ԻրանՄիջազգայինՔաղաքական

Արաղչի. Իրանի եւ Ռուսաստանի համագործակցութիւնը պատմականօրէն աննախադէպ մակարդակի վրայ է

Թեհրանում կայացել է Իրանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

ԱԳ նախարար Աբբաս Արաղչին յայտարարել է, որ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցութիւնը պատմութեան ընթացքում երբեք այսքան մօտ չի եղել։ Այդ մասին նա գրառում է հրապարակել «X»-ի իր էջում անդրադառնալով նախորդ օրը Թեհրանում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովի հետ կայացած հանդիպմանը։

Արաղչիի փոխանցմամբ հանդիպման ընթացքում քննարկւել են միջազգային եւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ Եւրոպայից մինչեւ Արեւմտեան Ասիա։ Անդրադարձ է եղել Լիբանանին, Պաղեստինին, Ուկրաինային եւ Եմէնին։

Երկու նախարարները նաեւ քննարկել են տնտեսական եւ միջուկային ոլորտներում համագործակցութեան ընդլայնման հարցերը։

Արաղչին հանդիպումը բնութագրել է որպէս ժամանակին կատարւած խորհրդակցութիւն, ընդգծելով Թեհրանի եւ Մոսկւայի միջեւ կապերի ներկայիս մերձեցումը։

Մինչ իրանական ԶԼՄ-ներում սպասում են պաշտօնական հաղորդագրութեան հրապարակմանը ռուսական մամուլը լայն անդրադարձով հրապարակել է որոշ մանրամասներ հանդիպման օրակարգի մասին:

Ռուսական «Ինտերֆաքս» գործակալութեան հաղորդմամբ Լաւրովը հանդիպումից յետոյ լրագրողների հետ մամուլի ասուլիսի ընթացքում նշել է, որ ռուս մասնագէտներն աստիճանաբար վերադառնում են Բուշեհրի ատոմակայան։

Ռուսական կողմի ներկայացրած տւեալներով երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառութիւնն անցեալ տարի աճել է 21 տոկոսով, իսկ 2026 թւականի առաջին ութ ամիսներին՝ աւելի քան 10 տոկոսով։

Մինչ այդ Մոհամմադ Ռեզա Արեֆը յայտարարել էր, որ Ռուսաստանի հետ համագործակցութեան առաջնահերթ ուղղութիւններից են էներգետիկան, խաղաղ միջուկային ոլորտը, արդիւնաբերութիւնը, տրանսպորտային ենթակառուցւածքներն ու գիւղատնտեսութիւնը։ Ռուսական լրատւամիջոցի համաձայն կարեւորւել է նաեւ  «Հիւսիս–Հարաւ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացումը, որը Ռուսաստանին կապում է Պարսից ծոցին եւ Հնդկական ովկիանոսին: 

Լաւրովը յայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցելու Իրանի շուրջ ստեղծւած ճգնաժամի կարգաւորմանը եւ փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութեան հաղորդագրութեան համաձայն կողմերը քննարկել են Մերձաւոր Արեւելքում, Պարսից ծոցի տարածաշրջանում, Հարաւային Կովկասում եւ Կասպից ծովի աւազանում ստեղծւած իրավիճակը։

Արաղչին իր հերթին ընդգծել է, որ տարածաշրջանային խնդիրները պէտք է լուծւեն դիւանագիտական եւ քաղաքական միջոցներով առանց ռազմական գործողութիւնների։ Նա նաեւ կոչ է արել տարածաշրջանի երկրներին համագործակցել անվտանգութեան ընդհանուր համակարգ ձեւաւորելու ուղղութեամբ՝ առանց արտատարածաշրջանային ուժերի ներկայութեան։

Related Articles

Back to top button