Տիգրան Աբրահամեան. «Բաքւում դեռ հնարաւորութիւն են տեսնում Հայաստանից աւելին պոկելու եւ Հայաստանին որպէս միջազգային սուբիեկտ վերջնական շարքից հանելու առումով»

«ԱԼԻՔ» – Բաքւում դեռ հնարաւորութիւն են տեսնում Հայաստանից աւելին պոկելու եւ Հայաստանին որպէս միջազգային սուբիեկտ վերջնական շարքից հանելու առումով: Այս մասին ԱԺ-ում յայտարարութիւնների ժամին յայտարարել է «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։ Այս մասին հաղորդել է tert.am-ը:
«Ադրբեջանն այնքան ժամանակ բանակցութիւնների գործընթացը փակուղի կը մղի եւ ժամանակ կը ձգի, քանի Հայաստանում գործող իշխանութիւնն իր համար բարենպաստ դաշտ է ձեւաւորում պարտադրանքի ու նախապայմանների լեզւով խօսելու, զիջումներ պարտադրելու, շանտաժի ենթարկելու համար, ինչն էլ ուղեկցւում է ակնյայտ ծաղրով ու արհամարանքով: Այս օրերին շատ է հարցադրում հնչում, թէ ինչո՞ւ Ադրբեջանը, այնուամենայնիւ, չի համաձայնւում Հայաստանի իշխանութեան այն առաջարկներին, որոնք մեծ առումով բխում են իր շահերից:
Պատասխանը շատ յստակ է. Բաքւում դեռ հնարաւորութիւն են տեսնում Հայաստանից աւելին պոկելու եւ Հայաստանին որպէս միջազգային սուբիեկտ վերջնական շարքից հանելու առումով: Հայաստանի իշխանութեան ցանկացած նոր զիջում աւելի է ուժեղացնում Ադրբեջանին եւ, ըստ էութեան, առաւել ուժգնացնում Հայաստանի դէմ նորանոր հարւածները: Արդեօ՞ք Ադրբեջանի ճնշումներն ու պահանջները միայն բանակցային գրոհներով են արտայայտւելու: Համոզւած եմ, որ Ադրբեջանն իր համար պատեհ պահի՝ ռեգիոնալ կամ աշխարհաքաղաքական լոյալութեան կամ կոնկրետ հարցով կարմիր գծերի բացակայութեան պայմաններում, կը գնայ արկածախնդրութեան: Սա ասում եմ՝ առաջին հերթին հաշւի առնելով այն հանգամանքը, որ ռեգիոնալ ապաշրջափակման տակ, Թուրքիան եւ Ադրբեջանն աւելի շատ պատկերացնում են ոչ թէ միջանցք, այլ ուղիղ ցամաքային կապի առկայութիւն, որի առարկայական արտացոլումներն ադրբեջանական զօրամասերում փակցւած քարտէզներն են՝ առանց Սիւնիքի, Վայոց ձորի եւ մասնատւած Արարատի, Գեղարքունիքի ու Տաւուշի մարզերով:
Արդեօ՞ք Հայաստանում հաստատւած վարչակազմը գիտակցում է իրադրութեան լրջութիւնը: Վստահ եմ՝ այո, սակայն իշխանութեան իրացրած քաղաքականութեան հիմքում ոչ թէ Հայաստանի Հանրապետութիւնն է, այլ կամայական տարածքի գոյութիւնը, որտեղ նրանք որեւէ ձեւով կարող են իրենց իշխանութիւնն իրացնել՝ անկախ նրանից, թէ դա ինչ կարգավիճակով կամ սահմաններով կը լինի: Իշխանութեան յանցաւոր արարքների հիմքում սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ դաժան վերաբերմունքի քօղարկումն է, երկրին հասցւած ծանր հարւածի հետքերի վերացումն ու գաղափարախօսութեան անւան տակ «պարտւողական Հայաստանի» կոնցեպտի պարտադրումը»,-յայտարարել է Աբրահամեանը: