ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Շիրղոլամի. Հայաստանի ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը Իրանի համար կարմիր գիծ են

Հայաստանում ԻԻՀ դեսպան Շիրղոլամին Երեւանում կայացած «Մտորումներ TRIPP նախագծի շուրջ» փորձագիտական նիստի ընթացքում նշել է, որ նախագծի իրականացման եւ գործառնական մեխանիզմները դեռ ամբողջութեամբ ձեւաւորւած չեն, ուստի այս փուլում դրա հետեւանքների վերաբերեալ կանխակալ դատողութիւնների մասին բարձրաձայնելու անհրաժեշտութիւն չկայ։

Նա ասել է, որ Իրանի համար ընկալելի է Հայաստանի աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը եւ փոխըմբռնման ու հաշւառման մօտեցում ունի դրա նկատմամբ։ Շիրղոլամիի խօսքով՝ Հայաստանը TRIPP-ի միջոցով փորձում է իր աշխարհաքաղաքական բարդ իրավիճակից դուրս գալ եւ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում արտաքին ճնշումները մեղմել՝ ԱՄՆ-ին ներգրաււելով որպէս հաւասարակշռող գործօն եւ անվտանգութեան լրացուցիչ շերտ։ Թէ որքանով այս նախագիծը կը նպաստի այդ նպատակներին, ցոյց կը տայ ժամանակը։

Միաժամանակ դեսպան Շիրղոլամին շեշտել է, որ TRIPP-ի իրականացման մեխանիզմները պէտք է այնպէս կարգաւորւեն, որ չվնասեն Հայաստանի ազգային ինքնիշխանութեանը եւ տարածքային ամբողջականութեանն ու չխոչընդոտեն հայ-իրանական յարաբերութիւններին։ Նա կրկնել է, որ Իրանը «Զանգեզուրի միջանցք»-ին հակադրւել է այն պատճառով, որ այն համարել է Հայաստանի ինքնիշխանութեանը հակասող. «Հայաստանի ազգային ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը Իրանի համար կարմիր գիծ են»։

Շիրղոլամին նշել է նաեւ, որ Իրանը իր մտահոգութիւնները փոխանցել է Հայաստանի կառավարութեանը եւ անհրաժեշտ է համարում TRIPP-ի հարցում երկու երկրների միջեւ համակարգւած հաղորդակցութեան մեխանիզմի ստեղծումը՝ տեղեկութիւնների ու մտահոգութիւնների փոխանակման եւ առկայ մարտահրաւէրների կարգաւորման համար։ Նա միաժամանակ զգուշացրել է, որ Իրանը չի հանդուրժի ԱՄՆ-ի ռազմական ու անվտանգային ներկայութիւնն իր սահմանների հարեւանութեամբ եւ ազգային անվտանգութեան նկատմամբ սպառնալիքի կամ Հայաստանի ինքնիշխանութեան ու տարածքային ամբողջականութեան խախտման դէպքում խոստացել է «իր ժամանակին վճռականօրէն արձագանգել»։

Իրանի դեսպանը նաեւ աջակցութիւն է յայտնել Հայաստանի «Խաղաղութեան խաչմերուկ» նախաձեռնութեանը՝ նշելով, որ Նախիջեւանի տարածքով Իրան–Հայաստան երկաթուղային կապի ստեղծումը նոր հնարաւորութիւններ կը բացի Հայաստանի համար եւ այն կարող է վերածել Պարսից ծոցն ու Հնդկական ովկիանոսը Սեւ ծովին կապող կարեւոր հաղորդակցային հանգոյցի։ Նա կարեւորել է նաեւ Հարաւային Կովկասում տարածաշրջանային համագործակցութիւնը «3+3» ձեւաչափով՝ ընդգծելով, որ Իրանը չի ցանկանում տարածաշրջանը տեսնել գերտէրութիւնների մրցակցութեան ու հակամարտութեան թատերաբեմ։

Related Articles

Back to top button