ՄիջազգայինՔաղաքական

Թուրքիան ինտերնետի ազատութեան ցուցանիշով Եւրոպայում վերջինն է

«Freedom House» միջազգային իրաւապաշտպան կազմակերպութեան՝ «Freedom on the Net 2026» զեկոյցում գնահատւել է աշխարհի 38 երկրում ինտերնետի ազատութեան վիճակը։ Զեկոյցն ընդգրկում է 2025 թ. յունիսի 1-ից մինչեւ 2026 թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատւածը։

Թուրքիան 100 հնարաւոր միաւորից ստացել է 31 միաւոր՝ շարունակելով մնալ ինտերնետի ազատութեան առումով ոչ ազատ երկրների շարքում։ Երկրի ցուցանիշը նախորդ տարւայ համեմատ չի փոխւել։

Զեկոյցում ընդգրկւած եւրոպական երկրների շարքում Թուրքիան արձանագրել է ամենացածր ցուցանիշը։ Ըստ զեկոյցի՝ ընդդիմութեան ցոյցերի ժամանակ երկրում սահմանափակւել է սոցցանցերի հասանելիութիւնը, իսկ իշխանութիւններն ակտիւօրէն արգելափակել են կայքերն ու հեռացրել առցանց բովանդակութիւնը։ Բացի այդ, իրենց հրապարակումների համար հետապնդումների են ենթարկւել լրագրողներ, ակտիւիստներ եւ սոցցանցերի սովորական օգտատէրեր։

Freedom House-ն անդրադարձել է նաեւ լրագրողների նկատմամբ ֆիզիկական յարձակումներին, ինչպէս նաեւ 2026 թ. ապրիլին ընդունւած նոր կարգաւորմանը, որը սահմանափակում է մինչեւ 15 տարեկան երեխաների սոցցանցերից օգտւելը։ Կազմակերպութիւնը մտահոգութիւն է յայտնել, որ օրէնքով նախատեսւած՝ e-Devlet համակարգի միջոցով տարիքի ստուգումը կարող է սոցցանցային հաշիւները կապել օգտատէրերի իրական ինքնութեան հետ՝ վտանգ ներկայացնելով առցանց քննարկումների մասնակիցների համար։

Աղբիւրը՝ Ermenihaber

Related Articles

Back to top button