առաջին քրիստոնեայ պետութիւնն է՝ նոր գաղափարական հիմք դնելով Թրամփի վարչակազմի հետ յարաբերութիւններ ձեւաւորելու համար: Դէ, եթէ Հայաստանից նման մեսիջներ չեն գնում, դա պէտք է անեն այլ երկրներ:

Հիմա գանք Հայաստան.

Հայաստանի իշխանութիւնները բացէիբաց աջակցում էին դեմոկրատներին: Չեմ բացառում, որ Վաշինգտոնից դեսպան Մակունցը վստահեցնում էր, որ Հարիսը յաղթելու է եւ պէտք է նրա վրայ ամբողջական խաղադրոյք կատարել: Սա ճակատագրական սխալ էր եւ «պլան Բ» բնականաբար չկար: Հանրապետականները շատ լաւ գիտեն իրենց նկատմամբ այս տեսակ վերաբերունքի մասին: Մակունցն այնքան անթաքոյց վերաբերմունք ունի հանրապետականների նկատմամբ, որ նրանց միջոցառումներին մասնակցելուց էլ դրա մասին խուսափում է գրառումներ կատարելուց դեսպանութեան ֆէյսբուքեան էջում (թէկուզ երդմնակալութեան պաշտօնական արարողութիւններից մէկին ի թիւս այլ դեսպանների մասնակցելու վերաբերեալ): Յատկանշական է, որ Մակունցը դեսպան է նշանակւել 2021 թ. եւ պարտադրել է, որ նախագահի հրամանագրում ամրագրւի նրա պաշտօնավարման ժամկէտը՝ չորս տարով: Սովորաբար դեսպաններին ժամկէտով չեն նշանակում, գործում է 2+1 աւանդոյթը եւ ընդհանրապէս դեսպանի յետկանչի ժամկէտի ընտրութիւնը քաղաքական որոշում է:

Յոյսս կտրելով «դիւանագէտներից» կարծում եմ Թրամփի վարչակազմի հետ մեր լաբբիստական եւ շահերի պաշտպան (advocacy group) կազմակերպութիւններից զատ կարող է շատ արդիւնաւէտ աշխատել Հայ Առաքելական եկեղեցին, մանաւանդ, որ Արամ Առաջինի հետ Թրամփի կոնտակտն արդէն իսկ ստացւել է, վստահ եմ Գարեգին Երկրորդի հետ էլ կը ստացւի:

Ի դէպ, 1994 թ., երբ Հայաստանում կասեցւել էր ՀՅԴ գործունէութիւնը, կուսակցութեան եւ իշխանութեան յարաբերութիւնները ոչ պակաս լարւած էին՝ քան այսօր: Սակայն, ի պատիւ ԱՄՆ-ում մեր առաջին դեսպան Շուգարեանի եւ Հայ Դատի (ANCA) գրասենեակի ղեկավարների, նրանք համագործակցութեան եզրեր գտնում էին յանուն Հայաստանի Հանրապետութեան՝ մի կողմ դնելով քաղաքական սուր հակասութիւնները: Գործող դեսպանն այդպէս էլ չկարողացաւ Վաշինգտոնում համագործակցութեան եզրեր գտնել ազդեցիկ այս կառոյցի հետ»,- գրել է քաղաքագէտը:

Related Articles

Back to top button