Վեհափառը շնորհակալութիւն է յայտնել Իրանի իշխանութեանը՝ Հայաստանին ցուցաբերւող զօրակցութեան համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԻԻՀ Իսլամական մշակոյթի եւ հաղորդակցութեան կազմակերպութեան ղեկավար Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխաւորած պատւիրակութեանը։
Հանդիպմանը ներկայ էր նաեւ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին։
Նորին Սրբութիւնը գոհունակութեամբ անդրադարձավ երկու ժողովուրդների փոխյարաբերութիւններին եւ սերտ գործակցութեանը, որոնք դրսեւորւում են նաեւ այսօր՝ մեր ժողովրդի համար դժւարին ժամանակներում։ Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր մտահոգութիւններն արտայայտեց Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրւող զիջումների եւ ինքնիշխան տարածքների նկատմամբ շարունակւող ոտնձգութիւնների առնչութեամբ, որոնք խոչնդոտում են տարածաշրջանում կայուն խաղաղութեան ու անվտանգային միջավայրի հաստատման գործընթացներին։ Հայոց Հովւապետը խօսեց նաեւ արցախահայութեան արդար իրաւունքների պաշտպանութեան կարեւորութեան եւ Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան պահպանութեան խնդիրների մասին։
Անդրադարձ կատարելով ԻԻՀ դեսպանատան մշակոյթի կենտրոնի՝ Մայր Աթոռի հետ համատեղ իրականացրած միջոցառումներին՝ Նորին Սրբութիւնը կարեւոր նկատեց մշակոյթների եւ կրօնների միջեւ երկխօսութիւնը, ինչը նպաստում է ժողովուրդների միջեւ համերաշխութեան ձեւաւորմանը եւ խաղաղ գոյակցութեանը:
Վեհափառ Հայրապետն ի դէմս Մեհդի Իմանիփուրի շնորհակալութիւն յայտնեց Իրանի իշխանութիւններին Հայաստանին ցուցաբերւող զօրակցութեան համար՝ մեծապէս գնահատելով նաեւ Իրանում հայկական հոգեւոր-մշակութային արժէքների եւ հայ համայնքի նկատմամբ դրսեւորւող հոգատար վերաբերմունքը:
Իր հերթին Մոհամմադ Մեհդի Իմանիփուրը Հայոց Հայրապետին ներկայացրեց երկու երկրների միջեւ կրթական, մշակութային կապերի ամրապնդմանն ուղղւած ծրագրերը։
Իսլամական մշակոյթի եւ հաղորդակցութեան կազմակերպութեան ղեկավարը վստահութիւն յայտնեց, որ կրօնների միջեւ երկխօսութիւնն ու համագործակցութիւնը կարեւոր խթան կը հանդիսանայ ժողովուրդների փոխճանաչողութեան, բարեկամութեան ամրապնդման եւ տարածաշրջանում առկայ մարտահրաւէրների յաղթահարման գործում: