Լիլիթ Գալստեան. COP17-ի բնապահպանական օրակարգը հակասում է Ամուլսարի եւ Ծաղկաձորի իրականութեանը

ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը քննադատել է Հայաստանի իշխանութիւնների բնապահպանական քաղաքականութիւնը՝ այն հակադրելով Երեւանում անցկացւող՝ ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանութեան COP17 համաժողովի օրակարգին:
Հոկտեմբերի 19-ին հրապարակւած յօդւածում Լ. Գալստեանը նշել է, որ մինչ համաժողովում քննարկւում են կենսաբազմազանութեան պահպանութեան եւ հանքարդիւնաբերութեան բնապահպանական հետեւանքների նւազեցման հարցերը, կառավարութիւնը յայտարարել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի մասին՝ անտեսելով բնապահպանական կազմակերպութիւնների ու մասնագէտների ահազանգերը։
Լ. Գալստեանը նաեւ խիստ քննադատել է Ծաղկաձորի քաղաքաշինական զարգացումը՝ այն բնութագրելով որպէս քաղաքաշինական աղէտ։ Նրա գնահատմամբ՝ բարձրայարկ շէնքերի անկանոն կառուցապատումը, անտառային տարածքների կորուստն ու պետական վերահսկողութեան բացակայութիւնը վնասում են քաղաքի բնապատկերին եւ պատմական դիմագծին։
Պատգամաւորը մտահոգութիւն է յայտնել նաեւ Հանքաւանի ապագայի վերաբերեալ՝ կանխատեսելով, որ այն կարող է արժանանալ Ծաղկաձորի ճակատագրին։



