ՆԱՏՕ-ի երկրները կը քննարկեն Էստոնիայում կործանիչների հետ կապւած միջադէպը

«ԱԼԻՔ» – ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները սեպտեմբերի 23-ին կը քննարկեն Էստոնիայում կործանիչների հետ կապւած միջադէպը։ Այս մասին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոէլ Բարոն յայտարարել է TF1 հեռուստաալիքի եթերում, հաղորում է 168.am-ը:
«Երեքշաբթի, ՆԱՏՕ-ի դաշնակիցները կը հանդիպեն քաղաքական եւ օպերատիւ արձագանքման միջոցառումները յստակեցնելու համար»,- ասել է արտաքին գործերի նախարարը՝ առանց որեւէ այլ մանրամասներ յայտնելու։
Աւելի վաղ Էստոնիայի վարչապետ Քրիստէն Միխալը յայտարարել էր, որ երկրի իշխանութիւնները Հիւսիսատլանտեան պայմանագրի 4-րդ յօդւածի համաձայն՝ ՆԱՏՕ-ի անդամների հետ խորհրդակցութիւններ են խնդրել ռուսական կործանիչների կողմից իրենց օդային տարածքը ենթադրեալ խախտելու վերաբերեալ։
Էստոնիայի իշխանութիւնները պնդում են, որ սեպտեմբերի 19-ի առաւօտեան Էստոնիայի օդային տարածք են մտել ռուսական երեք ՄիԳ-31 կործանիչ։
Ռուսաստանի պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարել է, որ ռուսական ինքնաթիռնեռը չեն խախտել Էստոնիայի օդային սահմանները։ Նախարարութիւնից յայտնել են, որ երեք ՄիԳ-31-երը պլանային թռիչք են կատարել Կարելիայից դէպի Կալինինգրադի մարզ միջազգային օդային տարածքի կանոնակարգերի խիստ պահպանմամբ, առանց խախտելու այլ պետութիւնների սահմանները։