Վահէ Դաւթեան. «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցութեան կասեցման հետեւանքները»

Քաղաքական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգութեան մասնագէտ Վահէ Դաւթեանը գրում է.
«ԵԱՏՄ անդամ չորս պետութիւնների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ներկայացուցիչների պատրաստած 72-էջանոց զեկոյցում (յղումը՝ մեկնաբանութիւններում) ուղղակիօրէն քննարկւում է Հայաստանի անդամակցութեան կասեցման հնարաւորութիւնը։ Ընդ որում, առաջարկւում է այդ ռեժիմը պահպանել մինչեւ Հայաստանում ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ ընտրութեան հարցով հանրաքւէի անցկացումը։
Ուշագրաւ է իրաւական հիմնաւորումը։ Զեկոյցում արձանագրւում է, որ ԵԱՏՄ պայմանագիրը նման կասեցման մեխանիզմ չի նախատեսում։ Ուստի յղում է կատարւում 1969 թ. Միջազգային պայմանագրերի իրաւունքի մասին Վիեննայի կոնւենցիային, որի շրջանակներում ԵԱՏՄ միւս անդամները «իրաւունք ունեն քննարկելու ԵԱՏՄ պայմանագրի գործողութիւնը ժամանակաւորապէս կասեցնելու մասին համատեղ որոշման ընդունման հարցը՝ ընդհուպ մինչեւ ԵԱՏՄ-ին անդամակցութիւնը պահպանելու կամ ԵՄ-ին միանալու վերաբերեալ Հայաստանում հանրաքւէի անցկացումը»։
Ինչ վերաբերում է տնտեսական հաշւարկներին, ապա այստեղ բաւական ծանր պատկեր է ներկայացւում։ Հայաստանի ՀՆԱ-ի հնարաւոր անկումը գնահատւում է 15,6% կամ շուրջ 4,6 մլրդ ԱՄՆ դոլար, գնաճի յաւելեալ աճը՝ 14,9%, իսկ սպառման կրճատումը՝ 14,6%։
Կանխատեսւում է ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառութեան կրճատում 55,6%-ով, այդ թւում արտահանման՝ 65,8%-ով։ Առաւել մեծ հարւած կարող են ստանալ գիւղատնտեսութիւնը, սննդարդիւնաբերութիւնը, ալկոհոլային արտադրանքը եւ թեթեւ արդիւնաբերութիւնը։ Սրանք այն ոլորտներն են, որոնց համար ռուսաստանեան շուկան տարիների ընթացքում դարձել է իրացման հիմնական ուղղութիւններից մէկը։
Առանձին ուշադրութեան է արժանի էներգետիկ բաղադրիչը։
Զեկոյցում դիտարկւում է ռուսական գազի գնի բարձրացում ներկայիս 177,5-ից մինչեւ 300 ԱՄՆ դոլար՝ 1000 խմ-ի դիմաց։ Գրեթէ 69% աճ։ Բնականաբար, նման փոփոխութիւնը կազդի էլեկտրաէներգիայի արտադրութեան ծախսերի, արդիւնաբերութեան մրցունակութեան եւ ընդհանուր գնաճային միջավայրի վրայ։
Սակայն կայ էական հանգամանք, որը հաշւի չեն առել զեկոյցի հեղինակները: Գազի մատակարարման պայմանները որոշւում են նաեւ հայ-ռուսական երկկողմ պայմանագրերով։ Հետեւաբար ԵԱՏՄ անդամակցութեան կասեցումն ինքնաբերաբար չի ենթադրում գնի վերանայում։ Ուստի, փաստաթղթում նման սցենարի ներառումը կարելի է գնահատել որպէս քաղաքական ազդակ:
Զգայուն է նաեւ աշխատանքային միգրացիայի խնդիրը։ ԵԱՏՄ երկրներում աշխատող ՀՀ քաղաքացիները կարող են զրկւել գործող արտօնեալ ռեժիմից, բախւել աշխատանքի թոյլտւութիւնների, սոցիալական ապահովութեան եւ հարկման նոր պայմանների։ Զեկոյցում կանխատեսւում է նաեւ ԵԱՏՄ երկրներից Հայաստան կատարւող դրամական փոխանցումների կրճատում շուրջ 3,95-ից մինչեւ 1,85 մլրդ ԱՄՆ դոլար։
(Այստեղ, սակայն, բանկային փոխանցումների ընդհանուր ծաւալը փաստացի կապւում է աշխատանքային միգրացիայի հետ, մինչդեռ փոխանցումների զգալի մասը կարող է ունենալ այլ տնտեսական ծագում։ Ուստի այս գնահատականը նոյնպէս լրացուցիչ հիմնավորման կարիք ունի):
Եւ, թերեւս, փաստաթղթի ամենահետաքրքիր հատւածը վերաբերում է ԵԱՏՄ միւս անդամների հնարաւոր կորուստներին։
Ըստ հաշւարկների՝ Հայաստանի անդամակցութեան կասեցումը նրանց համար էական տնտեսական խնդիրներ չի առաջացնի։ Ռուսաստանի պարագայում ապրանքների եւ ծառայութիւնների ընդհանուր արտահանման ու ներմուծման կանխատեսւող կրճատումը չի գերազանցում 1%-ը։
Այսպիսով, զեկոյցի քաղաքական ուղերձը բաւական կոշտ է. Հայաստանի նկատմամբ տնտեսական ճնշումը ԵԱՏՄ միւս անդամների համար գրեթէ անցաւ կարող է լինել, մինչդեռ Հայաստանի համար՝ ծանր հարւած»:



